October-2

Գլխավոր | Հրաշքներ | Երբ քո նավակը սկսում է սուզվել․․․

Երբ քո նավակը սկսում է սուզվել․․․

Սիրելի՛ բարեկամ, այսօր ևս շարունակում ենք մեր շարքը՝ հիմնված «Հյուղակը» ֆիլմի վրա, որը պատմում է Մաք անունով մի մարդու մասին, ով կորցրել էր դստերը ողբերգական հանգամանքներում և արձագանքել Աստծո խորհրդավոր հրավերին: 

Ֆիլմի տեսարաններից մեկում Մաքը փորձում է նավակով անցնել լճի մյուս կողմը։ Հանկարծ տեղի է ունենում անսպասելի իրադարձություն. նրա նավը սկսում է վտանգավոր կերպով ճոճվել և լցվել ջրով: Հենց այդ ժամանակ Տեր Հիսուսին մարմնավորող կերպարը գալիս է օգնելու Մաքին և նրան դուրս բերելու այդ վտանգավոր իրավիճակից: Ես սիրում եմ այս տեսարանը, որովհետև այն հիանալի կերպով փոխանցում է աստվածաշնչյան այն անխախտ ճշմարտությունը, որ մեր Փրկիչը մշտապես մեր կողքին է և միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնելու յուրաքանչյուր մեկի, ով Իր հույսը Նրա վրա կդնի (տե՛ս Մատթեոս 28.20 խոսքը)։ 

Այնուամենայնիվ, ճշմարիտ է նաև այն, որ մեր կյանքի որոշ իրադարձություններ՝ անսպասելի պատահարները, անցյալի վատ հիշողությունները, վիշտը, սուգը, մարդկանց վատ վերաբերմունքն ու հասցրած վերքերը, կարող են ճոճել մեր կյանքի նավակն այնքան ուժգին, որ այն լցվի ջրով և մոտ լինի սուզվելուն։ Դրանք երբեմն նույնիսկ կարող են սասանել մեր հավատը: Նման դեպքերում մեր աչքերն այլևս ոչ թե Տեր Հիսուսին են ուղղված լինում, այլ մեր տառապանքին ու մեր խնդիրներին: Երբ դրանք լցնում են մեր կյանքի նավակը, մեզ համար դժվար է լինում առաջ ընթանալը։ Այս ամենը կարող է հանգեցնել անգամ կործանարար նավաբեկության։ 

Երբ փորձում ես միաժամանակ երկու տարբեր ձայներ լսել և միաժամանակ ընկալել երկու իրարամերժ պնդումները, շատ հավանական է, որ չկարողանաս սթափ գնահատել լսածդ, քանի որ չես կարող կենտրոնանալ խոսքերի իմաստի վրա։ Լսելով անցյալի մեր ցավերի կամ ներկայի տառապանքի ձայնը, մենք կորցնում ենք Տեր Հիսուսի ձայնը հստակ լսելու կարողությունը: Այսօր որոշում կայացրո՛ւ բոլոր ձայների մեջ կենտրոնանալու և լսելու Տեր Հիսուսի բժշկարար և փրկարար ձայնը։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե սուզվող նավակի համեմատությունը նկարագրում է նաև քո կյանքի ներկայիս իրավիճակը, ապա առաջարկում եմ միասին աղոթել այս կարճ աղոթքով․ «Տե՛ր, դու գիտես, թե ինչի միջով եմ անցնում: Դու գիտես իմ մասին այն, ինչը ուրիշ ոչ ոք չգիտի։ Դու տեսնում ես ինձ: Դու գիտես իմ անցյալը։ Դու գիտես նաև իմ ներկան։ Դու ամեն բան գիտես իմ մասին։ Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որպեսզի դադարեմ նայել իմ անցյալին, իմ տառապանքին և, փոխարենը, հայացքս ուղղեմ Քեզ և ամուր բռնեմ ինձ մեկնած Քո օգնության ձեռքը։ Խնդրում եմ՝ լցրու ինձ Քո անսասան խաղաղությամբ և հարատև ուրախությամբ։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով: Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: