Չգիտեմ՝ ինչպես է քո պարագայում, բայց ես երբեմն այնպիսի զգացողություն եմ ունենում, որ ասես չեմ համապատասխանում այն «պահանջներին», թե ինչպիսին պետք է լինի Տեր Հիսուսի նվիրյալ աշակերտը: Ես գիտեմ, որ ավելին կարող էի անել, ավելի պտղաբեր դառնալ, ավելի կազմակերպված, ավելի շատ ժամանակ կարող էի անցկացնել Տիրոջ հետ կամ ավելի շատ ուշադրության արժանացնել կարիքի մեջ գտնվող մարդկանց։
Սիրելի՛ բարեկամ, երբ օրս անցնում է, և հետ նայելիս նման զգացողություն եմ ունենում, ապա այդ զգացողությունը կարելի է համեմատել թիրախի նշանակետից վրիպելու հետ։ Դու կարող էիր խոցել թիրախը։ Ոչինչ քեզ չէր խանգարում։ Ընդամենը պետք էր ավելի ուշադիր ու զգոն լինել։ Սակայն, այնուամենայնիվ, դու վրիպեցիր․․․
Իսկ նկատե՞լ ես, որ Տեր Հիսուսի աշակերտները նույնպես, տարօրինակ կերպով, երբեմն «վրիպում էին» ու չէին խոցում իրենց թիրախի նշանակետերը։
Մի անգամ նրանք վիճում էին, թե ով է «իրենց մեջ ամենամեծը»։ Մեկ ուրիշ անգամ Տեր Հիսուսն աշակերտներից երեքին Իր հետ վերցրեց Իր երկրային կյանքի ամենակարևոր պահերից մեկի ժամանակ Իր կողքին լինելու և աղոթքով Իրեն զորավիգ լինելու համար։ Սակայն նրանք աղոթելու փոխարեն քնեցին: Այս երեքի մեջ էր նաև Պետրոսը, որը որոշ ժամանակ անց նաև երեք անգամ ուրացավ Տեր Հիսուսին… Սակայն, այնուամենայնիվ, Տերը նրան վստահեց Իր Եկեղեցու խնամքն ու կարգեց որպես Իր Եկեղեցու առաջնորդ:
Մենք պետք է հասկանանք, որ Քրիստոսի աշակերտը երբեք չի կարող կատարյալ ու անսխալական կյանք և ծառայություն ունենալ։
Աստված Աստվածաշնչում ոչ միայն խոսում է Քրիստոսի աշակերտների հաջողությունների և հոգևոր սխրանքների մասին, այլև բացահայտում նրանց անհաջողությունները, ձախողումներն ու անկումները, որպեսզի 2000 տարի անց մենք նույնպես կարողանանք Տիրոջն ասել այս խոսքերը. «Ես նույնպես սխալվեցի, ձախողվեցի ու ընկա: Ես խոստովանում եմ իմ սխալները Քեզ, իմ Տե՛ր։ Սակայն ես իմ ամբողջ սրտով սիրում եմ Քեզ և ուզում եմ ոտքի կանգնել, դասեր քաղել իմ սխալներից և ավելի նվիրված ու արդյունավետ կերպով ծառայել Քեզ ու Քո Արքայության գործին»:
Մենք կանչված ենք մարդկանց փոխանցելու փրկության Բարի Լուրը։ Սակայն Քրիստոսի նվիրյալ աշակերտների համար նույնպես բարի լուր կա։ Եվ այդ բարի լուրն այն է, որ ոչինչ․․․ բացարձակապես ոչինչ չի կարող մեզ բաժանել Նրա սիրուց: Աստվածաշունչն ասում է…
«(Նա) մինչև վերջ ցույց տվեց Իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են» (Հովհաննես 13:1):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու նույնպես սխալներ ես գործել, ընկել ես քո հոգևոր ընթացքից կամ չես կարողացել համարձակ դավանել Տեր Հիսուսին որոշ մարդկանց առաջ ու ասես Նրան դավաճանած լինես․․․ Եթե մի այնպիսի բան ես արել կամ այնպիսի հոգեվիճակում ես, որ ասես վրիպել ես թիրախի նշանակետից, ապա այսօր ուզում եմ քաջալերել քեզ ու վստահեցնել, որ միայն դու չես նման ապրումներ ունենում։ Քրիստոսի աշակերտները՝ Պետրոսը, Հովհաննեսը, Հակոբոսը և մյուսները, հետագա դարերում շատ հավատքի հերոսներ, ինչպես նաև հավատքի կյանքի մերօրյա նվիրյալներն ունեցել են նման զգացողություններ, սակայն վերականգնվել են և ծառայել Աստծուն ավելի մեծ նվիրումով։
Երբե՛ք չթողնես, որ թշնամին գողանա քեզնից վերականգնվելու քո հույսը: Չնայած մեր բոլոր տկարություններին, Աստված, միևնույնն է, շարունակում է վստահել այն հավատացյալներին, որոնք գիտեն խոստովանության, ապաշխարության և վերականգնման հոգևոր բանալիների մասին: Եվ հատկապես մեր թուլության ու տկարությունների մեջ է, որ Տերը բացահայտում է Իր անսահման ողորմությունն ու անգերազանցելի շնորհքի առատությունը մեր կյանքերում:
Այսօր հատուկ աղոթում եմ քեզ համար, որ այս բժշկարար ճշմարտությունը օգնի քեզ ոտքի կանգնելու և Տիրոջ հետ հարաբերության և Նրան ծառայելու մեջ վերականգնվելու հարցում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը