Սիրելի՛ բարեկամ, Պողոս առաքյալը, որպես առաջին եկեղեցու ծառայող, կրթություն էր ստացել Գամաղիելի ոտքերի մոտ՝ հայրերի օրենքի համաձայն (տե՛ս Գործք Առաքելոց 22․3 խոսքը)։
Չնայած նրան, որ Պողոսը կրթվել էր այդ ժամանակների լավագույն ուսուցիչներից մեկի մոտ և իր ժամանակների ամենակրթված մարդկանցից մեկն էր, նա նաև սովորել էր վրանագործության արհեստը:
Մինչև Քրիստոսին ընդունելը Պողոսը գիտնական էր և քաղաքական ազդեցիկ գործիչ։ Քրիստոսին հանդիպելուց և դարձի գալուց հետո նա տարիների ընթացքում դարձավ Քրիստոսի եկեղեցու ամենաազդեցիկ առաքյալներից և ուսուցիչներից մեկը, ում գրվածքները կազմում են Նոր Կտակարանի բավականին մեծ հատվածը։ Եկեղեցիներին ուղղված Իր թղթերի մեջ Պողոս առաքյալը նշում է, որ շատ ուրախ է, որ կարողանում է վաստակել իր հանապազօրյա հացը՝ առանց որևէ մեկի օգնության ակնկալիքն ունենալու։ Աստված Պողոսին տվել էր այս աշխատանքը, որպեսզի Նա կարողանար ծառայել Աստծուն ցանկացած վայրում և ցանկացած իրավիճակում։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչո՞ւ եմ ես այս ամենը պատմում քեզ: Եթե մասնագիտական հնարավորությունների դուռը փակվում է, մի հուսահատվի՛ր, որովհետև Աստված մեկ ուրիշ դուռ կարող է բացել քո աշխատանքի համար։ Եթե գիտնական ու աստվածաբան Պողոս առաքյալը վրան էր գործում, ապա մենք էլ պետք է պատրաստ լինենք ցանկացած աշխատանքի մեր ու մեր ընտանիքի ֆինանսական կարիքները բավարարելու համար։ Միջազգային փորձագետի և դասախոսի իմ աշխատանքներից հետո ես երկար տարիներ իմ ընտանիքի ապրուստն ապահովել եմ գյուղատնտեսությամբ և թարգմանություններով։
Եվ հիմա կարող եմ վկայել, որ Աստված հոգ է տանում Իր զավակների համար։ Այս տարիներին մենք երբեք կարիքի մեջ չենք եղել։ Եթե դու էլ անցնում ես դժվարին ժամանակներով, անկախ քո կյանքի հանգամանքներից և քո առջև ծառացած խնդիրներից, երբե՛ք չհուսահատվես: Պատրաստ եղի՛ր ցանկացած աշխատանքի։ Աշխատի՛ր պարտաճանաչ, կարգապահ և ջանասիրաբար։ Աստված քեզ համար հրաշալի ծրագրեր ունի: Վստահի՛ր Նրան հավատքով։ Աստված դուռ կբացի քո առջև, եթե դու ուղիղ ապրես Նրա առջև։
Աղոթում եմ, որ այս օրինակները քաջալերեն քեզ…
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։