June-30

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ դու առավոտյա՞ն մարդ ես․․․

Իսկ դու առավոտյա՞ն մարդ ես․․․

Սիրելի՛ բարեկամ, հավատա՛ ինձ՝ հրաշալի և քո կյանքի համար շրջադարձային կլինի, եթե օրդ Տեր Աստծո հետ սկսելու սովորություն զարգացնես քո կյանքում։ Անշուշտ, հեշտ գործ չէ մեր առավոտյան գործերի և հագեցած օրակարգի ամենասկզբում հավատքի կյանքի համար ժամանակ հատկացնելը։


Ասում են, որ եթե որևէ բան երեք կամ չորս շաբաթ կարգապահ կերպով անես, ապա շատ հավանական է, որ դա դառնա քո կյանքի սովորություններից մեկը։ Անշուշտ, առավոտյան մենք ժամանակ ունենում ենք շատ կարևոր գործերի համար։ Որքան էլ հագեցած լինի մեր օրը, որքան էլ զբաղված լինենք տարբեր հոգսերով ու անհետաձգելի գործերով, մենք հաստատ ժամանակ հատկացնում ենք, օրինակ, լվացվելուն, որովհետև չենք էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է օրը սկսել առանց այդ կարևորագույն թարմացնող ու մեր տեսքը կարգի բերող գործողության։ 

Եվ այսպիսի կարևորագույն գործողությունների ցուցակը տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Ոմանք իրենց առավոտը չեն կարող պատկերացնել առանց սուրճին ժամանակ հատկացնելու, ոմանք՝ թարմ լուրերին ծանոթանալու, ոմանք՝ սոցիալական ցանցերում գիշերվա ընթացքում կատարվածը ստուգելու, ոմանք ստացած նամակներին տեղեկանալու և այլն։ Եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ապա պետք է խոստովանենք ու համաձայնենք, որ մենք միշտ ժամանակ ունենք այն բաների համար, ինչը կարևորում ենք։

Գուցե շատ անգամ ես որոշել քո օրը Աստծո հետ սկսելու սովորությունը զարգացնել և առավոտյան ժամանակ հատկացնել Աստվածաշունչ կարդալուն, որևէ հոգևոր երգ լսելուն և երկրպագության ու աղոթքի ընթացք ունենալուն։ Սակայն մի քանի օր անց ավելի շատ նախընտրել ես քնել կամ մեկ այլ հրատապ գործով զբաղվել, և չես կարողացել պահել խոստումդ կամ կայուն կերպով կյանքի կոչել որոշումդ։ 

Մեզնից շատերը որպես արդարացում ասում են. «Ես առավոտվա մարդ չեմ։ Ես նախընտրում եմ երեկոյան առանձնանալ Աստծո հետ»։ Իրականում, շատ հնարավոր է, որ ասվածը բացարձակ ճշմարտություն լինի։ Եվ ես ոչինչ չունեմ երեկոյան հավատարիմ Աստծո հետ ժամանակ անցկացնող մարդկանց դեմ և չեմ պնդում, թե պարտադիր այդ ժամանակը պետք է լինի առավոտյան, եթե, իհարկե, երեկոյան ստացվում է կանոնավոր կերպով առանձնանալ Տեր Աստծո հետ։

Սակայն ինձ համար յուրաքանչյուր առավոտ մի նոր պարգև է Տիրոջից, մի նոր սկիզբ, հնարավորություն սկսելու օրը մեզ համար ամենակարևոր ու առաջնային գործով՝ մեր սիրելի Փրկչի հետ նոր ու թարմ հարաբերությամբ։

Ես սիրում եմ այս հատվածը, որտեղ Դավիթ թագավորը նկարագրում է իր նոր սկսվող օրն Աստծո հետ. «Տե՛ր, առավոտից լսում ես իմ ձայնը, առավոտից առջևդ պիտի դնեմ իմ խնդրանքը և սպասեմ․․․» (Սաղմոս 5․3

Իհարկե մենք չենք կարող առանձնանալ և ամեն առավոտ ժամերով խորհել Աստծո Խոսքի շուրջ։ Բայց դա չի նշանակում, որ մենք ընդհանրապես ժամանակ չենք կարող հատկացնել օրն Աստծո հետ սկսելու կարևորագույն սովորությունը մեր կյանքում զարգացնելու համար։ Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր ժամանակի և հնարավորության սահմանը։ Այստեղ կարևորը պարտաճանաչությունն է և կարգապահությունը։

Մեր օրն այնքա՜ն արագ է անցնում՝  լի անսպասելի իրադարձություններով ու գործերով․․․ Սակայն Տերը կանչում է մեզ մինչև օրվա թոհուբոհի մեջ ընկղմվելը մեր սրտերը դնելու Նրա սրտի հաճախականության վրա։ Այդպիսով, մենք իմաստություն կընդունենք ողջ օրն Աստծո կամքի մեջ գործելու համար։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հիմա դու գիտես, թե ինչու ես իմ ուղերձները ստանում վաղ առավոտյան (մեծամասամբ)😊։

Ես աղոթում եմ, որ այս ուղերձները քաջալերեն քեզ զարգացնելու քո անհատական մտերմությունը մեր սքանչելի Աստծո հետ, Ով սիրում է քեզ ամեն ինչից առավել և աննկարագրելի հաճույք է զգում, երբ դու մուտք ես գործում Նրա ներկայության մեջ։

Շնորհակալ եմ, որ մեր ուղերձների հավատարիմ ունկնդիրներից մեկն ես։ Շնորհակալ եմ նաև, որ ոչ միայն լսում ու օրհնվում ես, այլև հույս ունեմ, որ դրանցով օրհնում ես քո մտերիմներին։

Բարի և օրհնյալ օր եմ մաղթում քեզ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: