Մենք շարունակում ենք քրիստոնեական միաբանությանը վերաբերող ուղերձների շարքը։ Այսօր ուզում եմ անդրադառնալ միաբանության գործնական կողմին։ Մենք հստակ գիտենք, որ քրիստոնեական միաբանությունն Աստծու կամքն է Իր բոլոր զավակների համար։ Մենք գիտենք, որ այն օրհնություն է եկեղեցիների և հավատացյալների համար։ Մենք գիտենք, որ իրական քրիստոնյաների անկեղծ միաբանությունը վկայություն է լինելու անհավատ աշխարհին Քրիստոսի իրական լինելու մասին։
Սիրելի՛ բարեկամ, իսկ ի՞նչն է խանգարում իրական քրիստոնեական միաբանությանը։ Չէ՞ որ մենք բոլորս էլ կարող ենք նայել մեր շուրջը և տեսնել, որ այն միաբանությունը, որի համար աղոթում էր Տերը, գրեթե բացակայում է մերօրյա եկեղեցիներում։ Այսօր անդրադառնալու ենք իրական քրիստոնեական միաբանության մի կարևորագույն բաղադրիչի՝ միաբանությունը բխում է միևնույն նպատակի համար ապրելուց։
«Մի՞թե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն» (Ամովս 3․3):
Ո՛չ մի եկեղեցի և ո՛չ մի ծառայող ու հավատացյալ չեն կարող միաբանվել իրական քրիստոնեական միաբանությամբ, եթե նրանք հստակ չեն գիտակցում Եկեղեցու առաքելության առաջնահերթությունը։
Իրավաբանության մեջ գոյություն ունի «գերակա շահ» հասկացությունը։ Այս շահը վեր է բոլոր մյուս շահերից։ Գերակա շահի առկայությունն անգամ հիմք է որոշ օրենքների չեղարկման համար։ Իսկ ո՞րն է եկեղեցիների ու հավատացյալների գերակա շահը, հանուն որի կարելի է մի կողմ դնել բոլոր տարաձայնություններն ու երկրորդական տարբերությունները և միաբանվել իրական քրիստոնեական միաբանությամբ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եկեղեցիներն ու հոգևոր ծառայողները կարող են տարբեր նպատակներ հետապնդել։ Ոմանք ձգտում են մենաշնորհների, ոմանք անհագստացած են իրենց անդամների թվով և հավաքագրված ֆինանսների չափով, ոմանք ամեն բան անում են, որ իրենց հեղինակությունն ավելանա ու սահմաններն ընդլայնվեն։ Շահերն ու նպատակները կարող են տարբեր լինել։
Սակայն յուրաքանչյուր ճշմարիտ եկեղեցու գերակա շահը պետք է լինի Աստծու Արքայության շահը, որը Տեր Հիսուսի երկրային առաքելության հիմքն էր․ «․․․որովհետև Մարդու Որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու» (Ղուկաս 19.10):
Եթե մենք չմիավորվենք կորածին փնտրելու և փրկելու առաքելության շուրջ, մենք չենք կարող լինել միաբան։ Դա անհնարին է։ Եթե մեր նպատակը մեր եկեղեցին է, այլ ոչ թե Աստծու Արքայությունը, եթե մենք Աստծու Արքայությունը սահմանափակում ենք միայն մեր եկեղեցով, ապա չենք կարող միաբան լինել Տեր Աստծու մյուս զավակների հետ։ Եթե մենք չհամաձայնենք, որ ցանկացած եկեղեցու համար չկա՛ և չի՛ կարող լինել ավելի կարևոր բան, քան Տեր Հիսուսի Մեծ Հանձնարարականի իրագործումը, ապա ինչպե՞ս կարող ենք միասին ճանապարհ գնալ։
Իրական քրիստոնեական միաբանության հիմքում նպատակների և առաջնահերթությունների համահունչ լինելն է։ Մենք պետք է միավորվենք հանուն Ավետարանը մարդկանց հասցնելու հանձնարարականի։ Մենք պետք է միաբանվենք, քանի որ նույն նպատակի համար ենք ապրում, ունենք նույն Տերը, որը նույն հանձնարարությունն է տվել մեզ, և նույն բանակի մեջ ենք, որը պատերազմում է այն թշնամու դեմ, որը բոլորիս թշնամին է։
Մենք միաբան կլինենք, եթե համաձայն լինենք իրար հետ եկեղեցու առաքելության, առաջնահերթությունների և Տիրոջից ստացած Մեծ Հանձնարարականի իրագործման կարևորության հարցերում։
«Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։ (Մատթեոս 28.19-20):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը