Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Լավագույն մաղթանքը» անվանումը։ Ընթերցե՛նք Բ Կորնթացիս 13․13 խոսքում տեղ գտած մաղթանքը, որի շուրջ կառուցված են այսօրվա և առաջիկա օրերի ուղերձները․ «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն» (Բ Կորնթացիս 13․13):
Սիրելի՛ բարեկամ, երբևէ մտածե՞լ ես, թե ի՛նչ է մարդուն տալիս հայրական սերը։ Ես շատերին եմ ճանաչում, որ դժվարանում են այս հարցին պատասխանել, քանի որ մեծացել են առանց հայրական սիրո ու հոգատարության մշտական դրսևորումների։ Սակայն նման մարդկանց, ինչպես նաև նաև հայրական սիրո մասին բարի ու դրական հիշողություններ ունեցողների համար Աստված առաջարկում է Իր հայրական սերը, որը գործում է ո՛չ միայն մարդու մանկության տարիներին, այլ մշտապես՝ մինչև մարդու երկրային գոյության վերջին ակնթարթը։
Մարդու հանդեպ Տեր Աստծու հայրական սերն իր մեջ ներառում է աննկարագրելի մի ապահովություն, ամենօրյա խնամք և ջերմագույն հոգատարություն։ Տիեզերքի Արարիչը՝ ամենակարող ու ամենագետ Աստված Իր հայրական խնամքը, հոգատարությունն ու ապահովությունն է առաջարկում բոլոր այն մարդկանց, որոնք կընդունեն Տեր Հիսուս Քրիստոսի գերիշխանությունն իրենց կյանքերում։ Աստված Հայր է միայն Հիսուս Քրիստոսի ուսուցումներն ընդունողներին և Նրա կատարած մեծ զոհաբերությանը հավատացողներին։
«Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց» (Հովհաննես 1․11-13):
Որպեսզի քո կյանքում գործի Պողոս առաքյալի լավագույն մաղթանքը, դու նախ պետք է վերստին ծնունդ ապրես՝ հավատալով և ընդունելով Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա ուսուցումները։ Սակայն Աստծու հայրական սիրո հոգատարության, խնամքի և պաշտպանության դրսևորումները նաև երբեմն խրատի տեսքով են լինում, ինչը մեզ հետ է պահում բազում կործանարար ու մահաբեր վտանգներից։ Սա է իրական հայրական սերը։
«․․․որովհետև Տերն ում սիրում է, խրատում է. պատժում է ամեն զավակի, որին ընդունում է»։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Ո՞ր որդուն հայրը չի խրատում։ Բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորն են մասնակից, ուրեմն խորթ եք և ոչ հարազատ որդիներ։ Մենք ևս, մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով, նրանցից ամաչում էինք. որչա՜փ առավել պետք է հոգիների Հորը հնազանդվենք, որ ապրենք։ Որովհետև սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, բայց Նա՝ մեր օգուտի համար, որպեսզի Նրա սրբությանը հաղորդակից լինենք։ Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս» (Եբրայեցիս 12․6-11):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Աստծու հայրական հոգատարության մաս են կազմում նաև Նրա խրատները, որոնց նպատակը քեզ Նրա սրբությանը հաղորդակից դարձնելն է։ Սրբության կյանքը մեր ապահովությունն է։ Սրբության կյանքը մեզ պահում է Հայր Աստծու ապահովության տիրույթում։ Սրբության կյանքը Աստծու կամքն է մեզ համար (տե՛ս Ա Թեսաղոնիկեցիս 4․3 խոսքը)։
Հայր Աստծու սերը անպատմելի ու սքանչելի մի սեր է։ Այն մեզ ապահովություն և որդիական վստահություն է փոխանցում։ Իսկ դու ընդունե՞լ ես Տեր Հիսուսին՝ որպես քո կյանքի Տեր և Թագավոր։ Դու նվիրվե՞լ ես Նրա կամքը այս երկրի վրա կատարելու և Նրա պատվիրաններին հնազանդվելու ընթացքին։ Դու վայելո՞ւմ ես Հայր Աստծու սերը՝ Նրա հոգատարությունը, պաշտպանությունն ու խրատները քո կյանքում։ «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը