December 15

Գլխավոր | Հրաշքներ | Դարձի՛ր Աստծո սիրո հեղման միջոցը

Դարձի՛ր Աստծո սիրո հեղման միջոցը

Սիրելի՛ բարեկամ, այսօր ևս շարունակում ենք «Պատրաստվելով Սուրբծննդյան տոներին․․․» անվանումը կրող շարքը։

Սիրո կարևորագույն դրսևորումներից մեկը ներողամտությունն է։ Ներելու ունակությունը անբաժանելիորեն կապված է սիրո առկայության հետ։ Եթե մարդը սիրում է որևէ մեկին, ապա ձգտում է արդարացնել տվյալ մարդու սխալները և ոչ միայն ինքն է ներում, այլև վրդովվում է, եթե մյուսները այդ մարդուն ներելու դժվարություններ են ունենում։

Տեր Հիսուսը սիրո կատարյալ մարմնացումն է և ներողամտության մեծագույն դրսևորումը։ Ահա, թե ինչպես էր Նա աղոթում Իրեն մեծագույն ցավ պատճառող մարդկանց համար․ «Եվ երբ այն տեղը եկան, որ Գագաթ էր կոչվում, այնտեղ Նրան խաչեցին. և չարագործներին էլ. մեկին՝ աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը։ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։

(Ղուկաս 23:33-34)

Հավատում եմ, որ մեր Տիրոջ համար լավագույն Սուրբծննդյան նվերը կարող է լինել այն, որ Նա տեսնի մեր մեջ Իր մասնիկը՝ ներող, ներողամիտ, սիրուց բխած վերաբերմունքով ոչ միայն մեր մտերիմների ու հարազատների հանդեպ, այլև անգամ մեզ չարիք կամեցող մարդկանց պարագայում։ Հավատում եմ, որ Նրա սիրտը կլցվի ցնծությամբ, եթե մենք ապրենք՝ սիրելով մարդկանց․․․ սիրելով մեզ չսիրողներին, սիրելով նրանց, որոնց ոչ ոք չի սիրում, սիրելով այնպիսի սիրով, որը կարտացոլի մեր երկնային Հոր սերը նրանց նկատմամբ։ 

Սիրուց բխած ներելը ոչ միայն Տեր Հիսուսի բնույթն էր, այլև Նրա պատվիրանը։ Կարծում եմ բոլորս էլ ծանոթ ենք Տերունական աղոթքի տողերին, սակայն քչերն են գիտակցում, որ այդ աղոթքի մեջ ներման խնդիր ունեցող մարդիկ, ամեն անգամ այս հրաշալի աղոթքով աղոթելիս, Տեր Աստծուց բառացիորեն խնդրում են, որպեսզի Ամենակարող Տերը չների իրենց մեղքերը։ Եկեք ընթերցենք մի հատված այդ ամենահայտնի աղոթքից և պարզ կդառնա, թե ինչու եմ այսպես ասում․ «Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին»։

(Մատթեոս 6․12)


Արդյոք ներման խնդիր ունեցող մարդը այս աղոթքի մեջ չի՞ խնդրում, որպեսզի Աստված ների իրեն այնպես, ինչպես ինքն է ներում իր հանդեպ հանցանք գործողին։ Անշուշտ, դա հենց այդպես է։ Եթե մենք Տեր Աստծուց ստացել են Նրա սիրուց բխած ամենաթանկ զոհի՝ Տեր Հիսուսի Քրիստոսի խաչի մահվան արդյունքում մեզ համար պատրաստված ներումը, ապա ինչպե՞ս կարող ենք չներել այն մարդկանց, որոնք ցավ ու տառապանք են պատճառել մեզ և անգամ մեր դժբախտության պատճառ դարձել։

Եվ ընթերցենք նաև Տերունական աղոթքից անմիջապես հետո Տեր Հիսուսի փոխանցած անխախտ ճշմարտությունը․ «Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները»։

(Մատթեոս 6․14-15)

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, գիտեմ, որ կան պարագաներ, երբ ներելը գրեթե անհնարին մի բան է թվում։ Կան իրավիճակներ, երբ ցավը խեղդում է քեզ ու միայն դրա մասին հիշողությունը սեղմում է կոկորդդ այնպես, որ կորցնում ես շնչելու կարողությունդ։ Սակայն Տեր Հիսուսը մեզ նման ցավ պատճառած մարդկանց ներելու բանալին է մեզ փոխանցում․ «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։

Թո՛ղ այս աղոթքը դառնա մեր սիրո ու ներողամտության հիմքը մեր հանդեպ հանցանք գործած մեր պարտապանների նկատմամբ։ Թո՛ղ մենք մոտենանք Սուրբծննդյան տոներին մեր փոխված սրտով։ Եվ թող Աստված օգտագործի մեզ Իր սերն ու բարությունը մյուսներին հայտնելու գործում։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: