Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ Տեր Հիսուսի հանդեպ քո հավատքը անգին գանձ է, եթե ոչ ամենակարևոր բանը, որ ունես քո կյանքում։ Հավատքը ոչ միայն բացում է Երկնքի դռները քո առջև, այլև օգնում է քեզ հաղթահարելու դժվարություններն այս Երկրի վրա։
Ես շատ հաճախ եմ լսում այսպիսի խոսքեր․ «Իմ մեծագույն խնդիրն այն է, որ դժվարությունների ժամանակ ես սկսում եմ կասկածել և հավատքս չի բավականացնում»։ Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, եթե այս միտքը նաև քեզ է բնորոշ, ապա ուզում եմ քեզ քաջալերել հետևյալ աստվածաշնչյան խոսքով․ «Որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը» (Ա Հովհաննես 5․4)։
Տեր Աստված քո Հայրն է, և քո հավատքը Ամենակարող Աստծո հանդեպ քեզ թույլ կտա նորից ու նորից հաղթանակներ ունենալ քո կյանք այցելած բոլոր դժվարությունների նկատմամբ թե՛ այսօր և թե՛ ապագայում։
Այս տարին ավարտի՛ր առանց կասկածների ու վախերի։ Անորոշության ու վախի ժամանակներում հռչակի՛ր քո հավատքն այն միակ Աստծու հանդեպ, Ում դու սիրում ես․․․ Արարիչ Աստծու, Ում ձեռքերում է քո կյանքը։ Եվ թող ամեն ինչ գործակից լինի քո բարիքի համար, ինչպես ասվում է Հռոմեացիս 8․28 խոսքում․ «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով»։
Քո հավատքը այն վահանն է, որն ունակ է հանգցնելու չարի բոլոր կրակոտ նետերը (Եփեսացիս 6․16)։ Հավատքդ լսելուց է, լսելը՝ Աստծո Խոսքից (Հռոմեացիս 10․17)։ Այսպիսով, Աստծո կենդանի Խոսքը սնուցում է քո հավատքը, որով կարող ես տեղափոխել քո ճանապարհին կանգնած սարերը։
Որոշում կայացրո՛ւ հենց այս օրերին մտերմանալ Աստծո Խոսքի հետ, Աստվածաշունչը դարձնել քո կյանքի անբաժան ուղեկիցը և քո հանապազօրյա հոգևոր հացն այնտեղից վերցնել ամեն Աստծո օր։ Եվ թո՛ղ այս տարին քեզ համար ավարտվի ամուր հավատքի և առ Աստված անսասան վստահության հաղթանակներով։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը