Տեր Աստծուն ուղղված փառաբանությունը ո՛չ միայն մեր սրտի երախտագիտության և ցնծության ուրախության դրսևորում է, այլև մեծարանքի ու հպատակության նշան։ Աստծուն ուղղված փառաբանությունը Նրա իշխանության տակ լինելու և այդ իշխանության տակ լինելուց բխած գոհության արտահայտություն է։ Աստված Իր Խոսքի մեջ ներկայանում է որպես Իր ժողովրդի Թագավոր։ Փառաբանությունը մեծարում է մեր երկնային Թագավորին և արտահայտում Նրան արժանի գովասանքը։
Սիրելի՛ բարեկամ, իսկ ո՞վ է Աստված քե՛զ համար։ Արդյոք Նա քո կյանքի Թագավո՞րն է։ Արդյոք Նա՞ է որոշում քո կյանքի ընթացքը, սկզբունքները, արժեհամակարգն ու վարքագծերը։ Ո՞վ է Նա քո՛ կյանքում։
«Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն, որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։ Ժողովուրդներին նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։ Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը՝ Հակոբի փառավորությունը, որին Նա սիրում է» (Սաղմոս 47․1-4)։
«․․․մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա»։ Տերը մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա, սակայն Տեր Աստծու իշխանությունը քո կյանքում կախված է Նրա կամքին հնազանդվելու քո որոշումից։ Աստված թագավորում է մարդու կյանքում Իր պատվիրանների միջոցով։
Աստծուն ուղղված մեր փառաբանությունը ոչ մի արժեք չունի, եթե Նա չի թագավորում մեր կյանքերում։ Ինչո՞ւ ենք մենք գովերգում Աստծուն, մեծարում ու փառաբանում Նրան, եթե չենք ապրում այնպես, որ այս երկրի վրա Նրա կամքը կատարելը լինի մեր սրտի մեծագույն փափագը։
«Տերն ասում է. «Որովհետև այս ժողովուրդը իր բերանով է մոտենում և իր շրթունքներով է Ինձ պատվում, իսկ նրա սիրտը հեռու է Ինձնից, և նրանց վախն Ինձնից մարդկանց սովորեցրած հրաման է» (Եսայիա 29․13):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստծուն փառաբանելը հրաշալի է, սակայն Աստծուն մեծարող, գովերգող ու երգեր երգող շուրթերը պետք է փառաբանեն Տեր Աստծու կամքին հնազանդ սրտի լիությունից։
Աստված նախ իմ և քո սիրտն է փափագում շահել։ Նա կամենում է, որ մենք սրտանց ընդունենք Իր կամքը, փափագենք Իր թագավորությանը՝ Իր կամքի ու Իր Խոսքի գերիշխանությանը մեր կյանքերում։
Մեծագույն ապահովություն է, երբ քո կյանքի Թագավորը տիեզերքի Արարիչն է։ Մեծագույն ցնծություն է, երբ ամենակարող Տերը թագավորում է քո կյանքում։ Մեծագույն օրհնություն է, երբ Աստված քո Հայրն է և տիրում է քո կյանքում։ Արժե՛ ցնծության երգերով գովաբանել ու մեծարել Նրան։
Այսօր աղոթում եմ, որ օրդ լցված լինի քո Թագավորին ուղղված փառաբանությամբ ու մեծարանքով․․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը