April-28 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աստված կբժշկի քո ընտանիքը, եթե մնաս Նրա կամքի մեջ

Աստված կբժշկի քո ընտանիքը, եթե մնաս Նրա կամքի մեջ

Աստված բարի է և չի ուզում տեսնել որևէ մեկի տառապանքը։ Մարդուն, թերևս, ամենամեծ ցավը պատճառում են ընտանիքում անառողջ հարաբերություններն ու ամենահարազատների՝ սիրտ խոցող վերաբերմունքը։ Աստված ուզում է բժշկել քո ընտանիքը։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչը կարող է Նրան խանգարել այդ հարցում։ 

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը մի զարմանալի տեսարան է նկարագրում, որտեղ Տեր Հիսուսը կանգնած է դռան հետևում և թակում է այն․ «Ահա Ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն Իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ Ինձ հետ» (Հայտնություն 3:20):

Ինչո՞ւ Տերն ուղղակի չի մտնում ներս և կարգավորում ամեն բան մեր կյանքում։ Մենք հստակ պետք է իմանանք, որ Աստծու գործելուն միայն մեկ բան կարող է խանգարել այս տիեզերքում։ Դա մարդու ազատ կամքն է։ Աստվա՛ծ է մարդուն շնորհել ազատ կամքը և Աստված է Իրեն սահմանափակել մարդու ազատ կամքով։ Նա թակում է։ Եթե մեկը Նրա ձայնը լսի․․․

Իսկ դու լսո՞ւմ ես Նրա ձայնը։ Դու լսո՞ւմ ես Քրիստոսի Հոգու խրատներն ու հանդիմանությունները, երբ քո խոսքերը, գործերն ու վերաբերմունքը հակառակ են Նրա կամքին։ Դու լսո՞ւմ ես Նրա մխիթարությունն ու քաջալերանքը, երբ չարի ուղարկած մտքերը փորձում են քո ներսում անհուսություն, անարժեքություն կամ կասկածներ, վախեր ու տագնապներ ծնել։ 

Դու ամբողջ սրտով փափագո՞ւմ ես քո կենսակերպով ու վարքագծով հաճեցնել Աստծուն և ուրախացնել Նրա սիրտը։ Դու լսո՞ւմ ես Նրա ձայնը։ Նրա կամքին քո հնազանդությամբ դու բացո՞ւմ ես դուռը Նրա առջև, որպեսզի Նա գա քո կյանք և կարգավորի այն, ինչն այս աշխարհը տակնուվրա է արել իր ապականված սկզբունքներով։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված կբժշկի քո ընտանիքը, եթե մնաս Նրա կամքի մեջ։ Քեզ համբերություն է պետք և ամուր հավատք, որպեսզի չթուլանաս Նրա կամքին քո հնազանդության մեջ և չհուսահատվես, երբ աղոթքիդ պատասխանն ուշանում է։ Տեր Հիսուսի ներկայության քաղցրությունը քո կյանքում փոխհատուցելու է այն բոլոր ժամանակավոր դժվարությունները, որոնք կրում ես քո ընտանիքում և ընտանիքի սահմաններից դուրս։ Տերը սիրում է քեզ և ուզում է, որ դու քո հնազանդությամբ ճանապարհ բացես քո կյանքում և քո ընտանիքում Իր զորավոր գործերի համար։

«Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը, Իսրայելի Սուրբը. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ ուսուցանում եմ, ինչ որ օգտակար է, որ քեզ առաջնորդում եմ այն ճանապարհով, որ դու պետք է գնաս։ Երանի՜ ուշադիր լինեիր Իմ հրամաններին. այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլիներ, և քո արդարությունը՝ ծովի ալիքների նման. քո սերունդը կլիներ ավազի նման, և քո երանքից ծնվածները՝ դրա հատիկների չափ. նրանց անունը չէր ջնջվի և չէր բնաջնջվի Իմ առաջ» (Եսայիա 48․17-19):

Աստված կբժշկի քո ընտանիքը, եթե մնաս Նրա կամքի մեջ և ընտանիքի համար սահմանված նպատակի մեջ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: