January 1

Գլխավոր | Հրաշքներ | Շնորհքը անձնավորություն է

Շնորհքը անձնավորություն է

Սիրելի՛ բարեկամ, իմ կողմից, իմ ընտանիքի, «Քո հրաշքն՝ ամեն օր» ծառայության ողջ անձնակազմի և Էջմիածնի Էմմանուել ավետարանական եկեղեցու բոլոր հավատացյալների անունից ընդունի՛ր մեր շնորհավորանքներն ու օրհնության բարեմաղթանքները Քրիստոսի ծննդից հետո 2022 թվականի գալուստի կապակցությամբ։

Այսօր հատուկ ուզում եմ քո ուշադրությունը կենտրոնացնել հետևյալ ճշմարտության վրա․ ինձ և քեզ համար՝ որպես Հիսուսի աշակերտների, Սուրբ Ծնունդը հնարավորություն է նշելու Աստծո ողորմությունն ու շնորհը, որոնք ամեն առավոտ նոր են և թարմ: Հուսով եմ՝ ծանոթ ես այս հայտնի երգի բառերին․

«Լուռ գիշեր, սուրբ գիշեր,

Ծով ու ցամաք քնով են խաղաղ,

Մեղմ կփայլի աստղը Բեթղեհեմի,

Եվ հեռուեն շատ աչքեր կգրավի,

Հոն ուր Փրկիչը ծնավ»։

Սուրբ Ծննդյան հրաշքը Տեր Հիսուսի մարմնավորման հրաշքն է: Հոգևոր բառապաշարի այս փոքր-ինչ տարօրինակ բառը նշանակում է, որ հենց Աստված Ինքը մարդ դարձավ, որպեսզի մեզ հետ լինի մեր իրականության մեջ, որպեսզի մեզ հասանելի կերպով հայտնի Հայր Աստծո կամքը, ցույց տա փրկության ճանապարհը և Իր կյանքով վճարի մեր փրկագինը:

«Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 1․14)

Սուրբ Ծնունդը հասկացություն չէ: Սուրբ Ծնունդը փիլիսոփայության, վարդապետության և նույնիսկ աստվածաբանության տոն չէ:

  • Սուրբ Ծնունդը անձնավորություն է։
  • Աստծո Շնորհը անձնավորություն է։
  • Ճշմարտությունը անձնավորություն է։
  • Ճանապարհը անձնավորություն է։
  • Կյանքը անձնավորություն է։

Տեր Հիսուսի անհատականության մեջ մենք մուտք ենք ստանում դեպի Տեր Աստծո՝ մեր երնային Հոր անսահման սերը։ Հրաշալի է Աստվածաշունչ սերտելը, հիասքանչ է ուսումնասիրել աստվածաբանությունը և շատ օգտակար է աստվածաշնչյան խոսքեր ու հատվածներ անգիր իմանալը։ Բայց դա երբեք չի փոխարինի Տեր Հիսուսի անձի հոգևոր առեղծվածին, Ով Աստծո Խոսքն է՝ մարմնացած Խոսքը։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Աստված չեկավ մեզ միայն ճիշտ վարդապետություն կամ կարևոր հոգևոր գիտելիք փոխանցելու։ Նա եկավ, որպեսզի անձամբ Իրեն տա՝ հանուն մեր փրկության։ Նա հենց մարմնով եկած Սերն է՝ սիրո մարմնացումը, և Նա իմ ու քո կյանքերի Փրկիչն է։

Առաջարկում եմ այս տարվա առաջին օրը միասին սկսենք՝ Նրան գովերգելով ու փառաբանելով։

Հ․Գ․ Հրավիրում եմ քեզ միանալ «Լուռ գիշեր․․․» անունը կրող այս հրաշալի երգի երկրպագությանը, որը կարող ես լսել հետևյալ հղման միջոցով՝
https://youtu.be/HlktDMrHNzw

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: