Սիրելի՛ բարեկամ, կյանքը ամենևին էլ ուղիղ մի գիծ չէ։ Ցանկացած մարդու կյանքը «վերելքների ու վայրէջքների» մի ամբողջություն է: Եվ մենք բոլորս կյանքի այս կամ այն ժամանակահատվածում անցնում ենք կամ դեպի խորը ձորերը տանող արահետներով, կա՛մ դրանցով բարձրանում ենք դեպի բարձր լեռնագագաթները։ Այո՛, ցավոք, այս «վայրէջքներն» անխուսափելի են, բայց մենք դրանցով անցնում ենք մի շատ հրաշալի ընկերակցությամբ։ Ահա թե ինչ է մեզ հիշեցնում Աստվածաշունչը. «Տերն է իմ հովիվը․․․Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև Դու ինձ հետ ես․․․ » (Սաղմոս 23.1,3-4)
Իսկ ո՞րն է քո կյանքի այս ժամանակահատվածի վայրէջքը կամ ձորը, որի միջով անցնում ես: Միգուցե դա անբուժելի հիվանդությու՞նն է կամ որոշ մարդկանց հետ խաթարված հարաբերությունների բերած տառապա՞նքը, ֆինանսական դժվարություննե՞րը, պարտքե՞րը, ընտանեկա՞ն խնդիրները․․․ կամ գուցե տխրությո՞ւնը, մենակությո՞ւնը, մերժվածության զգացո՞ւմը, վախե՞րն ու անհանգստությունները։
Ինչով էլ, որ անցնելիս լինես, հայացքդ ո՛չ թե ուղղիր այդ ձորի ստվերների վրա, այլ տե՛ս քո Փրկչին, որ քեզ մենակ չի թողել այդ մթին ձորում և քայլում է քո կողքին: Թո՛ւյլ տուր, որ Նա խաղաղեցնի քեզ այսօր, և հավատքով ընդունի՛ր Նրա բոլոր խոսքերը .
- Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը (Մատթեոս 28.20):
- Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի (Երեմիա 31.3):
- Ես առաջնորդում եմ քեզ․․․ քեզ բարձր տեղերի վրա եմ քայլեցնում։ Ես քո ոտքերը եղնիկների նման եմ անում (Ամբակում 3․19):
- Ես հոգ եմ տանում քեզ այնքան ,որ իմ գրկում եմ կրում քեզ (Եսայիա 40․11):
- Ես հսկում եմ քեզ․.․ որսացողի որոգայթից, չար ժանտամահից (Սաղմոս 91:1-2):
- Ես չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ (Հեսու 1․5):
- Ես քո աչքերից պիտի սրբեմ ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան (Հայտնություն 21.4):
Ստվերոտ ու մռայլ ձորերից հետո Աստված ծրագրել է քեզ համար նոր գագաթներ, նոր հաղթանակներ և նոր հորիզոններ:
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մինչ մեջքդ խոնարհված է հովտում ու ոչինչ չես տեսնում, հիշի՛ր, որ Աստված բարի Հովիվ է: Նրա ցուպն ու գավազանը մխիթարում են քեզ: Նա հրավիրում է քեզ հիմա նորից բարձրացնելու քո գլուխը, որպեսզի տեսնես հորիզոնները, նոր օրհնությունները, որ Աստված է պատրաստել և տեսնես հենց այն տեղից, որտեղ կանգնած ես այսօր:
Հավատա, որ Աստված շուտով քեզ դուրս կբերի կիսախավար այդ ձորից և Հիսուսի անունով կառաջնորդի դեպի գեղեցիկ ու արևոտ գագաթներ:
Մաղթում եմ, որ այսօր հիանալի օր անցկացնես մեր Բարի Հովվի՝ Տեր Հիսուս Քրիստոսի քաղցր ընկերակցությամբ:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը