August-30 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Քամի ցանես, փոթորիկ կհնձես

Քամի ցանես, փոթորիկ կհնձես

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից» անվանումը։ Այսօրվա ասացվածքը, որը մեր ժողովուրդը վերցրել է հոգևոր աշխարհի իրողությունները բացահայտող միակ վստահելի աղբյուր Աստվածաշնչից, հետևյալն է՝ «Քամի ցանես, փոթորիկ կհնձես»։

Սիրելի՛ բարեկամ, մենք արդեն անդրադարձել ենք ցանելու և հնձելու հոգևոր օրենքին։ Մարդն իր կյանքում հնձում է այն, ինչը ցանում է մյուսների կյանքում։ Սակայն այսօրվա աստվածաշնչյան ճշմարտությունը, որը վերածվել է ժողովրդական ասացվածքի, մեզ հուշում է, որ մենք հնձում ենք մեր ցանածը բազմապատիկ կերպով։ Սա կարող է օրհնություն լինել, եթե մենք բարի սերմեր ենք ցանել, և կարող է Աստծու իրական պատիժը լինել մարդու կյանքում, եթե ցանված սերմերը չարիքի ու ատելության սերմեր են եղել։

«Որովհետև քամի սերմանեցին, մրրիկ պիտի հնձեն․․․» (Ովսեե 8․7):

Ինչպես հողն է ընդունում սերմը և աճեցնում ու բազմապատկում, այնպես մեր վերաբերմունքն ու արարքները մարդկանց հանդեպ սերմեր են, որոնք սերմանվում են հոգևոր աշխարհում և բազմապատիկ կերպով վերադառնում մեզ։ Քամի ցանես՝  փոթորիկ կհնձես։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, որքա՜ն ուշադիր և որքա՜ն զգուշավոր մենք պետք է լինենք մարդկանց և Աստծու հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Չէ՞ որ այն ամենը, ինչը ցանում ենք, բազմապատիկ կերպով վերադառնալու է մեզ։ Երբեմն մենք մոռանում ենք հոգևոր օրենքների անշրջելիության մասին և գործում ենք այնպես, ասես ոչ ոք չի տեսնում և ոչինչ չի պատահի մեզ, եթե անգամ դեմ գնանք Աստծու կամքին և գործենք այնպես, ինչպես մե՛նք ենք ճիշտ գտնում։ 

«Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։ Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է» (Կողոսացիս 3․12-14):

Աղոթում եմ, որ դու այսօր սկսես ցանել գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն և մարդկանց ներես ու համբերես նրանց սխալ վերաբերմունքը քո հանդեպ։ Ինչպիսի՜ հրաշալի սերմեր կլինեն դրանք, և ինչպիսի՜ ցնծություն կլինի քո կյանքում, երբ հնձես դրանք բազմապատիկ կերպով։ 

Մեր գործերը, վարքագիծն ու վերաբերմունքը պետք է բխեն սիրո շարժառիթից։ Այդ ժամանակ մեր կյանքը կլինի հե՛նց այնպիսին, ինչպիսին Աստված է նախատեսել։ Իսկ Աստված միայն բարիքի ծրագրեր ունի քեզ համար։ Կարևորագույն հարցը վերաբերում է մեր ցանած սերմերի որակին՝ բարի՞, թե՞ չար սերմեր ենք ցանում։ Եվ աղոթում եմ, որ երբե՛ք չմոռանանք, որ մեր ցանածը հնձելու ենք բազմապատիկ կերպով, եթե չապաշխարենք մեր ցանած չար սերմերի համար և չսկսենք փոխարենը բարի սերմեր ցանել մեր երկրային կյանքի մնացած ժամանակահատվածում։ 

«Լվացվե՛ք, մաքրվե՛ք, հեռացրե՛ք ձեր չար արարքներն Իմ աչքերի առջևից, դադարե՛ք չարիք գործելուց։ Սովորե՛ք բարություն անել, իրավունքի՛ն հետամուտ եղեք, հանդիմանե՛ք հարստահարողին, արդար դա՛տ արեք որբին, պաշտպանե՛ք որբևայրու դատը։ Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան» (Եսայիա 1․16-18):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: