May-22

Գլխավոր | Հրաշքներ | Դու իրական հրաշք ես

Դու իրական հրաշք ես

Սիրելի՛ բարեկամ, պատկերացրու, որ այս մոլորակի վրա ապրող և նաև երբևէ ապրած բոլոր մարդկանց մեջ չկա և չի եղել երկու բացարձակապես նույնանման մարդ: Դու միակն ես, ով ունի հենց այն արտաքին տեսքն ու բնույթը, որը միայն քեզ է բնորոշ՝ աչքերի գույնը, կազմվածքը, ձայնը և անգամ ծիծաղը…Քո անհատականությունը քեզ տարբերում է մյուս բոլոր մարդկանցից:

Աստվածաշնչում կարդում ենք այս հրաշալի տողերը․ «Գոհանում եմ Քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են Քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել» (Սաղմոս 139.14):

Այո՛, Աստված լավագույն Ստեղծագործողն է: Նա Ամենակարող է. Նրա ձայնից ողջ արարչագործությունը շարժման մեջ դրվեց։ Նա յուրաքանչյուր անհատի միայն իրեն բնորոշ արտաքին տեսքով ու բնույթով է արարել։ 

Այսօրվանից սկսած միշտ հիշի՛ր, որ Աստված է քեզ պարգևել այն հատկանիշները, որոնք երբեմն քննադատում ես: Մինչդեռ․․․

  • Դու  առանձնահատուկ ես և ստեղծվել ես հատուկ նպատակի համար:
  • Դու թանկարժեք մի մարգարիտ ես քեզ Ստեղծող Տիրոջ ձեռքերում և անգին մի գանձ:
  • Դու  սխալմունք չես և ոչ էլ պատահականության արդյունք, այլ Տեր Աստծո ընտրությունն ես և Նրա սիրո արդյունքն ու հետևանքը:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ամեն անգամ, երբ ուզում ես դժգոհել՝ տեսնելով քո արտացոլանքը հայելու մեջ․․․, երբ կասկածում ես քո որևէ արժեք ունենալու հարցում կամ համեմատում ես քեզ մյուսների հետ, հիշի՛ր այս ճշմարտությունը և ամբողջ սրտով ընդունի՛ր այն.

Դու ձախողման հետևանք չես։ Դու Աստծո հրաշքն ես (կարդա՛ Սաղմոս 139․13-18 հատվածը)։

Ե՛կ միասին աղոթք բարձրացնենք մեր Տեր Աստծուն․ «Տե՛ր, ես գովաբանում եմ Քեզ, որ ես ահավոր և սքանչելի կերպով եմ ստեղծվել: Շնորհակալ եմ ինձ կյանք պարգևելու համար և այս ժամանակավոր մարմնի համար, որը գործում է Քո ողորմության շնորհիվ: Թող օրհնյալ լինի Քո սուրբ անունը, որ ինձ առանձնահատուկ, յուրովի և սիրուց դրդված ես ստեղծել։ Դու իմ կյանքը պահում ես Քո ձեռքերում, և ես ապահով եմ, քանի դեռ վստահում եմ Քեզ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։Ամեն»:

Օրհնյալ օր եմ մաղթում, որը լի է ուրախությամբ և հոգևոր հաղթանակներով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: