Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերին անդրադառնալու ենք մի թեմայի, որը վերնագրել եմ այսպես՝ «Բացի՛ր հավատքիդ աչքերը․․․»։ Իրականում, ուզում եմ միասին լայն բացենք մեր հավատքի աչքերն ու տեսնենք, որ Աստված ամենալավն է ցանկանում մեզ համար: Նույնիսկ եթե դու դա չես տեսնում, չես զգում կամ չես լսում, Աստված չի փոխվում և Նա մշտապես բարի է և սիրող Իր բոլոր զավակների հանդեպ։ Եվ եթե մենք Քրիստոսի հանդեպ մեր հավատքի շնորհիվ դարձել ենք Նրա զավակները, ապա պետք է նաև հիշենք մեր երկնային Հոր ակնկալիքը Իր զավակներից. «Դո՛ւք չէ, որ Ինձ ընտրեցիք, այլ Ե՛ս ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք և պտղաբերեք, ու ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ Իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ» (Հովհաննես 15.16):
Գուցե երբեմն կասկածում ես, որ կարող ես Տիրոջ համար պտղաբեր կյանքով ապրել… Այնուամենայնիվ, Տեր Հիսուսը գիտի, որ եթե Իր մեջ մնաս, ապա մի օր անպայման պտղաբերելու ես, քանի որ Նա ընտրել է քեզ:
Աստված Իր խոսքով է տիեզերքը ստեղծել: Նրա խոսքն ասես սերմ լիներ, որը իր պտուղը տվեց։ Ամեն ինչ սկսվում է սերմից: Ցանկացած պտուղ աճի և հասունացման իր ճանապարհը սկսում է սերմից։ Սերմը ցանելու համար նախ պետք է հողը նախապատրաստել՝ պատրաստել համապատասխան տարածքը, մաքրել այն մոլախոտերից, փխրեցնել և ապահովել անհրաժեշտ խոնավությունը:
Սերմի չափը, գույնը և կառուցվածքն իրականում նշանակություն չունեն։ Կարևորն այն է, որ այն առողջ լինի։ Կարևորը այն ներուժն է, որը թաքնված է սերմի մեջ։ Եվ կարևոր է նաև, որ յուրաքանչյուր սերմ տնկվի ճիշտ պայմանների առկայության պարագայում։ Միայն այդ դեպքում այն կբացահայտի իր ողջ էությունը։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, նույնը ճշմարիտ է նաև քո կյանքի պարագայում: Ամենաարժեքավորն այն չէ, ինչը երևացող է և առկա է մակերեսին՝ քո կարգավիճակը, արտաքին տեսքը, աշխատանքը, ունեցվածքը, բնակության վայրը և այլն: Իրականում, կարևորն այն է, թե ինչ կա քո ներսում՝ այն «սերմերը», որոնք Արարիչ Աստված ցանել է քո հողի մեջ, որ դրել է քո սրտի խորքերում.
Ի՞նչ ես կարծում՝ որո՞նք են Նրա ցանած սերմերը:
-Որո՞նք են Աստծուց քեզ տրված պարգևները:
-Ինչպիսի՞ տաղանդներով է Նա քեզ օժտել:
-Ինչպիսի՞ երազանքներ է դրել քո սրտում։
Որպեսզի այս սերմերը դառնան իրականություն ու նյութականանան, դու պետք է ազատ արձակես ու գործի դնես քո մեջ առկա պարգևներն ու տաղանդները, ինչպես նաև գործնական քայլեր ձեռնարկես, որոնք կմոտեցնենք քո երազանքների իրականացումը։ Երբ քո մեջ ցանված սերմերը սկսեն ծլարձակել, դրանք մի օր առատ պտղաբերելու են․․․ և այդ իրական ու շոշափելի պտուղները օրհնություն են լինելու քո շրջապատի մարդկանց համար։
Մշտապես հիշի՛ր Տեր Հիսուսի խոսքերն այն մասին, որ մեր երկնային Հայրը փառավորվում է, երբ մենք առատ ու մնայուն պտուղներ ենք բերում: Ահա թե ինչպես ենք մենք դառնում Տեր Հիսուսի ճշմարիտ աշակերտները։ Ուրեմն, այլևս մի՛ սպասիր․․․ Գործի դի՛ր այն շնորհները, որոնք Աստված դրել է քո մեջ: Բացահայտիր քո կյանքի ներուժը: Աստված քեզ նպատակով է ստեղծե՛լ։ Նա քեզ համար ոչ միայն զորավոր փրկություն է պատրաստել, այլև վստահել է Իր Որդու կարևոր առաքելության մեջ քո ուրույն դերն ունենալը։ Դու կարևոր տեղ ունես Նրա փրկության ծրագրի մեջ։
Լայն բացի՛ր հավատքիդ աչքերը և տե՛ս անտեսանելի հոգևոր իրողությունները։ Դրանք հրաշալի են քեզ համար․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը