Այսօր շարունակում ենք «Տեր Հիսուսի ուսուցանած «երանիները»» անվանումը կրող մեր շարքը, որը հիմնված է Մատթեոս 5․3-12 հատվածի ուսումնասիրության վրա։ Անդրադառնանք Տեր Հիսուսի ուսուցանած երանիներից վեցերորդին․
«Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն» (Մատթեոս 5.8):
Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը հատուկ շեշտադրություն է անում մեր սրտի իրական վիճակի վրա՝ արդարության հանդեպ քաղց ու ծարավ, ողորմածություն ու նաև մի կարևորագույն որակ, որը Տերը բնութագրում է որպես սրտի մաքրություն։ Այս որակը մի զորավոր արդյունք է ունենում մարդու կյանքում։ Սրտով մաքուրները ունակ են դառնում Աստծուն տեսնելու հրաշափառ իրողությունն իրենց կյանքերում փորձառաբար վերապրելու համար։
«Նրան մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար հավատով, մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված ու մեր մարմինը մաքուր ջրով լվացված» (Եբրայեցիներին 10.22):
Ո՞րն է ճշմարիտ սիրտը։ Ինչպե՞ս է մաքրվում մեր սրտերի չար խղճմտանքը։ Ովքե՞ր են Աստծու առջև մաքուր սիրտ ունեցող մարդիկ։ Աստվածաշունչը նաև այս հարցին է պատասխանում և սովորեցնում մեզ մեր սրտերը մաքրելու և մաքուր պահելու Տիրոջ հոգացած կերպը։
«Եվ նրանց ու մեր միջև ոչ մի խտրություն չդրեց՝ հավատով նրանց սրտերը մաքրելով» (Գործք Առաքելոց 15.9):
Սրտերը մաքրող միակ միջոցը հավատքն է։ Հավատքն է, որ մեր մեջ իրական է դարձնում այն համոզմունքը, որ Աստված տեսնում է, գիտի ու քննում է մեր սիրտն ու մեր սրտի ամենախորն ու ծածուկ շարժառիթները։ Հավատքն է, որ կարող է կանգնել ու Աստծուն ասել․ «Ես սայթաքեցի ու սխալվեցի, բայց Դու տեսնում ես իմ սիրտը և գիտես, որ ես չեմ սիրում, չեմ արդարացնում ու Քեզնից չեմ թաքցնում իմ մեղքերը։ Ես ուզում եմ զորանալ ու ազատվել իմ կյանքի մեղքերից ու հանցանքներից»։
Հավատքն է, որ մաքրում է սիրտը չար խղճմտանքից, քանի որ անգամ մեր կյանքում առկա սխալների պարագայում մենք գիտենք, որ մեր սրտում երբե՛ք չենք հաշտվելու դրանց հետ և ամեն ջանք անելու ենք, որ փոխվենք, ապաշխարենք ու ապրենք սրբության կյանքով։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մարդիկ չեն տեսնում մեր սիրտը։ Սրտեր քննել կարող է միայն Արարիչ Տերը։ Մարդիկ տեսնում են մեր սայթաքումները, թերությունները, տկարություններն ու մեղքերը։ Աստված տեսնում է մեր սիրտը։ Նա մեզ չի գնահատում մեր արարքներով, այլ գնահատում է մեր սրտի վիճակով։ Եթե մեր սիրտը մաքուր է Տեր Աստծու առաջ, ապա Նրա շնորհքով մի օր կմաքրվեն նաև մեր արարքները։
Սրտով մաքուր մարդիկ, անկախ իրենց անցյալից ու ներկայից, կարող են համարձակ մոտենալ Աստծուն։ Սրտի մաքրվելը նման է մեր հոգևոր աչքերի մաքրվելուն։ Մաքուր սիրտը մեզ ունակ է դարձնում վայելելու այս կյանքի ամենամեծ երանությունը․ «Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն»։
Առաջարկում եմ ժամանակ հատկացնել և լսել «Երանի՜ սրտով մաքուրներին» անվանումը կրող այս կարճ ուսուցումը՝
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը