Fabruary-18

Գլխավոր | Հրաշքներ | «Ի՞նչ տեսնելու համար անապատ ելաք․․․»

«Ի՞նչ տեսնելու համար անապատ ելաք․․․»

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսի հարցերից մեկը, որին այսօր անդրադառնալու ենք, հետևյալն է․ «Ի՞նչ տեսնելու համար անապատ ելաք․․․» (‭‭Մատթեոս‬ ‭11․7‬)։

Անապատն ընկալվում է որպես անցանկալի մի վայր։ Այնտեղ ամայություն է, շոգ, տապ և կենարար ջրի բացակայություն։ Սակայն հոգևոր առումով անապատը մեծ կարևորություն ունի մարդու կյանքում։ Տեր Հիսուսը հե՛նց անապատից սկսեց Իր ծառայությունը։ Շատ հաճախ Աստված մարգարեներին տանում էր անապատ, որպեսզի խոսեր նրանց հետ։ Հե՛նց անապատում մորենին բոցավառվեց, ու Մովսեսը Տիրոջից ընդունեց իր առաքելությունը։ 

Աստված երբեմն մեզ նույնպես տանում է անապատ, որպեսզի անձամբ խոսի մեզ հետ։ Անապատի լռությունն օգնում է, որ Աստծո խաղաղ ու մեղմ ձայնը վերջապես լսելի դառնա մեր հոգուն։ Աստված Իր Խոսքի մեջ հետևյալն է ասում. «Ուստի ահա Ես նրան կհրապուրեմ ու կտանեմ անապատ և կխոսեմ նրա սրտի հետ» (‭‭Ովսեե ‭2.14):‬‬

Եթե Աստված մեզ տանում է անապատ, ուրեմն ուզում է խոսել մեզ հետ։ Տեր Հիսուսի տված հարցը Հովհաննես Մկրտչի մասին էր․ «Ի՞նչ տեսնելու համար անապատ ելաք»։ Անշուշտ, Հրեաստանի անապատներում շատ բան չկար տեսնելու։ Սակայն կար մեկը, ով Աստծու խոսքերն էր խոսում մարդկանց սրտերին։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե դու էլ քո կյանքում անցնում ես անապատային ժամանակահատվածով և ճնշված ես ու ընկճված։ Եթե այո, ապա հորդորում եմ քեզ լսել Տեր Հիսուսի վերը բերված հարցի արձագանքը քո սրտում։ Փորձի՛ր ինքդ քեզ համար ճշտել, թե ո՞րն է քո անապատում հայտնվելու նպատակը։ Գուցե պետք է լսե՞ս, թե ինչ է ուզում քեզ ասել Տեր Հիսուսը։ 

Եթե դու հավատացել ես Նրան և որոշել ես կյանքդ ապրել Նրա աշակերտի կյանքով, ապա վստահաբար կարող եմ ասել, որ դու Տեր Աստծու սիրելի զավակն ես։ Դու հավերժ չես մնալու քո կյանքի այդ անապատի մեջ։ Լսի՛ր Նրա ձայնը։ Ընդունի՛ր Նրա խրատն ու հանձնարարությունը։ Անապատից հետո քեզ սպասվում է Նրա խոստացած կաթ ու մեղր բխող երկիրը, եթե միայն մնաս հավատքի մեջ և ապրես Աստծու կամքին հնազանդ կյանքով։ Նա քեզ համար լավագույն ապագան է պատրաստել․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: