Մենք մոտենում ենք «Ինչպե՞ս ապրել Տեր Աստծու ապահովության ներքո» անվանումը կրող շարքի ավարտին, որը հիմնված է Սաղմոս 91․11-16 հատվածի ուսումնասիրության վրա։
«Որովհետև քեզ համար հրամայել է Իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։ Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։ Որովհետև նա Ինձ սիրեց, և Ես կփրկեմ նրան. Ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է Իմ անունը։ Նա կկանչի Ինձ, և Ես պատասխան կտամ նրան. Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ Իմ փրկությունը» (Սաղմոս 91․11-16):
Սիրելի՛ բարեկամ, այսօրվա ուղերձը կառուցել եմ վերը բերված հատվածի այս նախադասության վրա․ «Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան»։ Տեր Աստծու սիրո և հոգատարության ևս մեկ խոստում, որը մեր կյանքում ամենաամուր ու հաստատուն ապահովության մասին է վկայում։
Բոլոր մարդիկ էլ անցնում են նեղություններով։ Եվ ամեն մեկին իր նեղությունները ամենածանրն են թվում։ Եվ միայն մեր երկնային Հայրն է, որ գիտի քո հոգու իրական տառապանքը։ Նա գիտի ու տեսնում է այն, ինչը ոչ ոք չի կարող տեսնել ու զգալ․․․ անգամ քո ամենամտերիմները։ Տերը գիտի քո դժվարությունների ու քո կյանքի նեղությունների մասին։ Գիտի և կարող է քեզ օգնել։
«Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։ Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։ Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիներին 4.14-16):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ դու կարող ես մոտենալ Նրա շնորհի աթոռին, որպեսզի քո նեղությունների ժամանակ Նրա օգնությունը ստանաս։ Աստված ուզում է քեզ օգնել քո նեղությունների մեջ։ Նա զորավոր է և ամենակարող։ Եթե դու հավատարիմ լինես Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանների և Նրա հանձնարարած առաքելության հանդեպ, ապա Տերը խոստանում է, որ ոչ միայն քեզ հետ կլինի քո նեղությունների ժամանակ, այլև կբարձրացնի քեզ՝ կապրեցնի ու փառավոր կանի։
Ինչպիսի՜ փառավոր խոստում հավատարիմների համար․․․ Իսկ դու որոշե՞լ ես ապրել Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտի կյանքով․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը