October-6

Գլխավոր | Հրաշքներ | Հարցրո՛ւ Աստծու Սուրբ Հոգուն․․․

Հարցրո՛ւ Աստծու Սուրբ Հոգուն․․․

Սիրելի՛ բարեկամ, հավատքը նման է կենդանի օրգանիզմի: Այն կարող է աճել, զորանալ կամ թուլանալ ու տկարանալ: Որպեսզի մեր հավատքն աճի, այն պետք է սնվի Տեր Աստծու և Նրա Խոսքի հանդեպ մեր վստահությամբ: Այսպիսով, մեր հավատքը կարող է «դադար ունենալ» իր աճի մեջ, եթե մենք թույլ տանք, որ կասկածները և Տեր Աստծու հանդեպ անվստահությունը տիրեն մեր սրտերին:

Որպեսզի օրինակով հասկանանք ասածս, փորձենք պատկերացնել մի իրավիճակ, երբ տունը վերանորոգելու համար վարպետ ենք կանչում, բայց չենք վստահում, որ նա մուտք գործի մեր տան բոլոր սենյակները։ Այն սենյակները, որտեղ նա մուտք գործելու և այնտեղ աշխատելու թույտվություն ուներ, վերանորոգվում են ու կարգի բերվում։ Իսկ մյուս սենյակները մնում են այնպես, ինչպես նախկինում էին։ 

Նույնը ճշմարիտ է քրիստոնյայի և Սուրբ Հոգու հարաբերության պարագայում։ Աստծու Հոգին մեծ փափագով ուզում է փոխել քո կյանքը, նորոգել ու վերականգնել քեզ և բժշկել քո կոտրված զգացմունքներն ու խոցված սիրտը։ Սակայն Նա կարող է դա անել միայն այնքանով, որքանով դու դռներ ես բացում Նրա առջև… 

Այլ կերպ ասած, Տերը կարող է կյանք, խաղաղություն և վստահություն բերել քո կյանքի միայն այն ոլորտներում, որտեղ մուտք գործելու թույլտվություն և հրավեր ունի։ Եթե դու Նրա առջև չես բացել քո կյանքի տարբեր ոլորտների դուռը․․․, եթե Նրա համար չես ապահովել լիարժեք հասանելիություն, ապա Նա գործելու է քո կյանքի ընդամենը մի որոշակի հատվածում։ Իսկ կյանքիդ մյուս ոլորտներում քո հավատքը կարծես կաթվածահար եղած վիճակում լինի։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե վերը նկարագրված իրավիճակը նաև քո կյանքի նկարագրությունն է, ապա ուզում եմ քեզ հավաստիացնել, որ քո իրավիճակից կա՛ ելք։ Վստա՛հ եղիր, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ: Դու կարո՛ղ ես այնպես անել, որ քո հավատքը կրկին սկսի աճել: Եթե կուզես, մի գործնական քայլ եմ առաջարկելու քեզ։ Բայց մի կարևոր պայման կա՝ խնդրում եմ, որ դու լիովին անկեղծ լինես:

Աղոթի՛ր և աղոթքիդ մեջ Տեր Աստծուն տուր հետևյալ հարցերը. «Տե՛ր, որո՞նք են իմ կյանքի այն ոլորտները, որոնք ես չեմ բերել քո առջև և լիարժեք կերպով չեմ հանձնել քո վերահսկողությանը։ Իմ կյանքի ո՞ր ոլորտները կամ բնավորության ո՞ր գծերն են, որ կարիք ունեն Քո միջամտությամբ փոխվելու, վերականգնման և Քո հպման բերած բժշկության։ Ի՞նչն է իմ կյանքում, որ քեզ հաճելի չէ և որ Դու ուզում ես, որ փոխվի ու իմ կյանքը քո կամքին համապատասխան դառնա․․․»:

Այս անկեղծ հարցերից հետո, ժամանակ անցկացրու լռության մեջ և ուշադրություն դարձրու, թե ինչ է գալիս քո մտքին՝ քո հոգու և քո սրտի մեջ։ Եվ երբ հայտնաբերես այդ ոլորտները կամ բնավորության գծերը․․․, երբ հայտնաբերես քո կյանքի այն սենյակները, որոնց նորոգումը չես վստահում ամենահմուտ Վարպետին, այն ժամանակ աղոթի՛ր այս աղոթքով․ «Տե՛ր, ես գիտեմ, որ թույլ չեմ տվել Քեզ, որ  լիակատար վերահսկողություն ունենաս իմ կյանքի այս ոլորտի վրա։ Եվ, արդյունքում, այդ ամենն իմ մեջ մի անհանգստություն է բարձրացրել, որը տկարացնում է իմ հավատքը և խանգարում ինձ այս կյանքը լիարժեք ապրելու հարցում։ Այսօր ես խնդրում եմ, որ փոխես իմ կյանքի ընթացքը: Ես ամբողջովին Քեզ եմ հանձնում այն ոլորտները, որոնց մասին խոսեցիր իմ սրտին։ Շնորհակալ եմ, Տե՛ր, Քո սիրո և խաղաղության համար, որ հեղվում է իմ սրտի մեջ իմ ապաշխարությանը զուգահեռ։ Շնորհակալ եմ, որ իմ հավատքն ու վստահությունը Քո հանդեպ կրկին աճում է և ամրանում: Աղոթում եմ Տեր Հիսուսի Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: