Սիրելի՛ բարեկամ, եթե դու Աստծո կանչին «այո՛» ես ասել, ապա Աստված ոչ միայն քեզ հետ է, այլև Նա մի առանձնահատուկ տեղ է զբաղեցնում քո կյանքում, որը, վստահ եմ, զորացնելու է քեզ և հաստատելու է քեզ քո հոգևոր ընթացքի մեջ։ Ահա թե ինչ է մեզ փոխանցում Աստվածաշունչը. «Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմեացիս 8.31):
Եվ իրոք, եթե Աստված որոշել է քեզ հետ լինել, ապա ո՞վ կարող է հակառակ կանգնել քեզ, երբ Աստված քո կողմից է։
Երբ Աստված կանգնած է մեկի կողքին, ապա դա արդեն մեծամասնություն է, եթե նույնիսկ այդ մարդն իրեն մենակ համարի, իսկ հակառակ կողմից լինի թշնամաբար տրամադրված մարդկանց մի ողջ բանակ։
Ե՛կ միասին նայենք աստվածաշնչյան այն օրինակներին, երբ Աստված որոշակի մարդկանց կողմից է եղել․
- Մովսես. Աստծո հետ Նա ավելի հզոր մեկն էր, քան եգիպտական ողջ զորքը, որը խորտակվեց Կարմիր ծովում (Ելից 14.1-31)։
- Հեսու. նա տեսավ Երիքովի պարիսպների տապալումը և ի վիճակի եղավ մուտք գործելու Աստծո խոստացած կաթ ու մեղր բխող երկիրը (Հեսու 6.1-27):
- Գեդեոն. նա հաղթեց օտարերկրյա զավթիչներին, որոնք ճնշում էին իր ժողովրդին (Դատավորաց 6.1-40):
- Դեբորա. նա կարողացավ հաղթել օտար նվաճողներին և 40 տարի խաղաղություն եղավ Իսրայելում (Դատավորաց 5.1-31):
- Դավիթ. նա տապալեց հսկա Գողիաթին, երբ նա ընդամենը մի հասարակ պատանի էր (Ա Թագավորաց 17.22-58):
- Դու նույնպես Տիրոջ շնորհիվ արդեն իսկ հաղթանակ ունես այն իրավիճակում, որը քեզ ճնշում կամ ուժասպառ է անում։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ մոռացիր, որ քո հոգու թշնամին՝ սատանան, ստախոս է։ Նա ցանկանում է համոզել քեզ, որ դու մենակ ես մնացել և որ Աստված մտահոգված չէ քո խնդրիներով։ Նա ուզում է այնպես անել, որ կասկածես Աստծո սիրուն և Տիրոջ կենդանի ներկայությանը քո կյանքում։ Ավելին, նա քեզ անցյալիդ հետ կապված մտքեր է ուղարկում՝ կրակոտ նետեր, որպեսզի քեզ ինքնամեղադրանքի մեջ գցի։
Հիշի՛ր այս խոսքերը, որ Աստված է քեզ ասում. «Ես այստեղ եմ, քո կողքին, և քեզ վնասողը Իմ աչքի բիբին է դիպչում… Ոչինչ չի կարող քեզ հաղթել։ Դու Իմ պաշտպանության տակ ես, Իմ աջ ձեռքը պահպանում է քեզ։ Քեզ հանդիպած բոլոր փորձություններիդ մեջ դու ավելի քան հաղթող ես Իմ Որդու՝ Հիսուսի Քրիստոսի շնորհիվ, քանի որ Նա այնքա՜ն սիրեց քեզ, որ անգամ Իր կյանքը չխնայեց քեզ համար»։
Այո՛, դու Աստծո՛ հետ ես միաբանվել, իսկ Աստված միշտ է հաղթում։
Այս շաբաթվա ընթացքում երբ անգամ թեթև անհանգստություններ կունենաս, ինքդ քեզ հիշեցրու, որ դու և Աստված միասին միշտ և ցանկացած իրավիճակում մեծամասնություն եք։
Եղի՛ր օրհնված։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը