Մենք շարունակում ենք «Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքը» անվանումը կրող ուղերձների շարքը։ Նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ տեսիլքի ձևավորման առաջին քայլը կարիքը նկատելն է։ Սակայն մենք կարող ենք շատ կարիքներ տեսնել, բայց դրանք այդպես էլ չվերածվեն մեր կյանքի ու ծառայության տեսիլքին։ Աստծուն ծառայելու տեսիլքի ձևավորման երկրորդ քայլը տեսած կարիքի ցավը զգալն է։
Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ Աստված մեզ հուշում է Իրեն ծառայելու մեր կանչվածությունը։ Յուրաքանչյուր ծառայություն պետք է հիմնված լինի ոչ թե ցանկության, այլ կարիքի վրա։ Մարդը պետք է նկատի կարիքը և աղոթի, որպեսզի Աստված իմաստություն և կարողություն տա տվյալ ոլորտում օգտակար ու արդյունավետ ծառայություն ունենալու համար։ Իսկ Տեր Աստծու հուշումն այն է, որ Նա Իր կողմից մարդուն տրված կանչվածության շրջանակներում առկա կարիքի հանդեպ խորը ցավ ու անհանգստություն է դնում մարդու սրտում։
Ավելի պարզ ասած՝ դու չես կարողանում հանգիստ ու խաղաղ ապրել, քանի դեռ չես ներգրավվել տվյալ ծառայության մեջ և օգտակար չես դարձել թեկուզ մեկ քայլով կարիքի լրացումը մոտեցնելու կամ տվյալ հոգսը թեթևացնելու գործի մեջ։ Ասվածի հիմնավորումը տեսնենք Նեեմիայի արձագանքի աստվածաշնչյան օրինակով, երբ նա լուր է ստանում Երուսաղեմի պարիսպների քանդված լինելու և ժողովրդի անմխիթար վիճակի մասին։
«Եվ երբ որ այս խոսքերը լսեցի, նստեցի ու լաց եղա և սուգ արեցի մի քանի օր. և ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկնքի Աստծու առջև» (Նեեմիա 1․4):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ իսկ քո տեսած կարիքներից որո՞նք են իրապես ցավ պատճառում քո սրտին։ Ո՞ր կարիքներն են, որ մղում են քեզ աղոթքի ու ծոմապահության, որպեսզի Տեր Աստծուց իմաստություն և ուղղորդում ստանաս քո նկատած խնդիրների լուծման գործում ներգրավվելու և Տեր Աստծուն ծառայելու մեջ արդյունավետ ու պտղաբեր ներդրում ունենալու համար։
Տեր Աստծուն ծառայելը մեծագույն պատիվ ու արտոնություն է, սակայն առանց ծառայության հստակ կարիքի համար ցավ զգալու այդ ծառայությունը լինելու է պարզապես մի գործ, այլ ոչ թե՝ ներդրված կյանք։ Աստված ուզում է, որ մեր ծառայությունն Իրեն լինի մեր սրտի մեծագույն փափագը, իսկ ծառայության պտուղները տեսնելը՝ մեր կյանքի մեծագույն վայելքը։
«Արտաշես թագավորի քսաներորդ տարվա նիսան ամսին եղավ. գինի կար նրա առջև։ Ես վերցրի գինին և տվեցի թագավորին. և ես նրա առջև տրտում չէի եղել։ Եվ թագավորն ասաց ինձ. «Ինչո՞ւ է դեմքդ տրտում, քանի որ դու հիվանդ չես. դա ուրիշ ոչինչ չէ, եթե ոչ սրտի ցավ». ես խիստ վախեցա և ասացի թագավորին. «Արքա՛, հավիտյան ապրի՛ր. ինչո՞ւ չտրտմի իմ երեսը, երբ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է, և նրա դռները կրակից այրվել են» (Նեեմիա 2.1-3):
Աստծուն ծառայելու տեսիլքի ձևավորման երկրորդ քայլը տեսած կարիքի ցավը զգալն է։ Իսկ դու ի՞նչ կարիք ես տեսնում քո շրջապատում, որը քո սրտին մեծ ցավ է պատճառում։ Մենք շատ կարիքներ կարող ենք տեսնել, սակայն դրանցից որոշները կարող են մեզ ստիպել, որ մենք ցավ զգանք ու տառապենք, քանի դեռ խնդիրը լուծված չէ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը