March-26

Գլխավոր | Հրաշքներ | Քրիստոսի դատարկ գերեզմանը քո հաղթությունն է

Քրիստոսի դատարկ գերեզմանը քո հաղթությունն է

Աստված կարո՛ղ է ազատել քեզ քո բոլոր վախերից։ Ի՞նչ է վախը։ Ինչպե՞ս է այն ծնվում։ Ինչո՞ւ է վախը կարողանում գողանալ մարդու խաղաղությունն ու ուրախությունը։ Եվ վերջապես, ի՞նչ դեղամիջոց է Աստված պատրաստել Իր զավակների համար վախերից ու տագնապներից ազատվելու համար։ 

Սիրելի՛ բարեկամ, Քրիստոսի հարությունը՝ Նրա դատարկ գերեզմանը, քո հաղթությունն է հոգևոր կյանքում, այդ թվում նաև՝ վախի ու տագնապների հանդեպ։ Գիտե՞ս արդյոք, որ հավատքը վախի դեմ միակ դեղամիջոցն է։ Իրականում, վախը նույնպես հավատք է՝ հավատք վատ լուրերի ու սարսափ ծնող մտքերի հանդեպ։ 

«Հրեշտակը կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր» (Մատթեոս 28:5-6):

Մի՛ վախեցիր։ Խաչված Քրիստոսին փնտրողները գտնում են հարություն առած Քրիստոսին։ Նա ողջ է։ Նա հարություն է առել։ Նա քեզ հետ է և քո կողքին։ Նրա գերեզմանը դատարկ է։ Նա միշտ Իր խոսքի տերն է։ Նա ասել էր, որ հարություն է առնելու Իր մահվան երրորդ օրը և այդպես էլ արել է։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը շեշտադրում էր Իր խոսքերի հանդեպ հավատք ունենալու կարևորությունը։ Մենք միշտ ընտրության առաջ ենք՝ հավա՞տք, թե՞ կասկածներ։ Հավատանք Տեր Հիսուսի խոստումների՞ն, թե՞ տագնապի ու վախի մտքերին։ Եվ այդ բոլոր կասկածներից ու տագնապալի մտքերից ազատվելու ուղին Տեր Հիսուսի խոսքերի հանդեպ անսասան վստահություն ունենալու մեջ է։ 

«Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Մատթեոս 24․35):

Տերը այսօ՛ր էլ կարող է խոսել քեզ հետ, քանի որ Նա հարություն առած Տերն է։ Ես չգիտեմ, թե ինչպիսի վախեր ունես դու կամ ինչպիսի տագնապների ու անհանգստությունների միջով ես անցնում։ Սակայն ուզում եմ, որ լսես Տեր Հիսուսի այն խոսքերը, որոնք Նա ուղղեց Հայրոսին, երբ անհուսության ու խորը տագնապի լուր բերեցին նրան՝ հայտնելով, որ իր աղջիկն արդեն մահացել է։ Կարո՞ղ ես պատկերացնել ավելի անհույս իրավիճակ։ Իսկ կարո՞ղ ես լսել և ընդունել Տեր Հիսուսի հորդորն այդ անհույս իրավիճակում հայտնված մարդուն․․․

«Բայց Հիսուսը, լսելով, նրան պատասխանեց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛․․․» (Ղուկաս 8․50):

Քո կյանքի վախերը կանհետանան, եթե սրտանց հավատաս հարություն առած Քրիստոսին՝ Նրա խոսքերին, Նրա ուսուցումներին, Նրա խոստումներին և Նրա ներկայությանը քո կյանքում։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: