February-3

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ դու Տեր Աստծու հետ ուխտի հարաբերություն ունե՞ս

Իսկ դու Տեր Աստծու հետ ուխտի հարաբերություն ունե՞ս

Աստված հաղթանակ, օրհնություն և Իր պաշտպանությունն է խոստանում հավատարիմներին։ Նա մարդկանց մեջ փնտրում է այդ կարևոր որակը։ Նա փնտրում է ուղիղ սիրտ ունեցող հավատարիմ մարդկանց։ Աստծու հետ անձնական և խորը հարաբերություն հնարավոր է միայն հավատարմության առկայության պարագայում։ Հենց հավատարմությո՛ւնն է մարդուն Աստծու աչքերում դարձնում վստահելի և ընդունելի մարդ։

Սիրելի՛ բարեկամ, Տեր Աստծու աչքերում հավատարիմ մարդ դառնալու և հավատարմության օրհնյալ որակը հասկանալու համար մենք կարիք ունենք հասկանալու, թե ինչ է ուխտը։ Հավատարմությունը կապ ունի ուխտի հանդեպ մեր վերաբերմունքի հետ։ 

Այո՛, Աստված մարդկության հետ ուխտ է կնքել և ակնկալում է, որ Իրեն հավատացող մարդիկ հավատարիմ կլինեն այդ ուխտին։ Եթե դու քրիստոնյա ես, անշուշտ, քեզ ծանոթ են Հին Ուխտ և Նոր Ուխտ հասկացությունները։ Ահա Հին Ուխտի էության նկարագրության մի օրինակ․ «Եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, որպեսզի զգուշությամբ կատարես Նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից բարձր կդասի։ Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին…» (Բ Օրինաց 28.1-2

Սակայն ուխտը ո՛չ միայն ուներ պայման և դրական խոստումներ, այլև պատժի անխուսափելիություն՝ ուխտի պայմանների հանդեպ անհոգ լինելու և դրանք արհամարհելու պարագայում․ «Բայց եթե չլսեք Ինձ և չկատարեք այս բոլոր պատվիրանները, անարգեք Իմ կանոնները, ձեր հոգին զզվի Իմ հրամաններից, որ չգործադրեք Իմ պատվիրաններն ու դրժեք Իմ ուխտը, Ես էլ այս կանեմ ձեզ. ձեզ վրա կուղարկեմ տագնապ, հյուծախտ և տենդ, որոնք աչք են փչացնում և հոգի մաշեցնում. զուր տեղը կսերմանեք ձեր սերմերը, որովհետև ձեր թշնամիները կուտեն դրանք։ Իմ երեսը կդարձնեմ ձեր դեմ, և կսպանվեք ձեր թշնամիների առաջ. ձեզ ատողները կիշխեն ձեզ վրա, և կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու։ Եթե այսքանից հետո էլ Ինձ չլսեք, այն ժամանակ ձեր մեղքերի համար յոթնապատիկ կպատժեմ ձեզ» (Ղևտացոց 26.14-18

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ի՞նչ է փոխվել Նոր Ուխտի մեջ։ Չէ՞ որ Հայր Աստված Իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով Նոր Ուխտի պայմանները փոխանցեց մարդկությանը։ Ի՞նչ է փոխվել Տեր Աստծու հետ մարդու հարաբերությունների նոր պահանջներում և խոստումների մեջ։

«Եթե Ինձ սիրում եք, պահե՛ք Իմ պատվիրանները։ Եվ Ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի․․․ «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ Ով Ինձ չի սիրում, Իմ խոսքերը չի պահում. և այն խոսքը, որ լսում եք, Իմը չէ, այլ Հորը, որ Ինձ ուղարկեց» (Հովհաննես 14.15-16,23-24

«Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք Նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն, որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը» (Ա Հովհաննես 5.3-4

Աստված չի փոխվում։ Նա նույնն է միշտ՝ թե՛ Հին Ուխտի ժամանակ և թե՛ Նոր Ուխտի։ Եվ Աստծու պահանջը մարդու սրբությունն է։ Սուրբ Աստծու հետ միայն սուրբ մարդը կարող է լինել Ուխտի հարաբերության մեջ։ Փոխվել է միայն սրբության հասնելու ճանապարհը։ Եթե Հին Ուխտի ժամանակ դա կատարվում էր Մովսեսի Օրենքի պահանջներին հնազանդվելով, ապա Նոր Ուխտի ժամանակ՝ Քրիստոսի խոսքերի և ուսուցումների հանդեպ վերաբերմունքով։

Նոր Ուխտի շեշտադրությունը սերն է։ Դու սիրո՞ւմ ես Տեր Աստծուն։ Դու սիրո՞ւմ ես Տեր Հիսուսին։ Դու Նրա հետ մտե՞լ ես սիրո և սրբության ուխտի հարաբերության մեջ։ Դու հավատարի՞մ ես այդ օրհնյալ ուխտի պահանջներին։ Եթե Տիրոջ խոսքերին քո հավատարմությունը քեզ համար ամենակարևոր բանն է այս կյանքում, ապա դու սրբության ընթացքի մեջ ես։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: