Սիրելի՛ բարեկամ, երբևէ մտածե՞լ ես հավատքի և իմաստության միջև եղած կապի մասին։ Հավատքը կարող է ընկալվել որպես մի բան, որը մեզ կարող է տանել խնդիրների մեջ։ Մի բան, որը քեզ մղում է հակառակ գնալ մարդկանց ու ողջ հասարակության կարծիքին, քեզ մյուսների աչքում դարձնում տարօրինակ և երբեմն էլ անգամ մերժված։
Մինչդեռ իմաստությունը իր մեջ չունի այս ռիսկայնությունը։ Այն ընտրում է ապահովության վայրն ու վտանգավոր ճակատամարտերից հեռու լինելը։ Իմաստությունը խաղաղություն է որոնում մարդկանց հետ և սովորեցնում է քեզ լռել, երբ քո խոսքերը վեճ են բորբոքելու, և խոսել, երբ դրանք բժշկություն են բերելու լսողներին։
Իրականում, հավատքն ու իմաստությունը չեն կարող իրարից անկախ գործել։ Հավատքն առանց իմաստության մարդկանց դարձնում է ֆանատիկ ու ծայրահեղական։ Իսկ իմաստությունն առանց հավատքի մարդկանց դարձնում է չափազանց զգուշավոր, երբեմն անգամ վախկոտ ու անգործունյա։
Աստծո ծրագիրը քո կյանքում շատ դժվար կլինի գործնականում վերապրելը, եթե հավատքն ու իմաստությունը միասին չեն գործում։ Դրանք թշնամիներ չեն և ոչ էլ հականիշներ։ Հավատքն ու իմաստությունն, իրականում, լավագույն ընկերներ են… Եվ այն լավագույն ընկերները, որոնց պետք է ունենաս քո կյանքում:
Աստվածաշնչում կարդում ենք. «Մե՛ղր կեր, որդյա՛կս, որովհետև այն լավ է, և մեղրախորիսխից կաթածը, որ քաղցր է քո քիմքին։ Իմացի՛ր, որ իմաստությունը նույնպիսին է քո հոգու համար. եթե գտնես այն, ապագա կա, և հույսդ չի կտրվի» (Առակաց 24.13-14):
Աստծո ծրագիրը քո կյանքում բացահայտելու և իրականացնելու համար փնտրի՛ր հավատք և իմաստություն:
Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ հավատքի աղբյուրը Աստծո Խոսքն է, իսկ այն ընդունելու կերպը՝ լսելը․ «Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից» (Հռոմեացիներին 10.17):
Եթե իրոք ուզում ես ամուր և կայուն հավատք ունենալ, ապա կառուցիր քո հավատքը՝ կարդալով, լսելով և խորհրդածելով Աստվածաշնչի՝ Աստծո անսխալական Խոսքի շուրջ: Սա կարող ես անել Աստվածաշնչի ընթերցանության, Աստվածաշնչյան հիմք ունեցող քարոզների, ինչպես նաև «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձների շնորհիվ և այլն:
Իսկ իմաստության համար Աստվածաշնչում գրված է, որ Աստված այն տալիս է յուրաքանչյուր մեկի, ով այն խնդրում է Իրենից (տե՛ս Հակոբոս 1.5 խոսքը):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, կարևոր է իմանալ, որ իմաստությունը նույնպես շերտ առ շերտ է կառուցվում։ Այն ունի տարբեր մակարդակներ ու տարբեր խորություններ։ Նման մշակված փայտի լաքապատելուն, որը շերտ առ շերտ փայտի վրա ավելացնելուց հետո ստանում ենք ամուր ու գեղեցիկ մի մակերևույթ, մեր բնավորության ամրության ու Քրիստոսի մեջ արմատացած լինելու համար այն նույնպես կարիք ունի իմաստության բազմաթիվ կիրառությունների՝ հավատարմության ու կարգապահության, համբերության ու հեզության, աշխատասիրության ու ժուժկալության և այլն:
Աստված հոգացել է, որ քո կյանքում դու ունենաս այն ամենն, ինչն անհրաժեշտ է այս կյանքի ու աստվածապաշտության համար։ Քեզ ընդամենը պետք է բարեկամանալ հավատքի և իմաստության հետ: Աստված օգտագործելու է դրանք, որպեսզի օգնի քեզ դառնալու հենց այնպիսին, ինչպիսին Նա է ցանկանում քեզ տեսնել:
Եվ դա անհնարին մի բան չէ, քանի որ եթե դու Քրիստոսին ընդունել ես որպես քո կյանքի Տեր և Փրկիչ, ապա Աստծո Սուրբ Հոգին քեզ հետ է և քո մեջ։ Նա քո լավագույն Ուսուցիչն է և Խորհրդականը։ Նա գիտի՝ ինչպես շերտ առ շերտ իմաստություն ավելացնի քո կյանքում։ Հենց Սուրբ Հոգու հետ մտերմության արդյունքում է, որ մենք իմաստություն ենք ընդունում Նրանից և հենց Սուրբ Հոգու կրակից է, որ Նրա Խոսքին հնազանդության արդյունքում բոցավառվում ու բորբոքվում է մեր հավատքը:
Ես շնորհակալ եմ Աստծուց, որ քո եղբայրն եմ Քրիստոսի մեջ և Աստված ինձ և մեր ողջ թիմին շնորհ է արել ծառայելու քեզ ամենօրյա այս ուղերձներով։ Որքան էլ դժվարին լինի կյանքիդ ընթացքը, շարունակիր առաջ ընթանալ… և նայի՛ր վեր: Քեզ զորացնողն Ինքն Աստված է:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։