Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերին ուզում եմ միասին անցնենք ուղերձների մի շարք, որը կօգնի քեզ դառնալ քո շրջապատի մարդկանց կյանքերի փոխակերպման գործիք Աստծո ձեռքերում։ Ուզում եմ նաև խնդրել քեզ, որպեսզի աղոթես մեր ավետարանչական նախաձեռնության համար և խորհես, թե ինչպես կարող ես քո մասնակցությունն ունենալ Hisus.am կայքի ծառայություններին։ Թող է՛լ ավելի շատ կյանքեր փոխվեն և ազատագրվեն «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձների միջոցով։ Ո՜ղջ փառքն Աստծուն լինի:
Մոտ տասը տարի առաջ Աստծո գերբնական առաջնորդությամբ մի քանի ընտանիքներով միաբանվեցինք Էջմիածնում եկեղեցի հիմնելու` այն ժամանակ անհավանական թվացող գաղափարի շուրջ։ Մենք որոշակիորեն գիտակցում էինք, որ մեր նոր ընթացքը արմատապես փոխելու էր թե՛ մեր կյանքը և թե՛ հավատքի ազդեցություն էր ունենալու Աստծո համար թանկ ու սիրելի շատ այլ մարդկանց կյանքերի վրա։ Սակայն, որպեսզի մեր մղումն ու տեսիլքն իրականություն դառնային, և մենք փորձառաբար ապրեինք այն ամեն զարմանահրաշ գործերը, որոնք Աստված գործել է այս տարիների ընթացքում, մեզ հարատև հավատք էր պետք լինելու։
Երբ մենք միասին որոշում կայացրինք կիրակնօրյա պաշտամունքներ սկսել Էջմիածին քաղաքում, ընդամենը մի քանի հոգի էինք, հավաքվում էինք մեր եղբայրներից մեկի տանը և բացարձակապես չէինք տեսնում այն ճանապարհը, որով ընթանալու էինք առաջիկա տարիներին։ Սակայն վստահում էինք Աստծուն, Ում պատրաստվում էինք ծառայել և Ում հանձնարարությունն էինք կատարում՝ կանգնելով մի ճանապարհի վրա, որը լի էր լինելու հաղթանակներով ու պտղաբերությամբ, սակայն նաև՝ հիասթափություններով ու անորոշությամբ։
Այսօր էլ հստակ հիշում եմ, թե ինչպես էինք եկեղեցու նստարանների համար գնել մի քանի տախտակներ, մշակել դրանք իմ ծանոթներից մեկի մոտ, և մի քանի եղբայրներով առաջին կիրակնօրյա պաշտամունքից մեկ օր առաջ սրտի ուրախությամբ ձգում էինք նստարանների պտուտակները, կատակում միասին և պատրաստվում մեր առաջին համատեղ պաշտամունքին։
Հիշում եմ նաև, թե ինչպես, հակառակ մեր ակնկալիքների, առաջին մի քանի կիրակիներից հետո եկեղեցին չունեցավ գերբնական աճ և չլցվեց Աստծո Խոսքի փափագն ունեցող մարդկանցով։ Անշուշտ, մենք շարունակեցինք մեր պաշտամունքները մի քանի հավատարիմ ընտանիքներով։ Սակայն անցնում էին ամիսներ և անգամ՝ տարիներ, իսկ եկեղեցին չէր աճում։ Մեր եկեղեցու երգչախումբը բաղկացած էր վեց-յոթ անդամից, և այդ ժամանակահատվածում շատ անգամներ պաշտամունքի ժամանակ երգչախմբում ծառայողների թիվն ավելին էր, քան այն մարդկանց թիվը, ում նրանք առաջնորդում էին Տիրոջը երկրպագելու մեջ։
Սակայն մեր ծառայողական թիմն ուներ հավատք։ Մենք հավատում էինք, որ Աստծո կամքով ենք սկսել եկեղեցի հիմնելու մեր ընթացքը։ Մենք հավատում էինք, որ Աստված մեր մեջ է, և որ Ինքն է առաջնորդում մեր ծառայությունները։ Սակայն եկեղեցին չէր աճում, և այդ ընթացքը տևեց ոչ թե ամիսներ, այլ տարիներ։ Այդ օրերին հավատքն այն ամենն էր, ինչ մենք ունեինք, և միայն հավատքն ու Տեր Աստծու հանդեպ վստահությունն էր, որ մեզ ուժ էր տալիս, որպեսզի թևաթափ չլինենք և չդադարենք պայքարել։
Երբ ես սկսեցի իմ կիրակնօրյա քարոզները տեղադրել մեր YouTube-յան ալիքում (https://www.youtube.com/wwwhisusam), շատ շատերը խոսում էին, որ ես ինքնագովազդ եմ անում և զբաղված եմ ինքնամեծարմամբ։ Կողմնակի ճնշումներն այնքան ուժգին էին, որ ես անկեղծորեն գնացի Աստծո առջև աղոթքի և ինքնաքննության։ Ես աղոթում էի, որ եթե ինքնամեծարանքի թեկուզ մի փոքր նշույլ կա իմ ծառայությունների մեջ, ապա Տերը թող խափանի դրանք, իսկ եթե իմ շարժառիթը Արքայության Ավետարանը մարդկանց հասցնելն էր, ապա խնդրում էի Տիրոջից օրհնություն ու բազմապատկում մեր եկեղեցու բոլոր ծառայությունների մեջ։
Միայն հիմա, տասներկու տարի անց, հետ նայելով մեր անցած կարճ ճանապարհին, հասկանում եմ, որ Աստված հետաքրքրված էր ոչ այնքան եկեղեցու արագ աճով, որքան մեր ծառայողական թիմի անդամների հոգևոր ամրությամբ, նվիրվածությամբ ու հավատքի աճով։ Այս ընթացքում Աստված շատ անգամ է նշաններով ու հրաշքներով հաստատել, որ մեզ հետ է։ Անգամ մեր YouTube-յան ալիքի անվանումն էր մարգարեական։ Hisus.am ավետարանչական կայքը սկսեց գործել ընդամենը երկու տարի առաջ, սակայն այդ գաղափարը ես ունեցել եմ հենց ամենասկզբից՝ տասնչորս տարի առաջ, և պատահական չէ, որ իմ YouTube-յան ալիքի գրանցումը հենց այդ անվանումով եմ իրականացրել։
Հիմա մենք մեր ողջ ծառայողական թիմով ավելի քան համոզված ենք մի բանում՝ հավատքն է, որ Աստծո տված երազանքները դարձնում է իրականություն։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե քո կյանքում էլ Աստված քեզ մղում է անել մի բան կամ ներգրավվել մի գործի մեջ, որը քեզ անհավանական ու անիրական է թվում։ Գուցե հենց մեր ծառայությանը պետք է միանաս կամ աջակցես մեզ և մեր միջոցով Աստծու Արքայության ազդեցության տարածմանը։ Արդյոք քո ներսում արդեն իսկ զգացել ես այն կանչը, որը քեզ մղում է հնազանդվելու Աստծուն, ինչպես Աբրահամը, ով որոշեց թողնել ամեն բան՝ Աստծուն նվիրված կյանք ապրելու համար: Կամ գուցե Աստված այսօր մեկ այլ ուղղությամբ է քեզ մղում, որ գնաս, փոխակերպես կյանքդ ու ընթացքդ, և դրա համար հարկավոր է ընդլայնել տեսիլքդ ու մեծացնել հավատքդ։
Մի՛ վարանիր և հավատքի քա՛յլ արա։ Մի՛ նայիր անորոշությանն ու թերահավատների գնահատականներին։ Մի՛ լսիր փորձառություն չունեցող մարդկանց վերլուծությունները։ Մի՛ ապրիր քննադատների կարծիքները դրական դարձնելու համար։ Նայի՛ր Աստծուն և Աստծո Խոսքի օրինակներից դասեր քաղի՛ր։ Ահա թե ինչ ենք կարդում Աստվածաշնչում․ «Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու» (Եբրայեցիս 11․8)։
Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ է Աստված ուզում, որ անես։ Արդյոք պատրա՞ստ ես առանց բոլոր մանրամասները հասկանալու և հետևանքներին ծանոթանալու հավատքի քայլ անել և մուտք գործել այն ազատության մեջ, որի մեջ քեզ կանչում է Աստված: Խնդրում եմ, գրիր ինձ և տեղեկացրու, եթե ուզում ես, որ հատուկ աղոթենք քո հավատքի ընթացքի և Աստծուն հնազանդվելու հարցում քո քաջության համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը