Սիրելի՛ բարեկամ, ես հավատում եմ, որ առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին մի զորավոր փարձառություն ենք ունենալու։ Այսօր նոր շարք ենք սկսում, որը նվիրված է Աստծո Արքայությունը փնտրելու թեմային։ Հույս ունեմ, որ յուրաքանչյուրս հոգևոր առումով ավելիին ենք ձգտում և բոլորս էլ ունենք նաև ակնկալիքներ մեր կյանքի համար՝ անձնական հարաբերություններում, մասնագիտական կյանքում, առողջության կամ ֆինանսների առումով և այլն:
Միասին մենք մի զորավոր աստվածաշնչյան խոստում ենք բացահայտելու կամ վերաբացահայտելու մեզ համար, որտեղ Տեր Հիսուսը հիշեցնում է մեզ, որ մեր բոլոր խնդիրների լուծումը և երազանքների իրականացումը միայն Տեր Աստծո մեջ է.
Ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33):
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այսօր ուզում եմ կենտրոնանանք հենց փնտրելու վրա, և առաջարկում եմ անկեղծորեն ինքդ քեզ պատասխանես այս հարցին՝ իսկ դու ի՞նչ ես փնտրում այս կյանքում:
Արդյոք ձգտո՞ւմ ես․․․
- Ունենալ հավասարակշռված և երջանիկ ամուսնություն,
- Դաստիարակել երեխաներիդ՝ այնպես, որ նրանք ճանաչեն Տեր Հիսուսին ու նվիրվեն Նրան,
- Հաջողվել աշխատանքիդ մեջ ու մասնագիտական գործերում,
- Խորացնել մտերմությունդ ընկերներիդ հետ,
- Աջակցել ընտանիքիդ անդամներին…
Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր մարդ ձգտում է լինել երջանիկ ու ապրել բավարարված կյանքով։
Այս ամենը ճիշտ է, լավ է և Աստծո կամքի սահմաններում։ Նա քաջալերում է քեզ և ուզում է, որպեսզի Իր սիրելի զավակը մուտք գործի այդ օրհնությունների մեջ: Սակայն դեպի այս կյանքի օրհնություններ տանող ճանապարհի սկիզբը Աստծո կամքի օրհնության դարպասն է: Եթե նախ չմտնես այդ դարպասով, երբե՛ք չես կարող ընթանալ դեպի կյանքի օրհնություններ տանող այդ ճանապարհով։
Հաճախ մեզ թվում է, թե երջանկությունը կախված է արտաքին բաներից և որոշվում է կյանքի հանգամանքներով ու իրավիճակներով։ Հոգու խորքում շատերն այսպես են մտածում. «Հենց ունենամ դա կամ ստացվի այսինչ բանը, անհամեմատ ավելի երջանիկ կլինեմ…»: Բայց Աստված ուզում է մեզ սովորեցնել, որ երջանկության միակ աղբյուրը Ինքն է: Ահա թե ինչու մենք պետք է նախ փնտրենք Աստծուն ու Նրա կամքի գերիշխանությունը մեր կյանքում։
Իսկ հետո արդեն կսկսի գործել քո կյանքի մյուս բաների համար հոգ տանելու Նրա խոստումը։
Տեր Հիսուսն Իր առաջին քարոզի հենց սկզբում, որն անվանում են «Լեռան քարոզը», Նա ինն անգամ օգտագործում է «երանի՜» բառը, որը հունարեն բնագրում «մակարիոս» բառն է, որը նաև կրում է «երջանիկ լինել» իմաստը: Երանությունը մի վիճակ է, որը հնարավոր է վերապրել միայն, երբ մարդու հոգին խորը և մտերիմ հարաբերության ու հաղորդակցության մեջ է Արարիչ Աստծո հետ:
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, եթե դու Նրա աշակերտն ես, եթե կյանքդ նվիրել ես Աստծո կամքը ճանաչելուն և Նրա Արքայությունը փնտրելուն, ապա դու ամբողջությամբ լցված ես Նրանով և ամբողջական ես միայն Նրա մեջ (տե՛ս Կողոսացիս 2.10 խոսքը)։
Դու Նրա մեջ ես ապրում, շարժվում և կաս (տե՛ս Գործք 17.28 խոսքը):
Ես հորդորում եմ քեզ մեծ փափագով փնտրել Աստծուն և նաև թույլ տալ, որ Նա գտնի քեզ:
Եվ հետաքրքիրն այն է, որ թեև Աստված առաջարկում է մեզ՝ նախ փնտրել Իրեն, Իր Արքայությունն ու արդարությունը․ իրականում, Նա հե՛նց առաջինն է փնտրել ու գտել մեզ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը