Սիրելի՛ բարեկամ, այսօր ավարտում ենք «Պատրաստվելով Սուրբծննդյան տոներին․․․» անվանումը կրող շարքը։ Եվ ուզում եմ հստակ իմանաս, որ Երկինքը բաց է քեզ համար։ Երկինքը բաց է, որպեսզի այնտեղից Տիրոջ շնորհքն ու օրհնությունները հեղվեն հե՛նց քո կյանքի համար։ Երկնքից Աստծո օրհնությունների առատ անձրևներն են թափվում քո երազանքների իրականացման ու կյանքի բժշկության համար։
Եթե միայն համապատասխանես Աստծո խոստումների մեջ առկա պայմաններին․․․ Եթե միայն փափագ ունենաս դառնալու հե՛նց այնպիսի հավատացյալ, ինչպիսին Տեր Հիսուսն է ուզում քեզ տեսնել․․․ Անկա՛խ նրանից, թե ինչպիսի մարտահրավերների առաջ ես կանգնած, անկա՛խ քո ճանապարհին հայտնված դժվարություններից, Աստված հոգ է տանելու քեզ համար։ Նա քեզ կվերցնի Իր թևերի տակ, և եթե դու Նրա հետ ես, ապա քո բոլոր ծրագրերը հաջողվելու են ճիշտ այնպես, ինչպես որ քո հոգևոր կյանքն է հաջողված։
«Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ»։
Սա հոգևոր սկզբունք է։ Հոգևոր մարդը ավելի շատ մյուսների մասին է մտածում, քան իր։ Արարիչ Աստված հոգում և օրհնում է քո կյանքը, որպեսզի դու էլ հոգ տանես և օրհնություն դառնաս մյուսների համար։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այսօր ջանք արա՛ լինելու ինչ-որ մեկի օրհնությունը՝ եղբորդ, քրոջդ, աշխատակցիդ, ընկերոջդ կամ հարևանիդ համար։ Ասա՛ ինչ-որ մեկին մեր ուղերձների ամենակարևոր խոսքերը․ «Շնորհակալ եմ, որ դու կաս»։
Տեր Աստծո համար քո լավագույն նվերը կլինի, եթե Նրա երկնային օրհնությունների անոթը դառնաս՝ քո կյանքի խաղաղության և թարմության անձրևը փոխանցելով քո շրջապատի մարդկանց։
Կարո՞ղ ես ինձ հետ միասին աղոթել այս աղոթքը․ «Տե՛ր Աստված, ես ուզում եմ լինել Քո Արքայության օրհնությունները իմ շրջապատի մարդկանց փոխանցող մի անոթ։ Գիտեմ, Տե՛ր, որ Քեզ հետ ես հաջողության կհասնեմ և օրհնված կլինեմ։ Բայց իմ խնդրանքն է Քեզ, որպեսզի ինձ օգտագործես մյուսների համար օրհնություն լինելու գործում։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը