November-30

Գլխավոր | Հրաշքներ | Դու կրկին պտղաբեր կդառնաս․․․

Դու կրկին պտղաբեր կդառնաս․․․

Սիրելի՛ բարեկամ, տարվա ո՞ր եղանակն ես ամենաշատը սիրում։ Ոմանք սիրում են ամռան արևոտ ու տաք եղանակը։ Մյուսները ավելի սառը եղանակները՝ աշնան անձրևն ու վառ գույները, ձմռան ձյունն ու Սուրբծննդյան տոները և այլն։ 

Վաղը ձմռան առաջին օրն է։ Իրականում, ինձ համար յուրաքանչյուր եղանակ իր հմայքն ունի, քանի որ Աստված է մեր աշխարհն այդպես արարել։ Մենք պետք է սովորենք գոհանալ և բարձր տրամադրություն ունենալ տարվա ցանկացած եղանակի մեջ։ Մենք պետք է սովորենք տեսնել և վայելել տարվա յուրաքանչյուր եղանակի մեջ Տեր Աստծու դրած գեղեցկությունը։ 

Ճիշտ նույն կերպ մենք պետք է սովորենք գնահատել ոչ միայն տարվա եղանակները, այլև մեր կյանքի անգամ «ցրտաշունչ» եղանակները, երբ երկնակամարը պատվում է գորշ ու մռայլ ամպերով, երկար ժամանակ չենք տեսնում արևի պայծառ ճառագայթները, երբ անդադար աղոթում ենք և ոչ մի պատասխան չենք ստանում մեր աղոթքներին։

Կյանքի այսպիսի ժամանակները նույնպես զորավոր առավելություններ ունեն իրենց մեջ: Գիտե՞ս, թե ինչու։ Տեր Աստծուն սիրող և Նրա կամքին հնազանդ մարդկանց համար փորձությունները բարեկամներ են, այլ ոչ թե թշնամիներ, քանի որ դրանք մեզ սթափեցնում են, սովորեցնում և ուղղորդում. 

  • Մեր հայացքն ուղղել դեպի Տեր Հիսուսը։ 
  • Ամուր կառչել Նրանից։ 
  • Հույսով սպասել Նրա միջամտությանը։ 
  • Չնայել երևույթներին ու ստեղծված իրավիճակներին, այլ հավատքով վստահել Տեր Աստծու խոստումներին։

Ժողովող գրքի մեջ շատ գեղեցիկ կերպով խոսվում է վերը ասվածի մասին. «Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին…» (Ժողովող ‭3‬.11‬):

Համաձայն եմ, որ ձմռան ցուրտը այնքան էլ հաճելի չէ, հատկապես, եթե հաշվի առնենք ձմռանը սրընթաց աճ ապրող ծախսերն ու կյանքի դժվարությունները։ Այնուամենայնիվ, ձմեռը մեզ համար ոչ միայն առողջարար է, այլև կենսականորեն անհրաժեշտ։ Ձմռան շնորհիվ է, որ ողջ բնությունն անցնում է «հանգստի» շրջանով և պատրաստվում ծաղկազարդ գարնանն ու պտղաբեր ամռանը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ճիշտ նույն կերպ, Աստված ցանկանում է, որ քո կյանքի ձմռան ժամանակ չընկճվես, այլ սրտումդ կրես այն վստահությունն ու խաղաղությամբ լի սպասումը, որ քո կյանք այցելած ձմռանից հետո գալիս են ծաղկազարդ գարունն ու պտղաբեր ամառը։ Ձմեռն իր դժվարություններն ունի, սակայն նաև ունի այնպիսի դասեր, որոնք երբե՛ք չես սովորի քո կյանքի մյուս եղանակների մեջ։ Ահա, թե ինչ է ասում մեր կյանքի ձմռան մասին Աստծո Սուրբ Խոսքը․

«Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք» (Հակոբոս 1.2-4):

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Տե՛ր, շնորհակալ եմ այսօրվա քաջալերանքիդ համար։ Շնորհակալ եմ, թե՛ ձմռան գեղեցիկ ու կարևոր եղանակի և թե՛ իմ կյանքի ցրտաշունչ ու ամպամած ժամանակների համար։ Հավատում եմ, որ իմ կյանքի յուրաքանչյուր ժամանակաշրջանում Դու ինձ համար պատրաստված օրհնություններ ունես։ Եվ անգամ իմ կյանքի «ձմռան» մեջ այնպիսի օրհնություններ ու դասեր ես պարփակել ինձ համար, որոնք ես ոչ մի ուրիշ ժամանակի մեջ կարող չէի լինի ընդունելու Քեզնից։ Այո՛, իմ բարի Աստվա՛ծ, Դու ամեն բան պատշաճ ես արել՝ իր ժամանակին։ Ես հավատում եմ, որ Քո ողորմությամբ և Քո շնորհքի զորությամբ ես կարողանալու եմ անցնել իմ կյանքի հաջորդ ժամանակաշրջանին, որտեղ դժվարություններից հղկված, ամրացած և դասերը յուրացրած առաջ եմ ընթանալու դեպի թարմության և պտղաբերության լիառատ կյանքը, որը Դու ես պատրաստել ինձ համար։ Իմ սիրտը լի է ուրախությամբ և Քեզ վստահելուց բխած գոհունակությամբ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ 

Հավատում եմ, որ այսօր Աստված կամենում է սովորեցնել քեզ սիրել ձմեռն այն նույն չափով, որով սիրում ես տարվա մյուս եղանակները։

Աշնան այս վերջին օրվա ողջ ընթացքում քեզ հրաշալի օր եմ մաղթում Տեր Աստծու քաղցր ու ջերմ ներկայության մեջ։ Նա ժամանակի Տերն է և ամեն բան պատշաճ է արարել․․․ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ 

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: