October-30

Գլխավոր | Հրաշքներ | Աստված պաշտպանում է Իր զավակներին

Աստված պաշտպանում է Իր զավակներին

Շարունակում ենք «Աստված պաշտպանում է Իր զավակներին» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Սաղմոս 97․10-11 հատվածի ուսումնասիրության վրա։

«Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. Նա պահում է Իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։ Լույս է ծագում արդարի համար, և ուրախություն՝ սրտով ուղիղների համար» (Սաղմոս 97:10-11):

Սիրելի՛ բարեկամ, եթե դու քո կյանքը վստահել ես Աստծուն, ապա կարող ես քո ողջ էությամբ խաղաղվել, քանի որ Նրա գրկից ավելի ապահով վայր գոյություն չունի այս տիեզերքում։ Աստված տիրում է պատմության ընթացքի վրա։ Աստված տիրում է, և Նրանն է ողջ իշխանությունը Երկնքում և երկրի վրա։ Ե՛կ այսօր ևս մեկ անգամ լսենք Տեր Հիսուսի հավաստիացումն Իր աշակերտներին։ Եվ եթե դու հավատում ես Նրան և քո կյանքը Նրան ես վստահել, ապա այդ հավաստիացումը նաև քե՛զ է վերաբերում։

«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա» (Մատթեոս 28.18):

Իսկ դեպի ո՞ւր կամ դեպի ո՞ւմ ենք ուղղում մեր հայացքը ապահովության ու անվտանգության մեր փնտրտուքների մեջ։ Դեպի այս կամ այն երկրնե՞րը… Այս կամ այն գերտերություննե՞րը… Գուցե մտածում ենք, թե մեր ապահովությունը շատ ֆինանս ունենալու մե՞ջ է կամ ավելի ապահով երկրում ապրելու մեջ…, սոցիալական կամ բժշկական բարձրակարգ սպասարկում ունենալո՞ւ մեջ… Որտե՞ղ ենք մենք փնտրում մեր ապահովությունն ու անվտանգությունը։

Աստվածաշունչը այստեղ էլ է մեզ օգնության հասնում և մի զորավոր ճշմարտություն փոխանցում. «Որովհետև Գիրքն ասում է. «Ամեն ոք, ով Նրան հավատա, չի ամաչելու» (Հռոմեացիս10.11):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս ապահովությունը ժառանգելու համար միակ պայմանը քո խորը և հաստատուն ապաշխարությունն է։ «Տերը պահում է Իր սրբերի անձերը»։ Այս խոսքերը մեծագույն քաջալերանք են, սակայն նաև մեզ խորհելու և անձնաքննության առիթ են տալիս. «Արդյոք ես Նրա առջև ապրո՞ւմ եմ սրբության կյանքով»։ 

Իմանալով, թե ինչպիսի ապրելակերպ ու վարքագիծ է Տերն ակնկալում տեսնել մեր կյանքում, արդյոք ես և դու մեր ողջ էությամբ ձգտո՞ւմ ենք ապրել այդպես։ Եվ եթե հասկացել ենք, թե ինչը պետք է փոխենք մեր կյանքում, արդյոք մեր ողջ էությամբ ձգտո՞ւմ ենք փոխվել և փոխակերպել մեր արժեհամակարգը, սկզբունքներն ու մոտեցումները, որպեսզի հաճելի լինենք մեր Տիրոջը և արժանանանք Նրա բարեհաճությանը։

Առաջարկում եմ աղոթել միասին այս կարճ աղոթքով։ «Սիրելի՛ Հայր, ես գիտեմ, որ Քո առջև չեմ ապրում կատարյալ կյանքով և երբեմն սայթաքում եմ ու ընկնում այս աշխարհի լարած թակարդների մեջ։ Խնդրում եմ՝ ներիր ինձ և ամրացրու ինձ Քո Սուրբ Հոգով, որպեսզի դառնամ Քո բարի և հավատարիմ աշակերտը։ Տո՛ւր ինձ իմաստություն, որ կյանքս նվիրեմ Քեզ, Քո բարի և հաճելի կամքը ճանաչելուն ու իմ ողջ էությամբ փափագեմ այդ կամքին հնազանդ կյանք ապրելուն։ Եվ խնդրում եմ, որ պահես ինձ և իմ ընտանիքը, Քո եկեղեցին ու մեր ժողովրդին ամեն վտանգներից և մեզ ապահովություն ու խաղաղություն շնորհես, որպեսզի կարողանանք Քո Ավետարանը՝ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհած փրկության Բարի Լուրը հասցնել բոլոր մարդկանց։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: