Եսայիի մարգարեությունը գալիք Մեսիայի մասին ասում է. «Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան» (Եսայի 9.6):
Պատերազմով և բռնությամբ լի աշխարհում դժվար է հասկանալ, թե ինչպես Հիսուսը կարող է լինել և՛ մարդկության պատմության ամենակարող Աստվածը, և՛ խաղաղության մարմնացումը: Բայց ֆիզիկական անվտանգությունն ու քաղաքական ներդաշնակությունը պարտադիր չէ, որ արտացոլեն այն խաղաղությունը, որի մասին Նա խոսում է (Հովհաննես 14.27):
Եբրայերեն «շալոմ» բառը, որը նշանակում է խաղաղություն, հաճախ օգտագործվում է անհատների, խմբերի և ժողովուրդների արտաքին հանգստություն իմաստով։ Հունարեն խաղաղություն բառը՝ «էյրինի», նշանակում է միասնություն և ներդաշնակություն: Սա այն խոսքն է, որ Պողոսն օգտագործում է Նոր Կտակարանի եկեղեցու նպատակը նկարագրելու համար: Բայց խաղաղության ավելի խորը, հիմնարար իմաստը հոգևոր ներդաշնակությունն է, որն առաջանում է Աստծո հետ մարդու հարաբերությունների վերականգնման արդյունքում:
Մեր մեղավոր վիճակում մենք Տիրոջ թշնամիներն ենք (Հռոմեացիներ 5.10): «Բայց Աստված ապացուցում է իր սերը մեր հանդեպ այն փաստով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավոր էինք» (Հռոմեացիներ 5.8): Հիսուսի զոհաբերության միջոցով մենք վերականգնում ենք Աստծո հետ խաղաղության մեր հարաբերությունները (Հռոմեացիներ 5.1): Դա խորը, անփոփոխ խաղաղություն է մեր սրտերի և մեր Արարչի միջև, որը հնարավոր չէ խլել (Հովհաննես 10.27-28) և որը Քրիստոսի ՝ որպես «Խաղաղության իշխանի» դերի բարձրագույն դրսևորումն է:
Բայց Նրա զոհաբերությունը մեզ տալիս է ավելին, քան հավերժական խաղաղություն: Այն նաև թույլ է տալիս հարաբերություններ ունենալ Սուրբ Հոգու՝ Օգնականի հետ, ով խոստանում է մեզ առաջնորդել (Հովհաննես 16.7,13):
Բացի այդ, Սուրբ Հոգին արտահայտվում է մեր մեջ նրանով, որ Նրա օգնությամբ մենք ապրում ենք այնպես, ինչպես չենք կարող ինքնուրույն ապրել, ընդ որում մեր կյանքը լցնելով սիրով, ուրախությամբ և խաղաղությամբ (Գաղատացիներ 5.22-23): Այս սերը, ուրախությունը և խաղաղությունը Սուրբ Հոգու առկայության արդյունքն է հավատացյալի կյանքում: Դա Նրա ներկայության արտացոլումն է մեր մեջ: Եվ չնայած դրա ամենախորը, կենսական արդյունքն այն է, որ մենք ապրում ենք սիրո, ուրախության և խաղաղության մեջ Աստծո հետ, այնուամենայնիվ դա չի կարող չանդրադառնալ մարդկանց հետ մեր հարաբերությունների վրա:
Եվ դա մեզ խիստ անհրաժեշտ է, մանավանդ որ Տերը մեզ կոչ է անում միաբանության մեջ ապրել այլ հավատացյալների հետ՝ խոնարհությամբ, հեզությամբ և համբերությամբ՝ «խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով, ջանալով Հոգու միությունը խաղաղության կապով պահել» (Եփեսացիս 4.1-3): Այս միաբանությունը հնարավոր չէր լինի, եթե մեր մեջ Սուրբ Հոգին չգործեր և չլիներ այն խաղաղությունն Աստծո հետ, որ մենք ունենք Նրա Որդու զոհաբերության միջոցով:
Զարմանալի է, որ խաղաղության ամենահեշտ սահմանումը` մարդու մեջ թվացյալ հանգստությունը, կարող է լինել ամենադժվարը հասկանալու և իրագործելու առումով: Եվ եթե մյուս հավատացյալների հետ միաբանության մեջ ապրելը կարող է չափազանց դժվար, բայց հնարավոր լինել, ապա ինքդ քեզ հետ խաղաղ ապրելը շատ հաճախ կարող է անհնար թվալ: Բայց Աստծո և ուրիշների հետ իսկական հոգևոր խաղաղություն գտնելու կամ պահպանելու համար մեզանից ջանք չի պահանջվում (Եփեսացիս 2.8-9):
Ուշադրություն դարձնենք, որ «խաղաղություն» չի նշանակում «դժվարությունների բացակայություն»: Հիսուսը դա երբեք չի խոստացել: Նա միայն օգնություն է խոստացել: Իրականում, Նա ասաց, որ մեզ սպասում են նեղություններ (Հովհաննես 16.33) և փորձություններ (Հակոբոս 1.2): Բայց Քրիստոսը նաև ասաց, որ եթե մենք կանչենք Նրան, Նա մեզ կտա «Աստծո խաղաղությունը, որն ամեն հասկացողությունից վեր է» (Փիլիպպեցիս 4.6-7): Անկախ նրանից, թե ինչ դժվարությունների ենք հանդիպում, մենք կարող ենք խաղաղություն խնդրել, որը գալիս է Աստծո ուժեղ սիրուց, որն անպայմանական է և կախված չէ մեր սեփական ուժերից կամ մեզ շրջապատող հանգամանքներից:
Նյութի աղբյուրը` Bible Questions Answered: