November-10

Գլխավոր | Հրաշքներ | Պատրաստվիր դե՛ն նետելու քո հնամաշ հանդերձները

Պատրաստվիր դե՛ն նետելու քո հնամաշ հանդերձները

Սիրելի՛ բարեկամ, երբևէ փոխե՞լ ես բնակության վայրդ։ Միայն տեղափոխման ժամանակ ես պատկերացում կազմում, թե որքա՜ն շատ ու անօգուտ իրեր ես կուտակել… և թե որքա՜ն շատ տեղ են դրանք զբաղեցնում։ Նման դեպքերում մարդը որոշում է աչքի անցկացնել իրերը և ազատվել ոչ կարևոր կամ հնամաշ առարկաներից։ Դրանք մենք նվիրում ենք մյուսներին կամ դեն նետում, ինչպես օրինակ փոքրացած կամ հնաոճ դարձած հագուստները։ 

Իսկ եթե նույն իրավիճակը ճշմարիտ է նաև քո հոգևոր կյանքում․․․ Ի՞նչ ես կարծում՝ ինչ կլինի, եթե դեն նետես քո հին հանդերձները և նորերը ստանաս քո երկնային Հորից։ Ահա մի հրաշալի հատված Աստվածաշնչից․ 

«Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է Իր փառավորության համար» ‭‭(Եսայիա‬ ‭61‬.3‬): 

Աստված կամենում է Իր ցնծության յուղով օծել քեզ և հագցնել քեզ գովաբանության պատմուճանը։ Բայց Նա երբե՛ք այդ նոր հանդերձը չի հագցնի քեզ, եթե նախ քո վրայից չհանես հինը։ Իսկ որո՞նք են դրանք։ Քո «հին հանադերձները» կարող են լինել…

  • Վատ սովորությունները,
  • Տրտունջն ու դժգոհությունը,
  • Հպարտությունն ու մարդկանց կառավարելու կամ իշխելու ցանկությունը,
  • Վախը կամ ինքնադատապարտությունը, 
  • Մեղքը, որը սիրում ես, թաքցնում կամ արդարացնում։ 
  • Եվ այլն։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր ճիշտ օրն է, որ քո վրայից հանես այդ բոլոր հին հանդերձները, որոնք աղտոտված են և միայն անհարմարություն ու անհանգստություն են բերում քո կյանք։ Առաջարկում եմ թողնել դրանք Տեր Հիսուսի խաչի մոտ և այլևս երբեք չհագնել ու չաղտոտվել դրանցով։ 

Քո անցյալը չի կարող որոշել քո ներկան և ապագան՝ ո՛չ քո սոցիալական դիրքն ու հասարակության մեջ ունեցածդ կարգավիճակը, ո՛չ քո ընտանեկան դրությունն ու մարդկանց հետ հարաբերություններում ստացած վերքերդ, ո՛չ էլ քո վախերն ու սեփական անձիդ հանդեպ անվստահությունը․․․ Աստված է որոշում քո իրական արժեքը։ Նա հավատարիմ է։ Նա սիրում է քեզ։ Նա քեզ նոր հանդերձներ կտա և  կօգնի քեզ Իր հետ նորոգված կյանք ապրելու հարցում։ 

Սակայն կա մի կարևոր պայման՝ մե՛նք պետք է որոշում կայացնենք մեր վրայից հին հանդերձները հանելու և նորը հագնելու առումով։ Աստված առաջարկում է, բայց որոշողը մենք ենք։

«․․․հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ և նո՛րը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր Արարչի պատկերի» (Կողոսացիս 3․9-10):

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Տե՛ր, ես իմ հին հանդերձները բերում եմ և թողնում Քո ոտքերի տակ։ Իմ վատ սովորությունները, որոնք չեմ կարողանում հաղթահարել, իմ մեղքերը, որոնց ծառան եմ եղել այսքա՜ն երկար ժամանակ, իմ վախերն ու սխալ պատկերացումները Քո մասին և Քո Խոսքի վերաբերյալ… Ես ամեն բան Քեզ եմ հանձնում։ Շնորհակալ եմ Տեր Հիսուսի խաչի զոհաբերության համար, որի շնորհիվ ես նոր կյանք ունեմ։ Շնորհակալ եմ Քո ներողամտության համար, Քո տված խաղաղության և Քո շնորհքի համար, որը հենց այս պահին ընդունում եմ հավատքով։ Օգնի՛ր ինձ, Տեր, գտնելու Քո ճշմարիտ Խոսքը ուսուցանող եկեղեցի և աստվածավախ հոգևոր առաջնորդ, որպեսզի կարողանամ աճել իմ հավատքի կյանքում և մաքուր պահել այն նոր ու սքանչելի արդարության հանդերձները, որ այսօր հագցնում ես ինձ։ Շնորհակալ եմ, իմ բարի և ողորմած Տե՛ր։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: