October-31 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Չար մարդկանց լարած թակարդները չե՛ն գործելու քո կյանքում

Չար մարդկանց լարած թակարդները չե՛ն գործելու քո կյանքում

Այսօր ևս շարունակում ենք «Աստված պաշտպանում է Իր զավակներին» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Սաղմոս 97․10-11 հատվածի ուսումնասիրության վրա։

«Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. Նա պահում է Իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։ Լույս է ծագում արդարի համար, և ուրախություն՝ սրտով ուղիղների համար» (Սաղմոս 97:10-11

Սիրելի՛ բարեկամ, բոլորիս շրջապատում էլ կան չար մարդիկ։ Ոմանք չարացել են մեր հանդեպ, քանի որ նախկինում մենք սխալներ ենք թույլ տվել մեր կյանքում և ցավեցրել նրանց կամ նրանց սիրելիներին։ Ոմանք չարացել են ու ատելությամբ են լցված մեր հանդեպ, քանի որ իրենց ականջը տվել են բամբասանքի ու չարախոսության և հավատացել են այն բոլոր սուտ տեղեկություններին, որոնք բամբասողները փոխանցել են մեր մասին։ Իսկ ոմանք էլ չարացել են մեր հանդեպ, քանի որ դեռ չեն ազատվել նախանձից ու ատելությունից և էությամբ այդպիսին են։ 

Աստվածաշունչը հաստատում է, որ մեզնից յուրաքանչյուրի շրջապատում կարող են լինել ամբարիշտ մարդիկ, որոնց նպատակը մեզ վնասելն է։ Իմ կյանքում բազմաթիվ օրինակներ կան, երբ ինձ հարազատ, մտերիմ և անգամ՝ հոգևոր կերպարանք ունեցող մարդիկ, ատելությունից ու նախանձից դրդված, բամբասել են ինձնից, փորձել են սուտ լուրեր տարածել, որպեսզի փնովեն իմ վարքն ու ծառայությունը և ինձ հետ մտերմություն անող մարդկանց տրամադրեն իմ դեմ։

Մեր շրջապատում միշտ լինելու են մարդիկ, որոնք ատելու են մեզ և խավարի բոլոր զինատեսակներն ուղղելու են մեր դեմ։ Եվ զարմանալի չէ, որ Աստված այդ մարդկանց կոչում է ամբարիշտներ։ Իմ պարագայում, ամենաբարդը, թերևս, այն չէ, որ Տերը սովորեցնում է ներել նրանց ու աղոթել նրանց ապաշխարության համար, այլ այն, որ մենք՝ լույսի որդիներս, չենք կարող օգտագործել այն զինատեսակները, որոնք օգտագործում են այս աշխարհի ամբարիշտները։ 

«․․․ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց»։ Ինչպիսի՜ երկնային օգնություն։ Աստված ինձ և քեզ հորդորում է չարձագանքել մարդկանց ատելությանն ու նախանձին։ Եթե միայն մենք Աստծուն սիրող մարդիկ ենք և մեր ողջ էությամբ ձգտում ենք Տիրոջ առջև ապրել սրբության կյանքով, ապա Աստված խոստանում է, որ մեզ փրկելու է մեզ ատողների ձեռքից։

«Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։ Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ»,- ասում է Տերը» (Հռոմեացիս 12․17-19

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե քո կյանքում և քո շրջապատում էլ կան մարդիկ, որ ատում  կամ նախանձում ենք քեզ, որ բամբասում կամ չարախոսում են քեզնից, որ մտերմանում են քո մտերիմների հետ ու փորձում նրանց քո դեմ տրամադրել, ապա ընդունի՛ր այսօրվա քաջալերանքը քեզ սիրող ու քեզ համար հոգ տանող քո երկնային Հորից։ Աստված փրկելու է քեզ նրանց լարած թակարդներից։ Աստված ամբարիշտների կողմից քեզ հասցված վնասն անգամ դեպի բարին է շրջելու և քո կյանքում օրհնության միջոց է դարձնելու։ 

Պարզապես ե՛կ վստահենք Աստծուն և աղոթենք մեզ ատողների համար ու չչարանանք նրանց հանդեպ, քանի որ այդ մարդիկ դեռ խավարի մեջ են և խավարի իշխանի կամքն են կատարում։ Ե՛կ այսօր հատուկ աղոթք բարձրացնենք առ Աստված՝ գոհանանք Տիրոջից Իր պաշտպանության համար և խնդրենք մեզ ատողների ապաշխարության համար։ 

Հավատում եմ, որ չարի փոխարեն բարին կամենալու և ներման այս աղոթքները Երկնքում մեծ ուրախության առիթ են դառնալու։ Ե՛կ այսօր ուրախացնենք մեր երկնային Հոր սիրտը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: