May-25 (2)

Գլխավոր | Հրաշքներ | Խոնարհությունը դրսևորվում է հնազանդության մեջ

Խոնարհությունը դրսևորվում է հնազանդության մեջ

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել» անվանումը։ Այսօր խոսելու ենք մարդու կյանքում հավատքի բերած ամենազորեղ օգնություններից մեկի մասին։ Սակայն նախ հիշենք մեր նախորդ ուղերձը և մտաբերենք, թե ո՛րն էր իրական հավատքը կեղծ հավատքից տարբերակող գործոնը։ Այո՛, դա Աստծու կամքի հանդեպ մարդու հնազանդության փափագն էր կամ դրա բացակայությունը։

Սիրելի՛ բարեկամ, Աստված առանձնահատուկ սրտացավ ու հոգատար վերաբերմունք ունի խոնարհ մարդկանց հանդեպ։ Աստծու Խոսքի մեջ յուրահատուկ խոստումներ կան, որոնք վերաբերում են միայն խոնարհության կյանքով ապրող մարդկանց։ Աստված այս երկրի վրա փնտրում է հեզ և խոնարհ մարդկանց, որպեսզի նրանց օգնի այս կյանքի դժվարությունների մեջ, ամրացնի, վերականգնի, զորացնի և գործածի Իր Արքայության գործի համար։

«Այդ բոլորը Իմ ձեռքն է արել, և այդ բոլորը եղել են,- ասում է Տերը։- Ահա թե Ես ո՛ւմ եմ նայում՝ խոնարհին, կոտրած հոգի ունեցողին և Իմ խոսքից դողացողին» (Եսայիա 66․2):

«Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակոբոս 4.6):

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել։ Ես հավատում եմ Աստծու Խոսքին։ Ես հավատում եմ, որ խոնարհությունը ճանապարհ է բացում դեպի Տեր Աստծու հետ իրական մտերմությունը։ Մարդը կարող է կա՛մ լինել խոնարհ, կա՛մ ընթանալ հպարտության ու ամբարտավանության ճանապարհով։ Միջին վիճակ չկա։ Աստվածաշունչն է մարդկանց բաժանում այս երկու խմբերի։ Եվ այս անժխտելի փաստին հավատալն ինձ իրապես օգնում է իմ կյանքի մեջ՝ որոշումներ կայացնելիս և մարդկանց ու Աստծու հանդեպ իմ վերաբերմունքի ձևավորման մեջ։

Աստված խոնարհներին շնորհք է տալիս։ Աստված Իր հայացքն ուղղում է խոնարհների կողմ և առանձնահատուկ կերպով օգնում նրանց իրենց կյանքի դժվարին հանգրվաններում։

Խոնարհ լինելը մեծ դժվարություններ է ստեղծում մարդկանց հետ հարաբերություններում, սակայն մեծ օրհնություն է Տեր Աստծու հետ հարաբերություններում, ինչը փոխհատուցում է այս կյանքի բոլոր դժվարությունները։

Եվ խոնարհ լինելը մեղմ ձայնով խոսելը չէ կամ աչքերը խոնարհաբար գետնին հառելը։ Աստված Ինքն է սահմանում, թե ինչ է խոնարհությունը։ Դա կոտրված հոգին է, որ դողում է Աստծու Խոսքի առաջ։ Խոնարհությունը Տեր Աստծու Խոսքին ու Նրա կամքին հնազանդվելու վճռականությունն է՝ անկախ այդ հնազանդության բերած դժվարությունների ուժգնությունից։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, խոնարհությունը քո հանդեպ վատ վերաբերմունքին լավ վերաբերմունքով արձագանքելն է, քանի որ դա է Աստծու կամքը Իր Խոսքի մեջ։ Եվ սա թուլություն չէ, այլ ուժեղ ու հաստատուն լինելու վճռականություն։

Խոնարհությունը այս աշխարհի գայթակղություններին, մեր մարմնի ու աչքերի սխալ ցանկություններին և ցանկացած մեղքի ու մեղսալի հարաբերություններին Ո՛Չ ասելու պատրաստակամությունն է։ Եվ միայն նվիրյալ ու սկզբունքային մարդիկ են ունակ իրենց հավատքը պահելու մինչև վերջ՝ անկախ առկա մարմնավոր ու հոգևոր ճնշումներից և իրենց շուրջը տիրոջ իրավիճակներից։

Աստված առանձնահատուկ վերաբերմունք և խոստումներ ունի խոնարհության ճանապարհով ընթացողների համար։ Եվ այս հավատքն իրապես օգնում է ինձ իմ կյանքի բոլոր հանգրվաններում և ստեղծված իրավիճակներում։

Իսկ ինչպիսի՞ն է քո մոտեցումը խոնարհությանը։ Ո՞ր հարաբերությունն է քեզ համար առաջնային։ Ո՞ւմ կարծիքը՝ մարդկա՞նց, թե՞ Տեր Աստծու․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: