June--20

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Աստծու հետ հաշտության բանալին

Տեր Աստծու հետ հաշտության բանալին

Երեկ մենք խոսեցինք այն մասին, թե ո՞րն է այս աշխարհի ամենավտանգավոր վայրը։ Իհարկե, փոխաբերական համեմատությամբ, սակայն ուղիղ հոգևոր իմաստով ամենավտանգավոր վայրը Բարձրյալ Աստծու պաշտպանության և ապահովության ծածկոցից դուրս գտնվելն է։ Մենք խոսեցինք նաև այն մասին, որ Բարձրյալի ծածկոցի տակ հայտնվելու կերպը Նրա հետ հաշտության հարաբերություն ունենալն է։

Սիրելի՛ բարեկամ, իսկ գիտե՞ս արդյոք, թե ո՛րն է Տեր Աստծու հետ հաշտության հարաբերության բանալին։ Կրկին, մի կողմ դնելով մեր մարդկային պատկերացումներն ու տրամաբանությունը՝ փորձենք սովորել այն, ինչն Աստվածաշունչն է մեզ սովորեցնում Տեր Աստծու հետ հաշտության հարաբերություն ունենալու վերաբերյալ։

Հին Կտակարանի ուսուցիչները և մարգարեները ապաշխարություն էին քարոզում։ Նոր Կտակարանում Հովհաննես Մկրտիչը, որ պատրաստում էր Տեր Հիսուսի ճանապարհը, ապաշխարություն էր քարոզում։ Տեր Հիսուսը, երբ սկսեց Իր ծառայությունը, ապաշխարություն էր քարոզում։ Նրա աշակերտները և աշակերտների աշակերտները ապաշխարություն էին քարոզում։ Ի՞նչ է հուշում մեզ ապաշխարության քարոզության այսպիսի շեշտադրությունն Աստվածաշնչում։ 

«Արդ ապաշխարե՛ք ու դարձի՛ եկեք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն, որպեսզի Տիրոջից հանգստյան ժամանակները գան, և Նա ուղարկի վաղօրոք ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին. Նա պետք է մնա երկնքում այնքան ժամանակ, մինչև իրականանա այն ամենը, ինչի մասին Աստված դարեր առաջ խոսեց Իր սուրբ մարգարեների բերանով» (Գործք Առաքելոց 3․19-21):

Տեր Աստծու հետ հաշտության հարաբերություն ունենալու համար մարդը պետք է նախ ապաշխարի։ Ապաշխարել նշանակում է փոխել մտածելակերպը, այլ կերպ մտածել, ընդունել, որ Աստծու կամքին հակառակ ընթանալը և մարդկային պատկերացումներին ու տրամաբանությանը համահունչ ապրելը մեզ հեռացնում է Աստծուց։ Աստվածաշունչը հստակ ասում է, որ այս աշխարհի ընդունված կերպն ու հաճույքները սիրող մարդը ինքն իրեն թշնամի է դարձնում Աստծուն (տե՛ս Հակոբոս 4.4 խոսքը)։

«Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտեսելով, այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք ամեն տեղ ապաշխարի» (Գործք Առաքելոց 17․30):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իրական ապաշխարությունը սկսվում է խոստովանությամբ։ Մարդը պետք է նախ իր ողջ էությամբ հասկանա ու զղջա Աստծու կամքին հակառակ կատարած իր գործերի և Նրա Խոսքին հակասող սկզբունքների համար։ Սա՛ է իրական խոստովանությունը։ Մարդը պետք է խոստովանի Աստծուն իր սխալ լինելը կոնկրետ հարցերում ու մոտեցումներում, որից հետո պետք է որոշում կայացնի հեռանալու այդ մեղքերից և ապրելու Աստծու կամքին հնազանդ կյանքով։

Սակայն իրական ապաշխարությունը չի սահմանափակվում խոստովանությամբ և մեղքերից ու հանցանքներից հեռանալու հաստատուն որոշմամբ։ Իրական ապաշխարության շարունակությունը աշակերտությունն է։ Միայն հոգևոր աճ ունենալու պարագայում է, որ մարդն ամրանում է հավատքի մեջ և իր ապաշխարությունը ապացուցում մեղքի ու գայթակղությունների դեմ պայքարում գրանցած հոգևոր հաղթանակներով։ 

Բարձրյալի ծածկոցն այս տիեզերքի ամենաապահով վայրն է։ Այդ ապահովության ու անվտանգության ծածկոցի տակ հայտնվելու համար դու պետք է նախ հաշտվես Տեր Աստծու հետ։ Մեղքը սիրող կամ արդարացնող մարդիկ․․․, մեղքից չհեռացող և ապաշխարությունը մերժող մարդիկ իրենք իրենց թշնամի են դարձնում Տեր Աստծու համար։ Իսկ եթե դու որոշես կիրառել քո կյանքում խոստովանության, ապաշխարության և հոգևոր աճի աստվածաշնչյան սկզբունքները, ապա քո կյանքը կլցվի Տեր Հիսուսի՝ Իր բոլոր աշակերտներին խոստացած խաղաղությամբ։ 

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14․27):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: