Հավատարմության օրհնություններն անհաշիվ են, իսկ հավատարիմ մարդը գնահատվում է թե՛ Աստծու կողմից և թե՛ մարդկանց։ Սակայն հավատարմությունը մի առանձնահատկություն ունի, որի մասին շատ կարևոր է իմանալ, որպեսզի կարողանաս դառնալ հավատարիմ և զարգացնես հավատարմության օրհնյալ որակները քո կյանքում։
Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ հավատարմությունը չունի տոկոսային հարաբերություն։ Այսինքն՝ հնարավոր չէ լինել քիչ կամ շատ հավատարիմ։ Մարդը կա՛մ հավատարիմ է, կա՛մ՝ անհավատարիմ։ Անշուշտ, շատերը չեն համաձայնվի իմ այս պնդման հետ, քանի որ մենք հավատարիմ մարդկանց նկարագրելու համար կարող ենք ասել, թե այդ մարդը շատ հավատարիմ է իր ընտանիքին, կամ աշխատանքին, կամ էլ հավատքի պարագայում՝ Աստծու Խոսքի սկզբունքներին։
Սակայն իրականում հավատարմությունը չի կարող լինել շատ կամ քիչ։ Եթե ինչ-որ առումով կարելի է հասկանալ «շատ հավատարիմ» արտահայտությունը, որը նկարագրում է իրական հավատարիմ մարդուն, ապա «քիչ հավատարիմ» կամ «աննշան քիչ հավատարիմ» արտահայտությունները բացարձակապես անիմաստ են և անիրական։
Չի կարող լինել քիչ հավատարիմ կին կամ ամուսին և, առավել ևս, քիչ հավատարիմ հավատացյալ։ Ինչպես ընդունելի չէ, երբ կինն ասում է, թե գրեթե հավատարիմ է իր ամուսնուն, այնպես էլ հավատացյալ քրիստոնյաների խոսքերը չեն կարող ընդունելի լինել, երբ նրանք ասում են, որ գրեթե հավատարիմ են Աստծու Խոսքին ու Նրա ակնկալած կյանքի սկզբունքներին։
Տեր Հիսուսը հստակ սահմանում է հավատարմության այն չափանիշը, որի առկայության պարագայում մարդը գովասանքի է արժանանալու Տիրոջ կողմից․ «Հավատարի՛մ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ» (Հայտնություն 2.10)։
«Հավատարի՛մ մինչև մահ․․․»։ Սա՛ է հավատարմության միակ չափանիշը։ Կա՛մ մենք հավատարիմ ենք Տեր Աստծուն և Նրա Խոսքին ու կամքին, կա՛մ մենք անհավատարիմ ենք և խորը ապաշխարության ու դարձի գալու կարիք ունենք։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատարմության մասին ուղերձների այս շարքի նպատակը հավատարիմներին Աստծու կողմից խոստացված օրհնությունները քեզ համար հասանելի դարձնելն էր։ Աստված բազմաթիվ զորավոր խոստումներ ունի թե՛ այս կյանքի համար՝ բժշկություն, ազատագրություն, պաշտպանություն և այլ օրհնություններ, և թե՛ փրկության ու հավիտենական կյանքի վերաբերյալ, ինչպես ասվում է Տեր Հիսուսի՝ վերը բերված խոսքի մեջ։
Աղոթում եմ քեզ համար, որ քո կյանքի ամենազորեղ փափագը լինի Տեր Աստծու Խոսքին ու Նրա կամքին հավատարիմ կյանք ապրելը, իսկ այդ հավատարմության ժամկետը լինի մինչև քո կյանքի վերջին շունչը՝ մինչ ի մահ։ Թո՛ղ Տեր Հիսուսի հորդորը մշտապես մնա մեր աչքերի առջև և արձագանքի մեր սրտերում․ «Հավատարի՛մ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը