July-5 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Երկյուղի և ապաշխարության բացած դուռը

Երկյուղի և ապաշխարության բացած դուռը

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Երեկվա ուղերձի մեջ մենք տեսանք, որ տերերի Տեր և թագավորների Թագավոր ամենակարող Տերը թակում է քո սրտի դուռը և մեծ փափագ ունի քեզ հետ հանդիպելու։ Մենք տեսանք նաև, որ Աստվածաշունչը սովորեցնում է Տեր Աստծու ներկայության մեջ մուտք ունենալու կարևորագույն պայմանի մասին՝ համապատասխան սրբության զարդարանք և սպիտակ ու մաքուր բեհեզ, որ հավատացյալների արդար կյանքն է Տեր Աստծու առջև։

Սիրելի՛ բարեկամ, այսօր միասին քննելու ենք, թե ի՞նչ է նշանակում դուռը բացել Տեր Աստծու առջև և ինչպե՞ս կարող ենք դա անել գործնականում։ Ի՞նչ է նշանակում ընդունել Տեր Հիսուսին և ի՞նչ է նշանակում մերժել Նրան։ Կրկին և կրկին մեր այս հարցերի պատասխանը մենք գտնում ենք ճշմարտության միակ բացարձակ աղբյուր, գրքերի Գիրք Աստվածաշնչում։ 

«Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու» (Հովհաննես 1․11-12):

Տեր Հիսուսին ընդունելն ու մերժելը կապ ունի Նրա ուսուցումների հանդեպ հավատքի կամ թերահավատության հետ։ Ամեն բան շատ պարզ է ու հասարակ։ Հավատո՞ւմ ենք Նրա ուսուցումներին, ուրեմն ընդունում ենք Նրան։ Չե՞նք հավատում կամ կասկածի տա՞կ ենք դնում Նրա պատվիրաններն ու հորդորները, ուրեմն մերժում ենք Նրան։

Տեր Հիսուսը ապաշխարություն և աստվածավախություն էր քարոզում։ Նա ուսուցանում էր մեղքի ահավորության մասին և Տեր Աստծու կամքին հնազանդվելու օրհնությունների մասին։ Նա կենդանի օրինակ եղավ մեզ համար, թե ինչպես կարող ենք հաղթել սատանային ու մերժել նրա գայթակղիչ առաջարկները։ Նա հավատքի կիրառության լավագույն օրինակը դարձավ, երբ ամեն անգամ հոգևոր հաղթանակ էր տանում սատանայի հանդեպ՝ ասելով «Գրվա՛ծ է» խոսքերը։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտություններին։ Չեմ ուզում շտապես այս հարցին քո պատասխանի մեջ։ Ես ոչ թե հարցնում եմ՝ ինչպիսի՞ն պետք է լինի, այլ ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը գործնականում։ Այսինքն՝ արդյոք դու ամբողջ էությամբ փափագո՞ւմ ես ընթերցել կամ լսել Աստվածաշունչը, որպեսզի ծանոթանաս Տեր Հիսուսի ուսուցումներին, թե ինչպե՛ս մենք պետք է վարվենք կյանքի տարբեր իրավիճակներում։

Արդյոք փափագ ունե՞ս ոչ միայն ճանաչելու Նրա ուսուցանած ճշմարտությունները, այլև հնազանդվելու դրանց հավատքով, որպեսզի քո սերը ցույց տաս Իր կյանքը Գողգոթայի խաչի վրա հանուն քեզ զոհած և քեզ անսահման մեծ սիրով սիրող Տիրոջ հանդեպ։ Արդյոք գիտե՞ս, որ քո հոգևոր հանդերձները մաքրվում են, երբ խոստովանում ես Նրան քո սխալները, ապաշխարում և խնդրում, որ քեզ մաքրի ամեն մեղքից ու անիրավությունից։ Արդյոք գիտե՞ս, որ աստվածավախության և ապաշխարության որակները քեզ տանում են Աստծու կամքին հնազանդության կյանքի, ինչն էլ բացում է քո կյանքի դուռը այն թակող Տիրոջ առջև։ Հավատո՞ւմ ես Նրան։

Նա փափագում է քեզ հետ մտերմությանը։ Իսկ դո՞ւ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

#ՔոՀրաշքնԱմենՕր
#ԱրմանՄանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: