October-29

Գլխավոր | Հրաշքներ | Դու ծնվել ես, որպեսզի քո միջոցով դրսևորվի Տեր Աստծո սերը

Դու ծնվել ես, որպեսզի քո միջոցով դրսևորվի Տեր Աստծո սերը

Սիրելի՛ բարեկամ, քայլ առ քայլ մոտենալով Աստծուն՝ դու աճում ես․․․, աճում գիտելիքով, իմաստությամբ… և նաև աճում ես Աստծո սիրո մեջ: Քո հոգևոր աճին զուգահեռ, այդ սերը ձևավորվում է քո մեջ, զարգանում, աճում և ամրանում։ Ժամանակի հետ այն սկսում է դրսևորվել Տեր Աստծո, Նրա գործի և մյուս մարդկանց հանդեպ:

Արդյոք գիտե՞ս, որ քեզ անձնական հոգևոր աճ է անհրաժեշտ, որպեսզի կարողանաս ծառայել Աստծուն և օգտակար լինել քո շրջապատի մարդկանց Աստծո սերն ու հոգատարությունը փոխանցելու հարցում։ Քո հոգևոր ներուժը՝ այն աստվածային պարգևը, որն ընդունել ես Տիրոջից, նման է մյուսների համար Աստծո կողմից պատրաստված նվերի: Աստված քեզ առաջարկում է դառնալ Իր օրհնության միջոցը մյուսների կյանքում՝ Նրա կողմից քեզ տրված պարգևների կիրառության շնորհիվ։ Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ տողերը. «Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ» (Ա Պետրոս 4.10

Անկախ նրանից, թե երկար տարիներ է, ինչ ծառայում ես Աստծուն, կամ նոր ես սկսել ծառայել, և անգամ եթե դեռ նոր ես կանգնել նման որոշում կայացնելու հարցի առջև, կարևոր է, որ հստակ գիտակցես, որ ամենագեղեցիկ նվերը, որը կարող ես փոխանցել մարդկանց, դա Աստծո սերն է:

Որպեսզի կարողանաս դառնալ այնպիսի ծառայող, ով այս ամենագեղեցիկ նվերն է փոխանցում մարդկանց, դու պետք է թույլ տաս, որ․․. 

  • Աստված քայլ առ քայլ փոխակերպի քեզ և քեզնից կերտի Իր պատկերն ու նմանությունը:
  • Աստված ամեն օր Իր Խոսքի միջոցով քեզ լցնի Իր իմաստությամբ և ճշմարտությամբ:
  • Աստված քո ներսում ձևավորի Իր սերն ու կարեկցանքը, որպեսզի կարողանաս հպվել մարդկանց սրտերին:
  • Աստված լուսավորի քո միտքը և քաջություն դնի քո սրտում, որպեսզի կարողանաս մարդկանց հետ բաժնեկցել Տեր Հիսուս Քրիստոսի շնորհած փրկության Բարի Լուրը:
  • Աստված առաջնորդի քեզ այս կյանքում, որպեսզի ապրես, մտածես, խոսես ու գործես այնպես, ինչպես կգործեր Տեր Հիսուսը:

Ուրախացի՛ր ու ցնծա՛, քաջալերվի՛ր և ամրացի՛ր այն մտքից, որ Աստված ուզում է վերցնել քո կյանքն Իր ձեռքերի մեջ և դարձնել քեզ Իր պատկերի նմանությամբ մեկը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու արարվել ես առանձնահատուկ առաքելության համար: Դու այս աշխարհին Աստծո սիրո վկայությունը պետք է փոխանցես։ Քո կյանքը, քո խոսքերը, քո մտքերը, քո վարքագիծն ու գործերը, քո բնավորությունն ու փոխակերպված արժեհամակարգը պետք է քո շրջապատի մարդկանց պատմեն Աստծու սիրո և հոգատարության մասին։ Եվ վերջապես, քո կյանքում այդ սիրո առկայությունն է Քրիստոսի աշակերտը լինելու ամենավառ ապացույցը։

«Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք» (Հովհաննես 13․35):

Աղոթի՛ր ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ Քեզ Քո անսահման համբերության համար։ Ես շատ դժվար եմ անցնում Քեզ նմանվելու հոգևոր ընթացքով, և, այնուամենայնիվ, Դու չես հոգնում ինձնից, այլ պարուրում ես ինձ Քո հոգատար և բժշկարար սիրով։ Ես ուզում եմ աճել հոգևորապես, առաջ գնալ և ավելի ու ավելի նմանվել Քեզ՝ սովորելով Քեզնից Տեր Աստծուն հաճելի կյանք ապրելու սկզբունքները: Ես աղոթում եմ, որ իմ սերը Քո և ինձ շրջապատող մարդկանց հանդեպ օր օրի ավելի ու ավելի մեծանա, որպեսզի կարողանամ Քեզնից ստացած շնորհքը, սերն ու օրհնությունները փոխանցել նրանց։ Օգնի՛ր ինձ, իմ Տե՛ր, Քեզ նմանվելու իմ ընթացքի մեջ։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

Ես իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ դու հզոր հոգևոր ազդեցություն ես ունենալու քո շրջապատի մարդկանց կյանքերի վրա: Ո՛չ մի խոչընդոտ ու ո՛չ մի պատնեշ չեն կարող արգելք հանդիսանալ Աստծո սիրո գործերի համար, որոնք բխում են Նրան հավատացող և հավատարմորեն ծառայող աշակերտի կյանքից: Եվ քեզ համար նման աշակերտ դառնալու հնարավորություն է բացված։ Ինչպիսի՞ն է լինելու քո արձագանքը Տեր Աստծո այս հրավերին․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: