Սիրելի՛ բարեկամ, այսօր ևս շարունակում ենք «Ազատագրում հուսահատությունից» շարքի ուսումնասիրությունը, որը հիմնված է Սաղմոս 42․5-6 հատվածի վրա:
«Ինչո՞ւ ես տրտմած, ո՛վ իմ անձ և խռովված ես ինձանում։
Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ Քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից» (Սաղմոս 42․5-6):
Անկախ այն բանից, թե ինչ դժվարություններով ես անցնում և ինչպիսի իրավիճակներ են քո կյանքում, այսօր առաջարկում եմ քեզ, որ բողոքներդ ու տրտունջներդ փոխարինես գոհությամբ ու փառաբանությամբ։
Անշուշտ, կարող ես ինձ հարցնել, թե՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ է պետք նման իրավիճակներում փառաբանել Աստծուն։ Ահա այսպես է Աստծուն բնութագրում Աստվածաշունչը․
«Բայց Դու սուրբ ես, Ո՛վ Բնակվողդ Իսրայելի գովասանությունների մեջ» (Սաղմոս 22․3):
- Աստծուն մոտենալու համար գովաբանություն է անհրաժեշտ։
- Այնտեղ, որտեղ մենք գովաբանում ենք Նրան, Նա թագավորում է հաղթանակով:
- Աստծուն գովաբանելը փոխում է մեր մտքի վիճակը:
«Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է Քո հավատարմությունը։ «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես Նրան եմ հուսալու»։ Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը Նրան է փնտրում» (Ողբ Երեմիայի 3:21-25):
Դավիթ թագավորը հասկացել էր այս ճշմարտությունը… Նա կարող էր ընկնել հուսահատության մեջ ընտանեկան խնդիրների, Սավուղի հալածանքների և իր թշնամիների բոլոր խարդավանքների ու ծաղրանքի պատճառով։ Սակայն Դավիթը գիտեր, որ Աստված բարի է, և ինքն իրեն հիշեցնում էր այս ճշմարտությունը այնքան ժամանակ, մինչև այն ամբողջությամբ գործնական դրսևորում ունենար իր կյանքում:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսպիսով՝ քո բոլոր դժվարությունների ու տառապանքների մեջ թեման փոխելու ժամանա՛կն է։ Ընտրի՛ր գովաբանությունը, այլ ոչ թե բողոքելը, և ճանապարհ կբացես Տեր Աստծո համար, որպեսզի Նա գործի քո կյանքում։ Շնորհակալություն հայտնի՛ր Նրան Իր արած բոլոր բարիքների համար։ Անգամ ամենածանր իրավիճակներում փորձիր տեսնել այդ բարիքները։ Դրանք կա՛ն։ Հաստա՛տ կան քո կյանքում։ Իսկ եթե չափից դուրս ծանր է իրավիճակդ, և միտքդ միայն քո խնդիրների վրա է կենտրոնացած, ապա հավատքով շնորհակալություն հայտնի՛ր Աստծուն, որովհետև Նա այդ ամենի ծանրությունը շուտով վերցնելու է քո ուսերից։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը