Աստվածաշնչում բազմաթիվ դրվագների ենք հանդիպում, երբ Աստված խոսում է Իր ժողովրդի հետ Իր մարգարեների միջոցով:
Սիրելի՛ բարեկամ, Եսայիան մարգարեանում էր Տեր Հիսուսի գալստյան մասին, ինչպես նաև այն փրկագնման մասին, որը պետք է տեղի ունենար Եսայիայի կյանքից հարյուրամյակներ անց։ Մարգարեն մեզ տալիս է մի կարևոր տեղեկություն Տեր Հիսուսի մասին. «Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ Հոգին, իմաստության և հանճարի Հոգին, խորհրդի և զորության Հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի Հոգին» (Եսայիա 11․2):
Սա նշանակում է, որ Տեր Հիսուսը շարունակաբար ներշնչվելու էր Սուրբ Հոգուց՝ միշտ զգայուն մնալով Նրա ձայնի և ուղղորդման հանդեպ: Եվ դա հենց այն է, ինչը կարդում ենք ավետարաններում. Երկրի վրա Տեր Հիսուսի յուրաքանչյուր գործողություն ներշնչված և ուղղորդված էր Աստծու Հոգուց:
Իսկ այժմ ամենացնցող ճշմարտությունը․ եթե դու ընդունել ես Քրիստոսին՝ որպես քո կյանքի Տեր և Փրկիչ, եթե հավատացել ես Նրան և որոշում ես կայացրել այլևս չապրելու աշխարհի չափանիշներով, այլ, որպես Քրիստոսի աշակերտ, ընդունել ես Նրա ուսուցանած սկզբունքներն ու դավանած արժեհամակարգը, ապա Աստծու Սուրբ Հոգին նաև քո՛ մեջ է բնակվում (ընթերցի՛ր Ա Կորնթացիս 3.16 խոսքը)։
Սուրբ Հոգու ձայնը կարող է քո ներսում արձագանքել պարզապես լուսավոր մի մտքի տեսքով։ Երբ Սուրբ Հոգին է խոսում, ապա Նա․․․
- Քաջալերում է քեզ:
- Մխիթարում է։
- Իմաստություն է տալիս խնդիրներիդ լուծման և խոչընդոտների հաղթահարման համար։
- Հանդիմանում է քեզ մեղքի համար և մղում սրբության կյանքի։
- Չի ճնշում, այլ ընկած վիճակից ոտքի է կանգնեցնում։
- Մղում է մյուսների հետ հաշտության և սովորեցնում է ներել։
- Դարձնում է քեզ զիջող և սովորեցնում խոնարհության կյանք ապրել։
- Եվ այլ նմանատիպ ուղղորդումներ, որոնք քեզ տանում են դեպի մարդկանց ու ինքդ քեզ հետ խաղաղության, ինչպես նաև Աստծու հետ հաշտության կյանքը։
Ինձ շատ են հարցնում, թե ինչ է Սուրբ Հոգին խոսում ինձ հետ: Սուրբ Հոգու ձայնը երբե՛ք չի ճնշում մարդուն։ Այն ցույց է տալիս ազատության և խաղաղության ուղին։ Անգամ Սուրբ Հոգու հանդիմանություններն իրենց մեջ մխիթարություն և վերականգնում են պարունակում։ Սուրբ Հոգու զգուշացումները երբե՛ք բացասական վախեր ու սարսափներ չեն ծնում։ Դա չարի ուղարկած մտքերն են։ Սուրբ Հոգին կարող է ցույց տալ, որ մենք կործանման ուղու վրա ենք, բայց այդ անելով՝ Նա մեզ Իր հոգատարությունն է ցույց տալիս, քանի որ ուզում է, որ հետ դառնանք դեպի կյանք տանող ճանապարհը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այնքա՜ն հրաշալի կլինի, եթե սովորես ավելի զգայուն, ընկալունակ և ուշադիր լինել Սուրբ Հոգու ձայնի հանդեպ: Նա քո մեջ է բնակվում՝ քեզ շատ մոտ, և ուզում է առաջնորդել քեզ դեպի ուրախության և խաղաղության կյանքը, դեպի հաղթանակներ ու հոգևոր հասունություն, ինչպես նաև ուզում է, որպեսզի դու շրջանցես չարի լարած բոլոր որոգայթներն ու ճանաչես իրական ճշմարտությունն այս կյանքի և Աստծու սիրող ու հոգատար էության մասին։
Ուզում եմ, որ դու այսօր Նրանից «իմաստություն և հասկացողություն, գիտելիք և Տիրոջ երկյուղն» ընդունես։ Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Սուրբ Հոգի, ես բացում եմ իմ սիրտը քո առաջ։ Սովորեցրո՛ւ ինձ մտերմանալ Քեզ հետ, լսել Քո ուղղորդումներն ու հնազանդվել քո առաջնորդությանը։ Սովորեցրո՛ւ ինձ չտրտմեցնել Քեզ, այլ իմ որոշումներով ու արարքներով ուրախացնել Քո սիրտը։ Եվ սովորեցրո՛ւ նաև աղոթքի մեջ լռել, որպեսզի լսեմ Քո քաջալերող ու մխիթարող ձայնը։ Ես ուզում եմ սովորել լսել Քեզ և առաջնորդվել Քո կողմից իմ կյանքի բոլոր բնագավառներում և ցանկացած իրավիճակում: Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը