Պողոս առաքյալը բավականին լավ ծանոթ էր այն տառապանքին ու տանջանքներին, որոնք նրան ուղեկցում էին իր ծառայության տարիների ողջ ընթացքում։ Եկեղեցիներին ուղղված նամակներում նա պատմում է իր ապրած ընթացքի մասին, խոսում է նեղության, տանջանքների, հալածանքի, վտանգի և անգամ՝ մահվան սպառնալիքների մասին։
Եվ, այնուամենայնիվ, այս ամենը թվարկելուց անմիջապես հետո նա խորը համոզմունքով հայտարարում է. «Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք Նրա՛ միջոցով, Ով մեզ սիրեց» (Հռոմեացիս 8.35-37)։
Սիրելի՛ բարեկամ, չնայած այն ամենին, ինչով նա անցնում էր․․․ (եթե միայն կարողանանք պատկերացնել․․․ սովը, ծեծը, վտանգները վայրի գազաններից, մահվան մշտական սպառնալիքները հալածողներից, դավաճանությունն ու հակամարտությունները եկեղեցում լինող սուտ եղբայրներից և այլն)։ Չնայած այդ ամենին՝ Պողոսն իրեն և իր նման հավատարիմ աշակերտներին կոչում էր ավելին, քան հաղթողներ։ Նա գիտեր, որ ինչ էլ պատահի, Տեր Հիսուս Քրիստոսի հետ նա միշտ հաղթող է մնալու։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես չգիտեմ քո կյանքի իրավիճակը, չգիտեմ՝ ինչով ես անցնում քո կյանքի այս ժամանակահատվածում, բայց ինչ տառապանք էլ որ հիմա կրում ես, դու կա՛ս և միշտ հաղթող կլինե՛ս, եթե Տեր Հիսուսը՝ քո Փրկիչը, քեզ հետ է, եթե դու Նրան ես վստահել քո կյանքի ընթացքը և հնազանդ ես Նրա խորհուրդներին ու հրահանգներին։ Նա գնեց քեզ խավարի ստրկության կապանքներից և օրհնեց քեզ հավերժության համար: Եվ ոչինչը՝ ո՛չ մի տառապանք կամ դժվարություն, ո՛չ մի արհավիրք կամ կյանքի սխալ ընթացք երբե՛ք ու երբե՛ք չի կարող բաժանել քեզ Նրա անսահման մեծ սիրուց:
Աստվածաշնչում կարդում ենք Պողոս առաքյալի խոսքերը. «Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է» (Հռոմեացիս 8.35-39)։
Ուզում եմ՝ վստահաբար իմանա՛ս, որ որպես Քրիստոսի աշակերտ՝ դու մի մեծ ընտանիք ունես՝ Նրա Եկեղեցին։ Դու այդ ընտանիքի լիիրավ անդամն ես՝ սպասված և սիրված քո եղբայրների ու քույրերի կողմից։ Եվ մենք՝ Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ այդ ընտանիքին որդեգրվածներս, մի առանձնահատկություն ունենք՝ մենք հաղթողներ ենք և ավելին, քան հաղթողներ մեզ զորացնող Քրիստոսի շնորհիվ։
Այսօր աղոթում եմ քեզ համար, որ ընդունես քո հաղթանակների համար Տիրոջ կողմից պատրաստված շնորհքի զորությունը և բազում հաղթանակների վկայություններ գրես մեզ։ Քո մեծ Ընտանիքը սպասում և ցնծում է քո հաղթանակներով։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը