Սիրելի՛ բարեկամ, սիրո՞ւմ ես սուրճ կամ թեյ խմել։ Այսօր ուզում եմ խոսել քեզ հետ այն մասին, թե ինչպես են աղացած սուրճը կամ թեյի տերևներն իրենց բույրն ու համը փոխանցում սովորական ջրին։
Պողոս առաքյալը Փիլիպեցիս 4․13 խոսքում ասում է․ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»։
Աստվածաշնչի հունարեն բնագրում «զորացնել» բառն այստեղ բառացիորեն կրում է «սեփական զորությունը լցնել» իմաստը։
Հենց այս իմաստն է, որ իմ մտքում ծնեց թեյի կամ սուրճի օրինակը․ մենք վերցնում ենք ջուրը՝ պարզ, անգույն, անհոտ մի հեղուկ, և երբ այնտեղ ենք իջեցնում թեյի տերևները կամ լցնում սուրճը, ջուրը ստանում է համապատասխան համ, գույն և հագենում նաև անուշաբուրությամբ։
Երբ քո դժվարությունների մեջ աղոթում ես և փնտրում Աստծուն ու Նրա կամքի գիտությունը, քո սիրտը բացվում է և ունակ դառնում Տեր Աստծուց զորություն և իմաստություն ընդունելու։ Հետո Աստծու Սուրբ Հոգին Քրիստոսի ներկայությունն է բերում քո մեջ, և ինչ-որ բան է քո ներսում սկսում տարածվել ու թողնել իր փոխակերպող ազդեցությունը… Նրա բնույթը, Նրա գույնը, Նրա բույրը, Նրա համն ու Նրա կյանքը։ Նա սկսում է Իր յուրահատուկ ազդեցությունը թողնել քեզ վրա և զորացնել քեզ ու փոխակերպել քո կյանքը, որպեսզի կարողանաս ամեն դժվարություն հաղթահարել քեզ զորացնող Քրիստոսով։
Մարդու ամենամեծ սխալն այն է, որ նա փորձում է իր կյանքի մարտահրավերները հաղթահարել ինքնուրույն՝ առանց Տեր Աստծու օգնության։ Այնինչ, Տեր Հիսուսը սովորեցնում էր հետևյալը. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով Ինձ հետ է միավորվում, իսկ Ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ չեք կարող անել» (Հովհաննես 15․5)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, թո՛ւյլ տուր, որ Աստծու Սուրբ Հոգին գա ու Իր կյանքը լցնի քո էության մեջ։ Սուրբ Հոգուն խնդրելն այս հարցում առաջին քայլն է։ Սակայն միայն խնդրելը բավարար չէ։ Դու պետք է համապատասխան պայմաններ ու միջավայր ստեղծես քո հոգում, քո սրտում ու քո մտքի ոլորտում, որպեսզի Նա այցելի քեզ ու լցնի քեզ Իր զորությամբ։ Եվ այդ միջավայրի ամենակարևոր բաղադրիչը Տեր Աստծու կամքի հանդեպ քո հնազանդության վերաբերմունքն է։
Հնազանդվելու համար դու նախ պետք է իմանաս, թե ինչպիսի՞ կյանք ու որոշումներ է Աստված ակնկալում քեզնից։ Դրա համար փնտրի՛ր Տեր Աստծու կամքը։ Պարբերաբար և կանոնավոր կերպով ժամանակ հատկացրո՛ւ Աստծու ներկայության մեջ Աստվածաշունչ ընթեցելուն, աղոթելուն և հոգևոր երգերով ու սաղմոսներով Նրան փառաբանելուն։ Նման միջավայրը մագնիսի պես դեպի քեզ կձգի Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությունը, և Նա Իր Կյանքն ու զորությունը կտարածի քո էության մեջ։
Ամեն անգամ թեյ կամ սուրճ խմելիս հիշի՛ր այս համեմատությունը, և եթե Տերը քեզ հետ է և Նրա Հոգին՝ քո մեջ, ապա դո՛ւ էլ վստահաբար կարող ես ասել․ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը