September-11

Գլխավոր | Հրաշքներ | Ողջամտությունը հեռացնում է վախը

Ողջամտությունը հեռացնում է վախը

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատքը պետք է ողջամիտ լինի» վերնագիրը։ Նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ հավատքի ողջամտությունը մեծ կարևորություն է ունենալու հատկապես վերջին ժամանակներում, քանի որ անաստվածության ու անբարո կյանքի խորհրդանիշ վերջին ժամանակների Բաբելոնը փորձելու է բոլոր մարդկանց արբեցնել իր անառակության ու անաստվածության ապրելակերպի քարոզչությամբ։ 

Սիրելի՛ բարեկամ, այո՛, հավատքը պետք է ողջամիտ լինի։ Աստվածաշունչը շեշտադրում է այն հատկապես վերջին օրերի համատեքստում։ Որքան մենք մոտենում ենք Քրիստոսի վերադարձի փառավոր իրողությանը, այնքան հրատապ է դառնում Քրիստոսի Եկեղեցու՝ իրական ու ճշմարիտ քրիստոնյաների ողջամիտ ու խոհեմ հավատք ունենալու կարևորությունը։

Վերջին ժամանակներում անառակ Բաբելոնին հակառակ գործող ուժի մյուս բևեռը նույնպես չարի մարմնավորումն է լինելու։ Սակայն, ի տարբերություն անաստվածության քարոզիչ Բաբելոնի, հակաքրիստոսի առաջնորդության ներքո կազմավորվելիք այդ աշխարհակարգը հանդես է գալու կրոնավորության շղարշի ներքո։ Եվ ժողովուրդներին մոլորեցնելու գործում հատուկ դերակատարում է վերապահվելու սուտ մարգարեին, որն ամեն բան անելու է, որպեսզի հրաշքներով, նշաններով և աստվածապաշտության կերպարանքով ներկայանալով՝ գողանա մարդկանց ողջամտությունն ու մղի նրանց երկրպագելու գազանին։

«Տեսա մի ուրիշ գազանի, որ ելնում էր երկրից. նա գառան նման երկու եղջյուր ուներ, բայց վիշապի պես էր խոսում։ Նա առաջին գազանի ամբողջ իշխանությունը գործադրում էր նրա առջև ու երկիրն ու նրա բնակիչներին երկրպագել էր տալիս առաջին գազանին, որի մահացու վերքն առողջացել էր։ Եվ մեծ նշաններ էր գործում. երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա՝ մարդկանց առաջ։ Մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ նրան էին տրվել գործելու գազանի առաջ՝ ասելով երկրի բնակիչներին, որ պատրաստեն ա՛յն գազանի պատկերը, որ սրի վերք ուներ և ապրեց» (Հայտնություն 13․11-14):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, չարի ամենազորեղ զենքերից են ստությունն ու վախը։ Եվ այս երկուսից էլ հնարավոր է պաշտպանվել, եթե մենք մնանք ողջամիտ հավատքի մեջ։ Ողջամիտ հավատքը հոգևոր իրողությունների հստակ ու սթափ գիտակցումն է։

Ողջամիտ հավատքը այն հավատքն է, որը Տեր Հիսուսի նման միշտ ասում է՝ գրվա՛ծ է։ Ես մերժում եմ բոլոր վախերն ու գայթակղությունները, քանի որ գրվա՛ծ է․․․ Ես չեմ հետևելու հրաշքներ ու բժշկություններ գործողներին, եթե նրանց քարոզածն ու ապրելակերպը չեն համապատասխանում Աստվածաշնչին, քանի որ գրվա՛ծ է․․․ Ես մերժում եմ ամեն տեսակի կրոնավորությունն ու իմ հետաքրքրասիրության մղումները, քանի որ գրվա՛ծ է․․․ Որտե՞ղ է գրված։ Անշուշտ` Աստվածաշնչում։ 

Եթե ողջ աշխարհն էլ դեմ դուրս գա Քրիստոսի Խոսքը հարգող և Նրա կամքին հնազանդության փափագով ապրող մարդկանց, ողջամիտ հավատք ունեցող մարդիկ երբե՛ք չեն մոլորվի և, վախից ու սարսափից մղված, փոխզիջումների չեն գնա Աստծու Խոսքի սկզբունքների հարցում։ Մենք մեր միտքը պետք է սթափ պահենք, քանի որ «Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության․․»։ Սրանք Պողոս առաքյալի խոսքերն են Տիմոթեոսին, որոնք ունեն նաև շարունակություն․ «Ուրեմն մեր Տիրոջը վկայելը ամոթ մի՛ համարիր, ոչ էլ ինձ, որ Նրա համար եմ շղթայված, այլ Աստծու զորությամբ չարչարակի՛ց եղիր Ավետարանի համար» (Բ Տիմոթեոսին 1.7-8):

Ողջամիտ հավատքը օգնում է խուսափել մոլորեցնող քարոզիչների ծուղակներից, անգամ եթե նրանք աստվածապաշտության կերպարանք ունեն և բազում հրաշքներ ու նշաններ են գործում։ Ողջամիտ հավատքը մեզ ուժ է տալիս հաղթահարելու վախը և պատրաստ լինելու Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի համար անգամ չարչարանքներով անցնելու օրհնյալ ընթացքին, քանի որ մենք՝ Քրիստոսի աշակերտներս, հավատում ենք Աստվածաշնչում գրված ճշմարտություններին։

«Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմեացիս 8․31):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: