June-14

Գլխավոր | Հրաշքներ | Գնա՛ և սեր տարածի՛ր այսօր

Գնա՛ և սեր տարածի՛ր այսօր

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել «Քո հրաշքն՝ ամեն օր» ծառայության ստացած վկայություններից մի քանիսով։

«Աշխարհում տիրող այս դժվարին իրավիճակում և ծանր փորձությունների ժամանակ մենք կարիք ունենք լսելու, որ մենակ չենք, որ կա Մեկը, Ով մեզ շարունակում է հավիտենական սիրով սիրել՝ անկախ մեր մեղքերի մեծ կամ փոքր լինելուց։ Նա մեզ համարում է Իր իսկ լավագույն ստեղծագործությունը, Իր հրաշքը, և իրապես սա է զավակի նկատմամբ հոգատար ծնողի սիրո արտացոլանքը, այնպես չէ՞։ «Քո հրաշքն՝ ամեն օր»-ը դարձել է իմ վաղ առավոտյան անբաժան ընկերը։ Ամեն օր սպասում եմ, թե այսօ՛ր ինչ խոսք եմ ստանալու Տիրոջից, որպեսզի նորովի սպառազինված շարունակեմ ապրել՝ ապրել Աստծու հետ և հանուն Աստծու, Տիրոջ աչքին հաճելի ու գոհ սրտով ապրել… Շնորհակալ եմ այս հրաշալի ծառայության համար» (Մարիամ, ԱՄՆ)։

«Բարև Ձեզ: «Քո հրաշքն ամեն օր» ուղերձները ինձ համար մեծ կարևորություն ունեն: Առավոտյան մեծ սպասումով ընթերցում եմ այդ օրվա գրառումը և ակնկալում, որ այսօր էլ կլցվեմ սփոփանքի, հույսի և խրատական խոսքերով: Երբ դեռ նոր էիք սկսել այս ծառայությունը, ընթերցում էի ուղերձները և մտածում. «Ինչպե՞ս է Արման եղբայրը իմանում իմ խնդիրները և դրանց լուծումը հայտնում այս գրառումների միջոցով:

Ճիշտն ասած՝ կցանկանայի, որ դրանք մի օր գիրք դառնան, որպեսզի կարողանամ կարդալ ոչ միայն տվյալ օրը, այլ ունենամ ինձ հետ որպես ուղեցույց ամբողջ տարվա ընթացքում:

Ես որոշել եմ հետ թերթել և գրել դրանք մի տետրի մեջ, ինչպես արել էի Դերեկ Պրինսի «Ամեն օր Աստծո հետ» ուղեցույցը, մինչև այն ձեռք բերեցի գրքի տեսքով: Շատ եմ ցանկանում «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղեցույցը գրքի տեսքով ունենալ ձեռքիս տակ՝ որպես օրվա իմ խնդիրների թե՛ խրատական, թե՛ հուսադրող, թե՛ ճշմարիտ ուղով քայլելու ուղեցույց» (Մարիետա, Հայաստան)։

«Քո հրաշքն` ամեն օր» գրառումներից մեկն ուներ «Փոքր սերմերը կարող են մեծ ծառի վերածվել» վերնագիրը։ Ես հասկացա, որ լինում են ժամանակներ, երբ ես պետք է համբերատար սպասեմ, քանի որ մեծ հրաշքը դեռ առջևում է։ Ես միշտ հավատացել եմ, որ Աստված բժշկող Տեր է, սակայն երբ ինքս էի հայտնվում ծանր իրավիճակներում, միշտ հուսահատվում էի։ Այս գրառումները փոխեցին իմ մոտեցումը դժվարությունների հանդեպ։ Այժմ ես ցանկացած իրավիճակում չեմ հուսահատվում, այլ Տիրոջ ձեռքը բռնած՝ առաջ եմ շարժվում։ Իմ այս ներքին փոփոխության հետ մեկտեղ ուզում եմ վկայել նաև որոշակի բժշկության մասին։ Նախկինում ինչ-ինչ առողջական խնդիրների պատճառով մշտապես ունեի բարձր ճնշման հետ կապված խնդիրներ։ Այժմ Տերը բժշկել է ինձ, և ճնշման հետ կապված խնդիրներն իսպառ անհետացել են։ Անչափ ուրախ եմ ու երջանիկ, հավատում եմ, որ դեռ շատ հրաշքների եմ ականատես լինելու, որոնք Աստված անելու է իմ կյանքում և իմ շրջապատում» (Անի, Հայաստան)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես կիսվում եմ այս վկայություններով նախ և առաջ Աստծուն փառավորելու համար, բայց նաև քեզ և մյուս ընթերցողներին քաջալերելու նպատակով։ Գուցե քո ընտանիքը կամ ընկերները դժվար իրավիճակում են, որի մասին չեն ցանկանում բարձրաձայնել: Գուցե նրանք դեռ չգիտեն, թե որքա՜ն է Աստված սիրում իրենց կամ թե որքա՜ն արժեքավոր է նրանց կյանքն Աստծու աչքերում: Իսկ ի՞նչ կլինի, եթե դու այսօր սիրո մի զորավոր քայլ կատարես նրանց հանդեպ: 

Մի բավականին գործնական առաջարկ ունեմ քեզ։ Ընտրի՛ր մեկին քո շրջապատից, ով այսօր ունի քո քաջալերանքի կարիքը։ Ուղարկի՛ր նրան գնահատանքի կամ քաջալերանքի մի հաղորդագրություն (տեքստային նամակի, էլեկտրոնային փոստի, Viber-ի, WhatsApp-ի, Messenger-ի միջոցով կամ ինչպես քեզ է հարմար):

Օրինակ՝ կարող ես գրել․ «Ուզում եմ իմանաս, որ դու շա՜տ մեծ արժեք ունես Տեր Հիսուսի աչքերում: Քո կյանքը թանկ է ու անգին է Նրա համար։ Դու ոչ միայն Տեր Հիսուսի համար ես թանկ մեկը, այլև՝ ինձ համար։ Պարզապես ուզում եմ, որ իմանաս, որ գնահատում եմ քո ներկայությունն իմ կյանքում: Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Դու Աստծո հրաշքն ես»:

Երբեմն ընդամենը մի քանի բառը բավարար է, որպեսզի կյանքի ընթացքը լիովին փոխվի։

Աղոթում եմ քեզ համար, որ այսօր որոշում կայացնես և սկսես Քրիստոսի սերը տարածել քո շրջապատում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: