March-27 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Ապաշխարության ու ներման հրաշքը

Ապաշխարության ու ներման հրաշքը

Այս աշխարհում ամեն չար բան մեղքի հետևանք է։ Աստված աշխարհը բարի է ստեղծել, սակայն մարդու անհնազանդության պատճառով մեղքն իր հետ այս աշխարհ բերեց ողջ չարիքը, տառապանքն ու մահը։ Սակայն Արարիչ Տերը Իր անսահման մեծ սիրո ու ողորմության շնորհիվ ելք պատրաստեց մարդկության համար, որն Իր համար շատ ցավոտ ու տառապալի մի ելք էր, իսկ մեզ համար՝ փրկության միակ ճանապարհը․․․

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ Հիսուս անունը թարգմանաբար հենց Փրկիչ է նշանակում։ Աստված մարմնով հայտնվեց, որպեսզի մարդկանց փրկի ու ազատի իրենց մեղքերից (տե՛ս Մատթեոս 1.21 խոսքը)։ Իսկ ինչպե՞ս է Նա ազատում մարդուն իր մեղքերից ու մեղքի հետևանք մահից ու տառապանքից։ 

«Եվ նրանց ասաց. «Գրված է. այսպես պետք է Քրիստոսը չարչարվեր ու երրորդ օրը մեռելներից հարություն առներ, և Նրա անունով, Երուսաղեմից սկսած, բոլոր ազգերի մեջ ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր» (Ղուկաս 24․46-47):

Քրիստոսի խաչելության չարչարանքները, Նրա մահը և հարությունն են այն միջոցը, որն ապաշխարողների համար մեղքերի թողության հիմք է դառնում։ Այսօր ամբողջ աշխարհով մեկ Քրիստոսի անունով ապաշխարություն և մեղքերի թողություն է քարոզվում։  

Միայն պատկերացրու ապաշխարության և ներման հրաշքը։ Մարդու գործած մեղքերը ծանրանում են նրա սրտի ու հոգու վրա։ Դժվար է ապրել մեղքերի ծանրության տակ կքված։ Մեր հոգին չի կարող վայելել Տեր Աստծու իրական խաղաղությունն ու Նրա պարգևած ուրախությունը, քանի որ առանց ապաշխարության ու ներման մեզ սպասում է հավիտենական տանջանքի ու տառապանքի ճակատագիրը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ուզում է, որ դու ամեն բան սկսես մաքուր էջից։ Նա ուզում է ներել քո բոլոր մեղքերը և մաքրել ու սրբել քեզ քո բոլոր անօրինություններից։ Նա այնքա՜ն է սիրում ինձ և քեզ, որ Իր միածին Որդուն է զոհել Գողգոթայի խաչի վրա, որ Նրա շնորհիվ մենք մեղքերի թողություն ընդունենք, եթե հավատանք Նրան ու ապաշխարենք մեղքի կյանքով ապրելու մեր նախկին ընթացքից։ 

«Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։ Եթե դուք հոժար լինեք ու լսեք…» (Եսայիա 1․18-19):

Մարդը չի կարող մի այնպիսի մեղք գործած լինել, որն Աստված անկարող լինի ներել ու մաքրել։ Միակ պայմանը ապաշխարությունն է՝ մտքի ու մոտեցումների փոփոխությունը։ Ապաշխարել նշանակում է փոխել մտածելակերպը և աշխարհին, մարդկանց, կյանքին, Աստծուն ու սեփական անձին նայել Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությունների լույսի ներքո։ 

Քրիստոսի մահն ու հարությունը հիմք են, որպեսզի քո կյանքը սկսես մաքուր էջից։ Այսօր ամբողջ աշխարհով մեկ Քրիստոսի անունով ապաշխարություն և մեղքերի թողություն է քարոզվում։ Իսկ դու հավատո՞ւմ ես այդ քարոզությանը։ Իսկ դու ընդունե՞լ ես քո կյանքում Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությունները․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: