Սիրելի՛ բարեկամ, այսօր ևս Աստծու Խոսքի տարբեր հատվածներից փորձել եմ պարզապես աստվածաշնչյան մի ուղերձ կազմել, որը կներկայացնեմ Տիրոջ անունից։ Այդ խոսքերը, մտքերն ու շարադրանքն, անշուշտ, ես եմ ամբողջացրել։ Սակայն, եթե այս ուղերձից հետո ընթերցես այն աստվածաշնչյան հատվածները, որոնց հիման վրա կառուցված է ստորև բերված խոսքը, ապա կհամոզվես, որ Աստված Ինքն է ուզում, որ այդ ամենն ընդունես՝ որպես Իր սրտից քեզ ուղղված ուղերձ։
Այո՛, հենց քե՛զ…
«Ես հենց քե՛զ եմ ընտրել, որպեսզի մարդկանց փոխանցես Իմ Բարի Լուրը, որպեսզի ապրես Իմ Արքայության արժեքների վրա կառուցված կյանքով և որպեսզի մարդկանց փոխանցես Իմ սերն ու Իմ ճշմարտությունները, նրանց առջև դավանես առանց փոխզիջումների։
Ես քեզ ընտրել եմ՝ որպես Իմ բնակության վայր, որտեղ կհաստատեմ Իմ իշխանությունն ու տիրապետությունը։ Դու Իմ Հոգու Տաճարն ես։ Ես քեզ Իմ Թագավորության դեսպանն եմ դարձրել, և նաև՝ Իմ սիրո դեսպանը։
Այո՛, Ես նպատակ ունեմ, որ նաև քո՛ շնորհիվ այս աշխարհը փոխակերպվի և վերապրի Իմ սիրո ազդեցության փոխակերպումը։ Ես քո միջոցով ուզում եմ աշխարհին այնպիսի մի սեր փոխանցել, որն անհնարին է կասեցնել և որին ոչինչ չի կարող խոչընդոտել։ Երբե՛ք չասես, թե դու անկարևոր մեկն ես, թե որևէ էական դերակատարում չես կարող ունենալ կամ թե անկարող մեկն ես։ Դու ունե՛ս Իմ Հոգին, և Իմ Խոսքն է քո մեջ բնակվում։
Փնտրի՛ր Իմ երեսը․․․ Ի՜նձ փնտրիր։ Սովորի՛ր, սովորի՛ր Ինձնից։ Քո մտքերի կենտրոնում թող Ե՛ս լինեմ, և գործի՛ր, գործիր Իմ սիրո և Իմ շնորհքի մեջ։
Մի՛ փախցրու աչքերդ սովածից, մեկնի՛ր ձեռքդ կարիքավորին օգնելու համար․․․ Մի՛ փակիր ականջներդ տառապանքի մեջ գտնվողի լացի հանդեպ, կիսի՛ր նրա վիշտը․․․ Մի՛ մերժիր որբևայրուն ու որբին։ Մի՛ մոռացիր բանտարկյալներին։
Ես ուզում եմ հպվել ու վերափոխել մարդկանց կյանքերը, և ցանկանում եմ դա անել հենց քո՛ միջոցով։
Դու ունես Իմ ԴՆԹ-ն, քո երակներում Իմ «արյունն» է հոսում։ Ես ուզում եմ, որ դու լինես այնպիսին, ինչպիսին Ես եմ։ Եղի՛ր սուրբ, Իմ սիրով լեցուն, առատաձեռն ու կարեկից։
Երբե՛ք չմոռանաս, որ Ես քեզ դարձրել եմ այս երկրի աղը և այս աշխարհի լույսը։
Ես ամեն բան հոգացել եմ, որպեսզի դու կարողանաս ապրել հենց այն կյանքով, որի համար քեզ կյանք եմ պարգևել և որն ակնկալում եմ տեսնել քո երկրային այս կարճ ընթացքի մեջ։
Ապրի՛ր քո կյանքը Իմ բարի և հավատարիմ աշակերտի կյանքով, և մենք միասին կվայելենք ողջ հավիտենությունը»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսի՞ն է քո արձագանքը Տեր Աստծու Խոսքի հիման վրա կառուցված այս ուղերձին։ Ուզում եմ իմանաս, որ աղոթում եմ քեզ համար, որ դո՛ւ էլ միանաս Քրիստոսի հավատարիմ աշակերտների բանակին ու ապրես այս կյանքն այնպես, ինչպես Աստված է ակնկալում քեզնից։
Մեր եկեղեցին հատուկ առցանց աշակերտական խմբեր ունի, որոնց կարող ես միանալ, եթե որևէ եկեղեցու անդամ չես և մեծ ցանկություն ունես հոգևոր աճ և ամրություն ունենալու։ Անշուշտ, կարող ես գրել ինձ անձնական նամակով։
Իսկ վերջում՝ մի քանի Աստվածաշնչյան հղում, որոնց հիման վրա կառուցվել է այսօրվա գրառումը՝ Մատթևոս 5․14, Ղուկաս 11․33, Մատթևոս 28․19, Մատթևոս 25․34-40, Մատթևոս 5։13-14
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը