Սիրելի՛ բարեկամ, նախորդ մի քանի օրերի ընթացքում փորձեցինք հասկանալ, որ խոնարհությունը շատ կարևոր հատկություն է Աստծո աչքերում։ Ավելին՝ այս որակը հենց Աստծո բնույթի հիմնական բնութագրիչներից մեկն է։ Այնուամենայնիվ, այն աշխարհում, որտեղ մենք ապրում ենք, միշտ չէ, որ խոնարհությունը դիտվում է դրական լույսի ներքո: Իրականությունն այն է, որ խոնարհ մարդիկ երբեմն ընկալվում են որպես թույլ, խղճահարության արժանի մարդիկ, որոնց մյուսներն օգտագործում են սեփական նպատակներին հասնելու համար։
Այսպիսով, քանի որ մեր հասարակության մեջ հաջողված լինելու ընկալումը հիմնված է ուժի, իշխանության և հնարավոր մրցակիցների նկատմամբ գերիշխելու ունակության վրա, ապա հասկանալի է, թե ինչու է խոնարհությունը հաճախ ընկալվում որպես թուլություն, այլ ոչ թե որպես ուժեղ կողմ։ Սակայն պետք չէ զարմանալ… Աշխարհը շատ հարցերում է մոլորված:
Սաղմոս 25.9 խոսքում կարդում ենք․ «Հեզերին Նա առաջնորդում է իրավունքի մեջ և Իր ճանապարհը սովորեցնում է հեզերին»։
Ի՞նչ են այս խոսքերը նշանակում ինձ և քեզ համար: Թեև հեզությունն ու խոնարհությունն այս աշխարհում ընկալվում են որպես թուլություններ, Աստծու Արքայության մեջ դրանք այն բանալիներն են, որոնք հնարավորություն են տալիս առաջնորդվելու և ուսուցանվելու ուղղակիորեն հենց Տեր Աստծո կողմից։ Ինչպե՞ս։ Երբ խոնարհ ենք և հեզ, մենք չենք ապավինում մեր սեփական ուժին կամ տրամաբանությանը, որպեսզի դասավորենք ու կառավարենք մեր կյանքը, այլ վստահում ենք Աստծուն և պատրաստ ենք Նրանից ընդունածը դարձնել մեր կյանքերում կիրառելի գիտելիք։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո խոնարհությունը մագնիսի պես դեպի քեզ է ձգում Տիրոջ ուշադրությունը ու հնարավորություն է տալիս Նրան գործելու և շարժվելու քո կյանքում՝ ի տարբերություն հպարտության, որը հակառակ բևեռի մագնիսի պես վանում է Տիրոջը և խանգարում Նրան գործել քո կյանքում: Քանի որ Աստված շնորհ է տալիս խոնարհներին, ապա կոչ եմ անում քեզ ձգտել խոնարհության և ամեն ջանք անել այն քո կյանքում զարգացնելու համար։ Մենք պետք է դառնանք Աստծուց կախվածության մեջ գտնվող մարդիկ, որպեսզի Նրա Հոգին առաջնորդի մեզ Իր արդարությամբ և Իր կատարյալ ճանապարհների մեջ:
Երբե՛ք չմոռանաս՝ Տեր Աստծու աչքերում խոնարհությունը թուլություն չէ, այլ՝ ուժեղագույն որակ:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը