September-17 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աստված լսում է քեզ Երկնքից…

Աստված լսում է քեզ Երկնքից…

Ի՞նչ ես անում, երբ սիրտդ լցվում է տրտմությամբ և պատվում վշտով: Ի՞նչ ես անում, երբ հեռուստացույցի լուրերն ու աշխարհի իրադարձությունները վախ են սերմանում քո շրջապատի մարդկանց սրտերում: Ի՞նչ ես անում, երբ հենց քո կյանքի իրավիճակներն ու իրադարձությունները միայն մութ ու խավար երանգներ են ունենում:

Սիրելի՛ բարեկամ, կյանքում կարող են լինել իրավիճակներ, որոնք հաղթահարելը մեր ուժերից վեր է թվում։ Եվ հենց այդ ժամանակ է, որ մենք ասես զգում ենք, թե ինչպես են վախերն ու կասկածները ներս սողոսկում մեր սրտի դռներով։ Այդ ժամանակ միայն մեկ բան կարող ենք անել․․․ և դա չպետք է անենք մնացած ամեն բան փորձելուց հետո։ 

Նման իրավիճակներում մենք պետք է կանչենք մեր Տեր Աստծու անունը: Դա նշանակում է աղոթել Նրան, փնտրել Նրան և օգնության համար հե՛նց դեպի Նա աղաղակել:

Աստված անտարբեր չէ այն դժվարին իրավիճակների հանդեպ, որոնցով անցնում ենք։ Ընդհակառակը՝ Նրա ականջները բաց են լսելու Իր զավակներին, և Նրա զորավոր ձեռքը պատրաստ է միջամտելու և օգնելու նրանց:

Սակայն այս ամենն իրականություն դարձնելու համար կա պայման։ Աստվածաշնչում կարդում ենք Տեր Աստծու հետևյալ խոսքերը․ «Եթե Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, Իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ Ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը» (Բ Մնացորդաց 7.14):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե միա՜յն ուշադիր լինես այս խոսքերի հանդեպ և բավարարես դրանցում ամփոփված պայմանները, ապա Աստված կլսի քո աղաղակը, կարձագանքի քո աղոթքներին և գերբնական միջամտությամբ կշտկի քո իրավիճակներն ու կբժշկի քո վերքերը։ Աստված երբե՛ք չի լքում արդարության ու սրբության ճանապարհին կանգնած Իր զավակներին։

Խոնարհվի՛ր Նրա հզոր ձեռքի տակ, ընդունի՛ր քո անկատար լինելը, ձգտի՛ր ապրել Նրա կամքի համաձայն և նաև հավատա՛ Նրա ամենակարողությանը: Եթե ինչ-որ մեկն ի զորու է միջամտելու և օգնելու քեզ, դա միայն Տերը կարող է լինել:

Աստված փափագում է լսել քեզ Երկնքից, տեսնել քո ապաշխարությունը, ներել ու բժշկել քեզ, քո սիրելիներին և մեր երկիրը։

Երբ գալիս են այդ դժվարին ժամանակները, քո ամբողջ սրտով և ողջ զորությամբ փնտրի՛ր Աստծուն:

Այսօր մտի՛ր Նրա ներկայության մեջ և խոնարհաբար դիմի՛ր Նրան՝ անկեղծորեն զրուցելով քո երկնային Հոր հետ քո կյանքի դժվարությունների մասին։ Նա սպասում է քեզ․․․

Նա հավատարիմ է։ Իմ և քո օգնությունը Տիրոջից է։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: