Սիրելի՛ բարեկամ, մենք վերջին օրերին խոսեցինք մարդկանց ներելու մասին, բայց ինչպե՞ս ես նայում քո ներմանը։ Հավատո՞ւմ ես, որ քո մեղքերը ներված են հենց այս պահին՝ հիմա և այստեղ:
Աստվածաշնչում կարդում ենք Տեր Աստծո հետևյալ խոսքերը. «Ես, Ե՛ս եմ Նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն Ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը» (Եսայի 43․25)։
Աստված խոսում է ներման մասին, որը ներկայում է՝ հիմա և այստեղ: Աստված չի ասում, որ կջնջի մեր մեղքերը մի օր, կամ գուցե ների մեզ հետագայում։ Նա խոսում է ներկա ժամանակով։ Անշուշտ, Տեր Աստծուց ներում ստանալու պայմանը հավատքն է և հավատքի պտուղ հանդիսացող ապաշխարությունը։ Սակայն ներման պայմանների առկայության պարագայում Տեր Աստծո պարգևած ներումը գործում է հե՛նց ներկայում։
Ոմանք կարծում են, թե անհնարին է երկրային կյանքի ընթացքում համոզված լինել, որ մեր մեղքերը ներված են: Սակայն Աստծո Խոսքը մեզ վստահեցում է, որ մարդու մեղքերը ներվում են հե՛նց նրա ապաշխարության պահին։
Աստված գիտի, որ մեր հոգիները կարիք ունեն վստահության։ Մարդը պետք է վստահ լինի Իր ներված և փրկված լինելու հարցում։ Ահա թե ինչու Նա մեզ Իր խոստումը տվեց, որ մենք համոզված լինենք, որ հենց այն պահին, երբ մենք հնազանդության հավատքով հավատում ենք Տեր Հիսուսին, Ով մահացավ մեր մեղքերի համար և երրորդ օրը հարություն առավ, հե՛նց այդ նույն պահին մեր բոլոր մեղքերն արդեն իսկ ներված են ու ջնջված:
Աստված երբեք կրկնակի հատուցում չի պահանջում: Տեր Հիսուսն արդեն իսկ վճարել է քո գործած հանցանքների համար, և քեզնից չի պահանջվելու այն մեղքերի հատուցումը, որոնց համար ապաշխարել ես և որոշում ես կայացրել հեռանալու դրանցից։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ միասին աղոթենք ու ստանանք Տեր Աստծո ներման շնորհը հենց հիմա․ «Իմ բարի և ողորմած երկնային Հա՛յր, քննի՛ր ինձ Քո Սուրբ Հոգով և ցույց տուր ինձ, իմ մեջ եղած մեղքերն ու չար ճանապարհները: Քո Խոսքի բժշկարար լույսը սփռի՛ր իմ սրտի մեջ և բացահայտի՛ր բոլոր այն ոլորտները, որոնք Քո կամքին հակառակ են և չեն համապատասխանում Քո ակնկալած ապրելակերպին։ Ես իմ ամբողջ էությամբ ուզում եմ հեռանալ ամեն մեղքից ու հանցանքից, որը դեմ է Քո կամքին ու Քո Խոսքին։ Խնդրում եմ՝ ների՛ր ինձ իմ բոլոր մեղքերը: Շնորհակալ եմ Տեր Հիսուսի արյան համար, որ որպես իմ մեղքերի համար վճար թափվեց Գողգոթայի խաչի վրա։ Ես հավատում եմ Քո Խոսքին և գիտեմ, որ Նրա թանկ ու պատվական արյունը մաքրում ու լվանում է ինձ իմ բոլոր մեղքերից: Եվ որովհետև Դու ներել ես ինձ, ես նույնպես որոշում եմ կայացնում ներելու ինձ իմ գործած մեղքերի համար: Ես հավատում եմ, որ հիմա ես այլ մարդ եմ։ Հինը մահացել է, և նորն է ապրում իմ մեջ։ Ես Քո աշակերտն եմ և խնդրում եմ Քեզ օգնելու ինձ ապրել այնպիսի մի կյանք, որը կուրախացնի Քո բարի և ողորմած սիրտը։ Ես իմ ողջ սրտով ուզում եմ գոհացնել Քեզ իմ ապրած կյանքով ու կայացրած որոշումներով։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամեն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը