June 4

Գլխավոր | Հրաշքներ | Առաջին քայլը կարիքը տեսնելն է

Առաջին քայլը կարիքը տեսնելն է

Մենք շարունակում ենք «Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքը» անվանումը կրող ուղերձների շարքը։ Աստծուն ծառայելու տեսիլքի ձևավորման և արդյունավետ ու պտղաբեր ծառայության հրաշալի օրինակ է Նեեմիայի կյանքը։ Եվ հենց նրա՛ օրինակով ենք մենք տեսնելու և սովորելու Աստծուն ծառայելու տեսիլքի ձևավորման ընթացքը։

Սիրելի՛ բարեկամ, Տեր Աստծուն ծառայելու տեսիլքի ձևավորման առաջին քայլը մարդկանց կամ Աստծու գործի կարիքը տեսնելն է։ Ամեն բան սկսվում է կարիքը նկատելուց։ Եվ հետաքրքիր է այն, որ Աստված տարբեր մարդկանց տարբեր կարիքներ է ցույց տալիս։ Ես հավատում եմ, որ Տերն է ուղղորդում մեր հոգևոր տեսողությունը հենց ա՛յն կարիքների վրա, որոնց մեջ մենք կանչված ենք ծառայելու Իրեն և Իր գործին։ 

Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու ես հենց դո՛ւ տեսնում տվյալ կարիքը, իսկ մյուսներն ասես չեն նկատում այն։ Ամենայն հավանականությամբ, մյուս մարդիկ էլ Աստծուն ծառայելու այն կարիքներն են նկատում, որոնք դու չես տեսնում։ Ոմանք տեսնում են եկեղեցու այս կամ այն խնդիրն ու կարիքը։ Ոմանք նկատում են իրենց շուրջն ապրող մարդկանց դժվարությունները։ Ոմանք տեսնում են Աստծու Խոսքի՝ անաղարտ ու մաքուր մատուցման կարիքը։ Ոմանք՝ աղոթքի, ոմանք՝ փառաբանության, ոմանք՝ հյուրասիրության ու որոշ միջոցառումների և ծառայությունների կազմակերպման թերությունները․․․

Աստծուն ծառայելու տեսիլքի ձևավորման առաջին քայլը կարիքը տեսնելն է։ Հենց ա՛յս առաջին քայլն էր, որ Նեեմիային մղեց աղոթքի ու Տեր Աստծուց իմաստություն և ուղղորդում փնտրելու, որպեսզի հասկանա իր անելիքն ու գործնական քայլեր ձեռնարկի Տեր Աստծու կողմից Իրեն ծառայելու հանձնարարության իրագործման ուղղությամբ։

«Աքազիայի որդի Նեեմիայի խոսքերը։ Արտաշես թագավորի քսաներորդ տարվա Քասղև ամսին եղավ, երբ ես Շուշան մայրաքաղաքում էի։ Եվ եկան իմ եղբայրներից մեկը՝ Անանին, և մի քանի մարդիկ Հուդայից. և ես հարցրի նրանց ազատված այն հրեաների մասին, որ մնացել էին գերությունից, և Երուսաղեմի մասին։ Եվ նրանք ինձ ասացին. «Այն մնացորդները, որ ազատվեցին գերությունից, այնտեղ՝ գավառում, մեծ նեղության և անարգանքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները քանդված, ու նրա դռները կրակով այրված են»։ Եվ երբ որ այս խոսքերը լսեցի, նստեցի ու լաց եղա և սուգ արեցի մի քանի օր. և ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկնքի Աստծու առջև» (Նեեմիա 1.1-4):

Երուսաղեմի պարիսպների քանդված լինելու մասին Նեեմիային հասած լուրը ցնցեց նրան։ Թեև Նեեմիան Երուսաղեմից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա էր, թեև նա ապահովության մեջ էր՝ որպես թագավորի մատռվակ և ամենավստահելի մարդկանցից մեկը, սակայն Տեր Աստծու հանդեպ հավատն ու իր ժողովրդի հանդեպ սերը նրան մղեցին իր տեսած կարիքն Աստծուն ծառայելու տեսիլք դարձնելուն։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ի՞նչ կարիք ես դո՛ւ տեսնում քո շուրջը։ Գուցե դա որոշակի, հատուկ կարիք ունեցող մարդկանց օգնելն է։ Գուցե եկեղեցու ներսում որևէ ծառայության թերացումը։ Գուցե արդյունավետ ավետարանչության պակասը։ Իսկ գուցե որևէ ծառայողի ծառայության բեռը թեթևացնելու կարիքը․․․ Ի՞նչ կարիք ես դո՛ւ տեսնում քո շրջապատում։

Աստծուն ծառայելու տեսիլքի ձևավորման առաջին քայլը կարիքը տեսնելն է։ Եվ այսօր ես աղոթում եմ, որ Աստծու Սուրբ Հոգին խոսի քո սրտին, որ բացահայտես կանչվածությունդ Աստծու Արքայության գործին ծառայելու հարցում և տեսնես հենց ա՛յն կարիքն ու խնդիրները, որոնց լուծման մեջ Տերն ակնկալում է տեսնել քո նվիրյալ մասնակցությունը։ 

 Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: