Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Լավագույն մաղթանքը» անվանումը։ Ընթերցե՛նք Բ Կորնթացիս 13․13 խոսքում տեղ գտած մաղթանքը, որի շուրջ կառուցված են այսօրվա և վաղվա ուղերձները, որը կլինի այս շարքի վերջին ուղերձը․ «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն» (Բ Կորնթացիս 13․13):
Սիրելի՛ բարեկամ, նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք Սուրբ Հոգու հետ հաղորդության հրաշք օրհնության մասին, որը Պողոս առաքյալը մեզ է փոխանցում՝ որպես լավագույն մաղթանքի մաս։ Տեր Հիսուսը խոստացավ, որ Իրեն հավատացողների և Իր պատվիրանները պահողների համար հատուկ խնդրելու է Հորը, որպեսզի Սուրբ Հոգին ուղարկի նրանց հետ լինելու և նրանց մեջ բնակվելու համար (տե՛ս Հովհաննես 14․15-17 հատվածը):
Տերը նաև ասաց, որ ամեն ոք, ով ծարավ է Հոգու հետ հարաբերությանն ու Նրանով լցվելուն, կարող է գալ Իր մոտ ու ազատորեն խմել ու լցվել Հոգով։ Տեր Հիսուսը Սուրբ Հոգով լցվելը համեմատում էր ջուր խմելու հետ։ Նա բառացիորեն ասում էր, որ Իր մոտ գալը նշանակում է հավատալ Իր խոսքերին, իսկ Սուրբ Հոգով լցվելու արդյունքը մյուսների համար կենդանի ջրերի աղբյուր դառնալն է։ Սուրբ Հոգով լեցուն մարդը միջոց է դառնում, որպեսզի մյուս մարդիկ ճաշակեն Սուրբ Հոգու՝ կյանք տվող ներկայությունը այդ մարդու ապրած կյանքով ու ծառայությունով (տե՛ս Հովհաննես 7․37-39 հատվածը):
Սուրբ Հոգով լցվելը առաջարկ կամ խորհուրդ չէ։ Կենդանի ջրերի աղբյուր դառնալը Տեր Հիսուսին հավատալու բնական արդյունքն է։ Եթե դու հավատում ես Տեր Հիսուսին՝ Նրա կատարած փրկարար գործին և Գողգոթայի խաչի զոհին ու հարությանը, ինչպես նաև Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքներին ու ճշմարտություններին, որոնք գրված են Աստվածաշնչում, ապա դու անպայման լցվելու ես Սուրբ Հոգով և դառնալու ես կենդանի ջրերի աղբյուր մյուս մարդկանց համար։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, թե ինչը կարող է խանգարել Սուրբ Հոգու լեցունությանը մեր կյանքում և թե ինչը կարող է նպաստել այդ օրհնյալ լեցունությանը։ Ամեն բան կախված է մեր կայացրած որոշումներից ու մեր վարքագծից։ Հոգու լեցունությունը անմիջական կապ ունի Աստծու կամքի հանդեպ մեր վերաբերմունքի հետ։ Եթե մենք գնում ենք մեր ցանկությունների հետևից, ապա դատարկվում ենք ու կորցնում Սուրբ Հոգու ներկայությունը։ Իսկ եթե մենք փափագում ենք հնազանդվել Աստծու կամքին, ու դա դրսևորվում է մեր վարքագծի ու որոշումների մեջ, մենք ավելի ու ավելի ենք լցվում Աստծու Սուրբ Հոգով։
«Արդ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր վարքին. վարվե՛ք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների. ճի՛շտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե որն է Տիրոջ կամքը։ Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք։ Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։ Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը» (Եփեսացիս 5․15-20):
Տեր Աստծուն փառաբանելը, Նրան օրհներգելը, գոհությունն ու սրբության կյանքին փափագելով ապրելը ապահովում է Հոգու լեցունությունը, ինչի արդյունքն էլ լինում են զորությունն ու իմաստությունը, որոնց շնորհիվ մարդը կարողանում է ապրել Տեր Աստծու կամքին հնազանդության այն կյանքով, որով փափագում է ապրել։ Իսկ դու ունե՞ս հաղորդություն Աստծու Սուրբ Հոգու հետ։ Դու լցվո՞ւմ ես Հոգով ամեն օր, թե՞ կյանքդ ավելի շատ նման է չորացած ու ցամաք մի անապատի․․․
«Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը